Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատիվ ունեմ»-ի դիրքորոշումը ՍԴ որոշման մասին հայտնի է. մնացածը՝ հաջորդիվ. Հայկ Մամիջանյան

Հոկտեմբեր 09,2024 17:16

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների կանոնակարգը ՀՀ սահմանադրությանը չհակասող գնահատելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը արդեն ուղարկվել է Ազգային ժողով:

Գլխավոր դատախազության առջեւ այսօր «Սրբազան պայքարի» հրավիրած հավաքի ժամանակ Aravot.am-ը ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանից հետաքրքրվեց, թե դրա հետ կապված ընդդիմադիր խմբակցությունները ի՞նչ են պատրաստվում անել Ազգային ժողովում:

«Պատիվ ունեմ» խմբակցության դիրքորոշումը այդ փաստաթղթի հետ կապված արտացոլված է «Հանրապետական» կուսակցության գործադիր մարմնի հայտարարության մեջ, որը շուրջ մի ամիս առաջ կուսակցությունը հրապարակել է: «Պատիվ ունեմ» խմբակցությունը հանձնաժողովային աշխատանքներին, հանձնաժողովների նիստերին չի մասնակցում եւ, կարծում եմ, այս դեպքում էլ բացառություն չի լինի: Իսկ լիագումար նիստերի դահլիճում մեր դիրքորոշումը ակնհայտ է, որ բացասական է լինելու, բայց թե որ գործիքը կընտրվի այդ դիրքորոշումը հայտնելու համար, կասենք հաջորդիվ»,-պատասխանեց պարոն Մամիջանյանը:

Հարցին, թե, այնուամենայնիվ, գրեթե կասկած չկա, որ իշխանական խմբակցությունը միանձնյա որոշում կկայացնի եւ կհաստատի ՍԴ-ի այդ փաստաթուղթը, հետեւաբար, ավելի ճիշտ չի՞ լինի, որ ընդդիմադիր պատգամավորները մինչ այդ վայր դնեն մանդատները, խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Ես այդ հարցին պատասխանում եմ մոտավորապես 1300-րդ անգամ: «Պատիվ ունեմ» խմբակցության, «Հանրապետականի» համար այդ մանդատը երբեւէ չի եղել ինքնանպատակ եւ բացի նրանից, որ արտացոլում է մեր քաղաքացիների ձայները, այլ որեւէ արժեք չունի: Այն գործիքներից մեկն է, որ օգտագործվում է պայքարի ընթացքում: Եթե պայքարին, մեր համընդհանուր գործին դրանից հաջողություն կլինի, մենք պատրաստ ենք ցանկացած զարգացման: Բայց եւս մեկ անգամ արձանագրում եմ, որ դրան որեւէ իրավական հետեւում՝ պառլամենտի լուծարում կամ սահմանադրական ճգնաժամ, չի հետեւելու:

Ինչ վերաբերում է քաղաքական ճգնաժամին, ապա իշխանությունները արդեն մի քանի անգամ ասել են, թե ինչ են անելու: Այսինքն, շարունակելու են գործել միակուսակցական պառլամենտով: Իսկ եթե մենք ակնկալում ենք գնահատականներ միջազգային կառույցներից, կարծում եմ, արդեն իսկ առկա են բազմաթիվ հիմքեր՝ գնահատականներ հնչեցնելու, երբ մեր երկրում տասնյակներով քաղբանտարկյալներ կան, անդադար քրգործեր են հարուցվում, Ազգային ժողովի իշխող մեծամասնությունը կամայականություններ է իրականացնում: Եթե արձանագրելու կամ արձագանքելու լինեին, դրանց կարձագանքեին»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031