«Չեք զարմանո՞ւմ, որ մարդիկ սպասում են հոգեհանգստի, հետո հասկանում են, որ չէ, ուրիշ բան է տեղի ունեցել. ինչո՞ւ այդքան ոգեւորվեցին մեր՝ Հանրային հեռուստաընկերություն գնալու եւ մեր պահանջը կատարելուց հետո: Հարց տվեք ձեզ եւ փորձեք պատասխանը գտնել ինքներդ»,- այսօր ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ սրբազանը։ Նա պատասխանում էր հարցին՝ Հանրային հեռուստաընկերություն այցելելու առնչությամբ չդադարող քննադատությունների մասին եւ հնչող տեսակետներին, որ սրբազանի՝ Հանրային հեռուստաընկերություն գնալը իշխանությունների հետ համաձայնեցված է եղել։
Լրագրողի դիտարկմանը՝ հենց ընդդիմադիր որոշ գործիչներ են այդ մասին ասում, սրբազանն արձագանքեց. «Ես էլ հենց ընդդիմադիր կոչվածներին եմ ասում: Հա, հենց՝ ընդդիմադիր կոչվածներ։ Թող հանդարտ ու խաղաղ մնան, իրենց պատճառով է, որ ես գտնվում եմ այստեղ: Մնացածը հետո կասեմ: Առաջիկայում ես բոլոր թեմաներից կխոսեմ, կասեմ նաեւ՝ ո՞ւմ ներկայությունն ում է ձեռնտու, ինչպե՞ս է ձեռնտու, ես ի՞նչ գործ ունեմ հրապարակում»:
Հարցին՝ որեւէ ընդդիմադիր ուժ իրեն խոչընդոտել կամ խանգարե՞լ է, սրբազանը պատասխանեց. «Ինձ ոչ ոք չի կարող խանգարել: Ո՞վ պետք է խանգարի: Ինձ իմ ողջ ծառայության ընթացքում ոչ ոք չի ուղղորդել եւ չի էլ կարող ուղղորդել: Ես մեկ ուղղորդող ունեմ՝ Տեր Աստվածը եւ մեր ժողովրդի խիղճն ու ձայնը: Մնացածի մասին անպայման կխոսեմ, չեմ թողնելու՝ այսպես մնա: Ստախոսների, քաղաքական հաշվարկներ ունեցողների, այսօր տեղի ունեցող քաղաքական դաշտ կոչվածի դերակատարների, բոլորի մասին: Այս մարդու ներկայությունը իշխանության մեջ հենց այնպես չի տեղի ունեցել, եթե այն թիրախը որդեգրեին հարվածելու, այս մարդը մինչեւ հիմա չէր լինի: Շահեր կան երեւի, փոքր ու մեծ հաշիվներ կան, որը փորձում են իրականացնել: Եվ ընդհանրապես, ուզում են մեզ տանել, մտցնել մի ծուղակ՝ նախկին-ներկա, ավելի նախկին, որ այդ թակարդի միջից մարդիկ չկարողանան դուրս գալ: Նախկին-ներկա թակարդը իրենք հյուսել են եւ այս մարդիկ էլ ջանասիրաբար դա առաջ են տանում»:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ