«Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։
-Պարոն Ղուկասյան, Նիկոլ Փաշինյանը մեկնեց Մոսկվա եւ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում ունեցավ ՌԴ նախագահի հետ։ Ի՞նչ են ցույց տալիս այս զարգացումները։
-Դա ԱՊՀ-ի արարողակարգային միջոցառում էր, մի քանի օր առաջ արտգործնախարարներն էին հավաքվել, հիմա պետության ղեկավարները։ Դրանք ԱՊՀ գրաֆիկով տեղի ունեցող հանդիպումներ են։ Եվ հայտարարություններից պարզ է, որ օրակարգը Ռուսաստանի առաջարկած օրակարգն էր՝ կոնսոլիդացիա Ռուսաստանի շուրջ, Ուկրաինայի դեմ ագրեսիայի շուրջ։ Ուղիղ բառերով դա չի հայտարարվում, բայց բոլոր ընդունած փաստաթղթերի մեջ դա կա։
-Տեղեկություն եղավ, որ Կրեմլում նախատեսվում էր եռակողմ ձեւաչափով հանդիպում, սակայն տեղի չունեցավ։ Առաջիկայում Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ձեւաչափով հանդիպում կարո՞ղ է լինել։
Կարդացեք նաև
-Դժվարանում եմ կանխատեսում անել, որովհետեւ մութ կողմերը շատ են։ Բայց Ռուսաստանը հստակ մեսիջ ուղարկեց, որ հայ-ադրբեջանական բանակցություններն իր հսկողության տակ են անցնում՝ կողմերը քայլերը համաձայնեցնում են Ռուսաստանի հետ։
–Պեսկովը հայտարարեց, որ Փաշինյանի եւ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ Պուտինը քննարկել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը։ Սա ի՞նչ է նշանակում։
-Միգուցե եւ քննարկել է, Պեսկովը շատ անորոշ ասաց, հավանաբար ադրբեջանական լսարանի համար էր։
-Հնարավոր համարո՞ւմ եք առաջիկայում այս հարթակում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ որեւէ փաստաթղթի ստորագրում։
-Այդ ֆորմատում կարելի է ստորագրել միայն Միութենական պետությանն անդամակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի որոշումը։ Այլ բան ակնկալել դժվար է։
-Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեկ ամսվա ընթացում հայկական կողմը պատրաստ է ստորագրել «խաղաղության պայմանագիրը»։ Որեւէ հարթակում փաստաթուղթ կստորագրվի՞ մինչեւ COP29-ը։
-Փաշինյանը պահում է այդ դիրքորոշումը, որ Հայաստանը պատրաստ է, Ադրբեջանը խանգարում է։ Ակնհայտ է, որ խաղաղության պայմանագիր չի կարող լինել։ Ես համարում եմ, որ հավանականությունը շատ ցածր է, դրա համար կան լրջագույն քաղաքական պատճառներ։ Մասնավորապես, կնքել պայմանագիր ներկա ձեւաչափով ԵԱՀԿ հովանու ներքո, ենթադրում է, որ այդ պայմանագիրը, բացի Հայաստանից ու Ադրբեջանից, պետք է հավանության արժանանա եւս 9 պետության կողմից։
Այնտեղ երկու ճամբար կա, մեկը Թուրքիան, Ռուսաստանն ու Բելառուսն են, որոնք աջակից են հայերի էթնիկ զտմանը Արցախում։ Իսկ մյուս ճամբարը՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Շվեդիան եւ Ֆինլանդիան կանգնած են ավանդական դիրքերի վրա՝ Մինսկի խմբի համանախագահների վերջին առաջարկների, որոնց հիմքում միջազգային զորքերի տեղակայումն է Արցախում, միջազգային կառավարում ներկա պայմաններում, հանրաքվե, Լաչինի միջանցքի նկատմամբ միջազգային վերահսկողություն։ Եվ, իհարկե, փախստականների վերադարձ։ Այս սկզբունքները շարունակում են Արեւմուտքի ճամբարի համար մնալ խաղաղ կարգավորման գլխավոր սկզբունքներ։ Ադրբեջանը դրա հետ համաձայն չէ, դրա համար խաղաղության պայմանագիր չի կնքվում։ Որպես այլընտրանքային տարբերակ, փորձում են երկկողմանի ֆորմատ առաջ քաշել, բայց ձեւաչափը փոխելու համար էլ է անհրաժեշտ Արեւմուտքի համաձայնությունը։ Դրա համար հարկավոր է, որ ԵԱՀԿ-ն չեղարկի Մինսկի խմբի եռակողմ համանախագահների մանդատը։ Դա քիչ հավանական է կամ կարող է տեղի ունենալ, եթե երկկողմ հարաբերությունների շրջանակում այնպիսի լուծումներ Ադրբեջանը եւ Հայաստանը համաձայնեցնեն, որոնք լիարժեք կվերականգնեն արցախահայության իրավունքները, ներառյալ ինքնորոշման իրավունքը։ Հիմնական մեխը ինքնորոշման իրավունքն է, որին, այսօր տեսնում ենք, որ դեմ են ոչ միայն Ադրբեջանը, Թուրքիան եւ Ռուսաստանը, այլ նաեւ Հայաստանի իշխանությունները։ Դրա մասին 2022 թվականի ապրիլին խոսեց Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ հարկավոր է Արցախի հարցում նշաձողը իջեցնել։ Դա նշանակում է, որ ինքն ու իր կառավարությունը որոշեցին հրաժարվել Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունից, այսինքն՝ մերժել Արցախի ինքնորոշման իրավունքը։ Եվ տեսանք, թե ինչի դա հանգեցրեց։
Հիմա փակուղու մեջ են բոլոր այդ դավադիր գործընկերները, իրենց ծրագիրը մտել է փակուղի, դրա համար հավաքվում են, բողոքում սանկցիաներից, ինչ-որ հայտարարություններ են ընդունում, որ հանցագործներին պատժել չի կարելի։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ