Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական նավահանգիստը կարևոր հանգրվան է դարձել Լիբանանը լքող մարդկանց համար

Հոկտեմբեր 09,2024 15:21

«Ամերիկայի ձայն». Լիբանանից չվերթների մեծ մասը չեղարկվել է, իսկ ավիատոմսերի գները՝ կտրուկ աճել են, և նման պայմաններում թուրքական մի փոքր նավահանգիստ դարձել է կարևոր հանգրվան Լիբանանը լքող մարդկանց համար։

Թուրքիայի Մերսին նահանգի Թաշուչու նավահանգստային քաղաքում Լիբանանից ուղևորների հոսք է․ մարդիկ փախչում են Իսրայելի ռազմուժի գրոհներից և տարածաշրջանում աճող լարվածությունից:

Լաստանավի աշխատակիցների խոսքով՝ անցած շաբաթվա ընթացքում նավերով լիբանանյան Տրիպոլի քաղաքից ժամանել են ավելի քան 600 ուղևորներ՝ վերջերս եկածների ընդհանուր թիվը հասցնելով մոտ 1,300-ի։ Նախկինում այդ ընթացքում Լիբանանից թուրքական նավահանգիստ էին գալիս միջինը 50 հոգի:

Լիբանանից բազմաթիվ թռիչքներ են չեղարկվել, թանկացել են ավիատոմսերը, և նման պայմաններում լաստանավային ծառայությունը շատերի համար դարձել է երկիրը լքելու միակ հասանելի միջոցը:

Լաստանավի ուղևոր Հուսեյն Այազն «Ամերիկայի ձայնին» պատմել է. «Թռիչքներ չկան, իսկ եղածները չափազանց թանկ են։ Նվազագունը մոտ 900 դոլար արժեն: Դրա համար եկել եմ ծովով: Սա նույնպես մի փոքր թանկ է, բայց ոչինչ չեմ կարող անել»:

Լաստանավի մեկ այլ ուղևոր Սամի Ալ Քինգի հավելում է․ «Այսօր նավով եկանք Տրիպոլի նավահանգստից, որպեսզի կարողանամ թռիչք գտնել՝ Գանա վերադառնալու համար, որտեղ աշխատում եմ: Մենք այնտեղ ենք յոթ տարի։ Նման կերպ առաջին անգամ ճանապարհորդեցի։ Երկար ճանապարհ էր՝ 12 ժամ տևեց»։

Իսրայելի օդուժի հարվածներից և բանակի ցամաքային ներխուժումից, իսկ մյուս կողմից՝ հրեական պետությանը հասցված «Հեզբոլլահի» հրթիռային հարվածներից հետո հարյուր հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել Լիբանանը:

Լիբանանյան ազգային ավիափոխադրողը՝ Middle East Airlines-ը, անցած շաբաթվա դրությամբ երկրում գործող միակ ավիաընկերությունն էր։

Նման զարգացումը, սակայն, մտահոգության տեղիք է տվել Թուրքիայում, ուր անհանգստացած են փախստականների հերթական հոսքից։ Նախորդ տարիներին հարևան արաբական երկրներից Թուրքիա է տեղափոխվել ավելի քան 3,5 միլիոն մարդ։

Թաշուչուում գործող լաստանավի տնօրեն Ալի Թուրուրն ասում է, որ որոշ փախստականներ արդեն իսկ ցանկանում են տուն վերադառնալ:

«Վերջին զարգացումներից հետո՝ Իսրայելի ռմբակոծություններից հետո, ավիաընկերությունները որոշեցին չեղարկել չվերթները դեպի Բեյրութ՝ անվտանգության նկատառումներից ելնելով»,- ասում է Թուրուրը։

Սակայն ռազմական գործողությունները Լիբանանում չեն մարում, և նման պայմաններում անհայտ է, թե երբ փախստականները կկարողանան ապահով վերադառնալ իրենց տներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031