Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասունցի Դավիթ» գորգի շոշափելի կրկնօրինակը՝ տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար

Հոկտեմբեր 09,2024 13:57

«Խոսող կտավներ» ներառական նախագծի շրջանակում տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար ստեղծվել է «Սասունցի Դավիթ» գորգի շոշափելի կրկնօրինակը՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի հավաքածուից։

1874 թ.-ին Պոլսում գրավոր առաջին անգամ հրատարակվել է «Սասունցի Դավիթ»-ը՝ հայ մեծագույն էպոսը, որը դարեր շարունակ գոյատևել է ժողովրդի հիշողության մեջ: Շոշափելի կրկնօրինակը ստեղծվել է ի հիշատակ «Սասունցի Դավիթ» էպոսի առաջին հրատարակության 150-ամյակի, Ավետիք Իսահակյանի «Սասմա Մհերը» պոեմի 105-ամյակի: Այս եզակի գորգը ստեղծվել է 1939 թ-ին՝ էպոսի 1000-ամյակի առիթով։ Մեկ տարի անց Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը նվիրում է այն Ավետիք Իսահակյանին՝ բանաստեղծի 65-ամյակի կապակցությամբ։ Հայ դյուցազներգությունն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Իսահակյանի ստեղծագործությունում․ Վարպետը մշակել է էպոսի չորրորդ ճյուղը՝ «Փոքր Մհերը»:

«Խոսող կտավներ» ներառական նախագծի շրջանակում ստեղծված շոշափելի կրկնօրինակը պատրաստվում է հիպոալերգեն պլաստիկից։ Պատկերը կկարողանան «տեսնել» կույր և տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ։

Շոշափելի գորգն ապահովված է  տիֆլոմեկնաբանությունով (տիֆլոմեկնաբան՝ Արման Նավասարդյան)։ Բրայլի այբուբենով ներկայացված տեղեկատվությամբ, QR-կոդով՝ YouTube-յան ալիքում տեղադրված տիֆլոմեկնաբանության հղումով։ Տիֆլոմեկնաբանությունները ձևավորվում են համապատասխան երաժշտությամբ։ Նախագծի ձայնային ինժեները, ռեժիսորը և գլխավոր փորձագետը Վահան Նահապետյանն է։

«Բոլորովին վերջերս նախագծի շրջանակում հանրությանը ներկայացրինք Երվանդ Քոչարի ձևավորած «Սասունցի Դավիթ» էպոսի 7 պատկերազարդման շոշափելի կրկնօրինակները։ Հաշվի առնելով հոբելյանական կարևոր իրադարձությունները՝ որոշեցինք անմասն չթողնել նաև «Սասունցի Դավիթ» գորգի շոշափելի կրկնօրինակի ստեղծման գաղափարը և իրականացրինք այս նախագիծը։ Շոշափելի կրկնօրինակն իր ուրույն տեղը կգտնի Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում»,- նշում է նախագծի հեղինակ և պրոդյուսեր, «Սարեր» մշակութային ՀԿ-ի նախագահ Էռնա Ռևազովան։

«Շատերը չգիտեն, բայց երբ շատ ես ձեռք տալիս շոշափելի կտավների, զարգանում է շոշափելիքի զգայարանը։ Փաստորեն՝ ոչ միայն տեղեկանում ես, այլև մեկ այլ կարևոր օգուտ ես ունենում՝ շոշափելիքի զարգացումը։ Ընդլայնվում է մատների տեսողությունը, զարգանում։ Այստեղ այնքան հետաքրքիր է ամեն ինչ սարքած, որ շոշափելիս ինֆորմացվում ես ձայնային ուղեցույցով՝ տիֆլոմեկնաբանությամբ, բայց նաև քեզ մոտ զարգանում է շոշափելիքը։ Դպրոցում սովորելուս տարիներին թղթերի վրա կետերով գծեր էին անում, որ շոշափենք․ քառակուսիներ էին նկարում, եռանկյունիներ, որ շոշափելիքը զարգանա:  Եվ սա շատ ավելի պրոֆեսիոնալ տարբերակ է ոչ միայն ինֆորմացվելու, այլև շոշափելիքը զարգացնելու։  Սա ձեռքերի տեսողության ընդլայնմանն ուղղված քայլ է»,- նշում է Վահան Նահապետյանը, ով հանդիսանում է ներառական նախագծի թիրախային խմբի ներկայացուցիչ։
Ծրագրի գործընկերն է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը։ «Խոսող կտավներ» ներառական նախագիծն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031