Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցիչների ղեկավար անձանց մասնակցությամբ քննարկվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման ռազմավարությունը

Հոկտեմբեր 09,2024 16:21

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ ՀՀ-ում տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցիչների և միջազգային կառույցների ղեկավար անձանց մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում, որի շրջանակում ներկայացվել  է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը։

Քննարկմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ֆլորենս Բաուերը։

Իր ելույթում նախարար Մկրտչյանը խոսել է ժողովրդագրության ռազմավարության մշակման առանցքային նպատակի, հիմնական ուղղությունների և սահմանված գերակայությունների մասին՝ մանրամասնելով ռազմավարական 4 նպատակների ուղղությամբ նախատեսվող աշխատանքները։ Նարեկ Մկրտչյանը նաև նշել է, որ ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծման, ծնելիության մակարդակի բարձրացման, ակտիվ և առողջ ծերության պայմանների ապահովման, ինչպես նաև էմիգրացիայի հանգեցնող դրդապատճառների նվազեցման ու բարձր որակավորում ունեցող մարդկային կապիտալի ձևավորման ուղղություններով նախատեսվում է իրականացնել շուրջ 190 միջոցառում։

«Ավելի քան երկու տարի է, ինչ աշխատում ենք այս փաստաթղթի վրա, որի մշակման գործում մասնակցություն են ունեցել նաև հեղինակավոր մի շարք հետազոտական կենտրոններ։ Բավականին արդյունավետ քննարկումներ ենք ունեցել նաև գործընկեր տարբեր գերատեսչությունների հետ․ արդյունքում՝ ստացել ենք ավելի քան 700 առաջարկ, որոնք հիմնականում հաշվի են առնվել և ներառվել են ռազմավարությունում։ Այսօր ունենք մի փաստաթուղթ, որում ամրագրված է ՀՀ առաջիկա տասնամյակների համար կայուն և հավասարակշռված բնակչություն ունենալու տեսլականը»,- նշել է նախարարը։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ֆլորենս Բաուերը ևս իր ելույթում ընդգծել է Ժողովրդագրության ռազմավարության մշակման կարևորությունը՝ նշելով, որ փաստաթուղթը կարող է լավ օրինակ լինել այլ երկրների համար ևս։

«Այս ռազմավարության մեր տեսլականը հստակ է՝ բնակչության հավասարակշռված և կայուն կառուցվածք, որը նպաստում է մարդկային ներուժի երկարաժամկետ զարգացմանը և բարձրացնում է կյանքի որակը բոլորի համար։ Այս տեսլականը ոչ միայն համահունչ է Հայաստանի առջև ծառացած հիմնական մարտահրավերներին, այլև արտացոլում է երկրի կառավարության հանձնառությունը կայուն զարգացման երկարաժամկետ նպատակներին»,- ասել է Ֆլորենս Բաուերը։

Քննարկման ընթացքում «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը ներկայացրել է ՀՀ ժողովրդագրական պատկերի բարելավման հիմնական ուղղությունները, սկզբունքները, ռազմավարական նպատակները և դրանից բխող ծրագրերն ու միջոցառումները։

Հանդիպմանը շարունակվել է պանելային քննարկմամբ, որին մասնակցել են նաև ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը և «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը․ բանախոսները նաև պատասխանել են ժողովրդագրության ռազմավարության և իրենց համակարգման ոլորտներին առնչվող հարցերի։

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031