«Մենք շարունակում ենք պեղումները վանական համալիրի տարածքում, նաեւ տնտեսական նշանակության սենյակներ են բացվել, իսկ երկու եկեղեցիների գավիթների պեղումներն արդեն ավարտել ենք: Սենյակներից մեկում երկու հոր կա, որոնց մեջ հավանաբար հացահատիկ են պահել: Այդ սենյակում թոնիր է բացվել, այսինքն՝ այդտեղ հաց են թխել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի միջնադարյան հնագիտության բաժնի վարիչ , պատմական գիտությունների թեկնածու Դիանա Միրիջանյանը՝ անդրադառնալով Լանջանիստ գյուղի Սպիտակ Վանք համալիրում Մասյացոտնի թեմի նախաձեռնությամբ՝ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի արշավախմբի իրականացրած պեղումների ընթացքին:
«Հիմա շարունակում ենք հաջորդ սենյակի պեղումները, տեսնենք, թե ինչ նոր բաներ կբացահայտվեն: Հետաքրքիր բացահայտումներից է դամբարանը, որը բացվել է Սպիտակ վանքի հարավային կողմում: Դա առանձին կառույց է, որտեղ երկու հոգի են թաղված: Երեւում է՝ սոցիալական բարձր դիրք ունեցող մարդիկ են, որոնց համար հատուկ կառույց է արվել եւ արեւելյան մասում խաչքար է կանգնեցվել, որը պահպանվել է, պահպանվել են նաեւ երկու տապանաքարերը, կառույցի հիմքերը…
Կարդացեք նաև
Ունենք խեցեղեն գտածոներ, որոնց ուսումնասիրությամբ ավելի հստակ կլինի մարդկանց կենցաղը՝ ինչպես են ապրել, ինչով են սնվել եւ այլն: Առայժմ շարունակում ենք պեղումները, եղանակն առայժմ շատ լավ է: Մասյացոտնի թեմի առաջնորդն էլ մեզ ամեն ինչով աջակցում է»,-հավելեց մեր զրուցակիցը:
Հնագետը խոսեց նաեւ գտնված ձկան պատկերով ջնարակած խեցեղենի բեկորից. «Դա բնորոշ է 14-րդ դարին: Այդ ժամանակաշրջանում նմանօրինակ ջնարակապատ անոթներ շատ կային»:
Դիանա Միրիջանյանը նաեւ հավելեց. «Մնացածը կենցաղում օգտագործվող անոթներ են, որոնք ուսումնասիրությամբ կհստակեցվեն: Պարզ է, որ մարդիկ վանականներ են եղել, շատ ճոխ խեցեղեն չեն օգտագործել: Ինչպես արդեն նշեցի, պեղումները շարունակվում են: Հստակ երեւում է, որ մեծ վանական համալիր է՝ 2 եկեղեցիներով, գավիթներով, դամբարանով եւ կից օժանդակ տնտեսական նշանակության կառույցներով»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները Դիանա Միրիջանյանի ֆեյսբուքյան էջից