Վերջին ամիսներին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ կատարած այցելությունների ժամանակ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն արձանագրել է, որ հիմնարկի վարչական շենքում կատարվող վերանորոգման պատճառով «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում տեղակայված ստորաբաժանմանը ժամանակավորապես հատկացվել է կացարանային տեսակի մասնաշենքերից մեկի առաջին հարկի սենյակներից մեկը։ Կացարանային մասնաշենքը նախատեսված է ցածր անվտանգության գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող կանանց համար և գտնվում է ոչ բարվոք վիճակում։
Մասնավորապես արձանագրել է, որ սենյակում տիրող բարձր խոնավությունը և ոչ բավարար սանիտարահիգիենիկ պայմանները մտահոգիչ են ոչ միայն ստորաբաժանման աշխատակիցների առողջության, այլև դեղորայքի և բժշկական կամ այլ բնույթի աշխատանքային փաստաթղթերի պահպանման համար։
Արձանագրել է նաև, կացարանային շենքի տվյալ հատվածն ապահովված չէ համացանցային հասանելիությամբ։ Ավելին, ստորաբաժանումը տվյալ պահին ապահովված չէր համակարգչով և տպիչ սարքավորմամբ։ Գրագրությունը բուժանձնակազմի կողմից կատարվել է ձեռագիր տարբերակով, ինչը դժվարություններ է առաջացնում աշխատանքային բնականոն գործունեությունը և փաստաթղթաշրջանառությունն արդյունավետ ձևով կատարելու հարցում։
Ելնելով վերագրյալից՝ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն գրությամբ դիմել է Առողջապահության և Արդարադատության նախարարություններին՝ առաջարկելով իրենց լիազորությունների շրջանակներում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկել։ Մասնավորապես, առաջարկել է․
Կարդացեք նաև
- Նախքան հիմնարկի վարչական շենքի վերանորոգման ավարտը ստորաբաժանմանն այնպիսի աշխատանքային սենյակ հատկացնել, որը կունենա բավարար պայմաններ և վտանգ չի ներկայացնի ստորաբաժանման աշխատակիցների առողջության, ինչպես նաև դեղորայքի և բժշկական կամ այլ բնույթի աշխատանքային փաստաթղթերի պահպանման տեսանկյունից։
- Ստորաբաժանմանը հատկացված աշխատանքայի սենյակն ապահովել համացանցային հասանելիությամբ։
- Քայլեր ձեռնարկել՝ ստորաբաժանմանը համակարգիչ և տպիչ սարքավորում հատկացնելու ուղղությամբ՝ աշխատանքային բնականոն գործունեությունը և փաստաթղթաշրջանառությունն արդյունավետ ձևով կատարելու համար։
Արդարադատության նախարարությունից պատասխանել են, որ Կառավարության 2023 թվականի ապրիլի 27-ի թիվ 614-Ն որոշմամբ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմին է ճանաչվել Առողջապահության նախարարությունը: Հետևաբար գրությամբ բարձրացված հարցերը, ինչպես նաև դրանց վերաբերյալ առաջարկվող լուծումները դուրս են իրենց իրավասությունների շրջանակներից:
Առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բոլոր բժշկական ստորաբաժանումները, այդ թվում` «Աբովյան» ստորաբաժանումը, ապահովված են համակարգիչներով և տպիչ սարքավորումներով: Տեղեկացրել են նաև, որ համաձայն Կառավարության 2023 թվականի ապրիլի 27-ի թիվ 614-Ն որոշման՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժշկական ստորաբաժանումների համար նախատեսված տարածքները պետք է տրամադրվեն «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին: Շրջանառվել է Կառավարության որոշման նախագիծ՝ Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տարածք հանձնելու մասին: Հանձնելու պարագայում նշված տարածքներում շինարարական, վերանորոգման աշխատանքները, համացանցի հասանելիությունը, ինչպես նաև անհրաժեշտ գույքով ապահովումը կիրականացվի «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։
Այնուամենայնիվ, «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի մոտեցումն այն է, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կառավարումն իրականացնող գերատեսչությունների փոփոխությունը չպետք է հանգեցնի այնպիսի իրավիճակի, որ ազատազրկված կանանց բժշկական սպասարկումն իրականացնող բուժանձնակազմի կարիքներն անտեսվեն, ինչի հետևանքով նրանք զրկվում են աշխատանքային բնականոն և արդյունավետ ընթացք ապահովող պայմաններից։
Հետևաբար «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ մինչև «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի վարչական շենքի վերանորոգման ավարտը պետք է համատեղ ջանքեր գործադրել և հիմնարկում գործող բժշկական ստորաբաժանմանն այնպիսի աշխատանքային սենյակ հատկացնել, որը վտանգ չի ներկայացնի բուժաշխատողների առողջության, դեղորայքի և բժշկական կամ այլ բնույթի աշխատանքային փաստաթղթերի պահպանման տեսանկյունից։
Այդ սենյակի պայմանները պետք է այնպիսին լինեն, որ հնարավոր լինի ապահովել համացանցային հասանելիությունը, գործարկել համակարգիչը և տպիչ սարքավորումը՝ աշխատանքային բնականոն գործունեությունը և փաստաթղթաշրջանառությունն արդյունավետ ձևով կատարելու համար։