Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրա յուրաքանչյուր համերգ տոնակատարություն էր». Սպենդիարյան 5 հասցեի շենքն այսուհետ զարդարում է Արամ Ղարաբեկյանի անվանատախտակը

Հոկտեմբեր 09,2024 11:56

Սպենդիարյան 5 հասցեում տեղի ունեցավ հայ դիրիժոր, Հայաստանի պետական կամերային նվագախմբի նախկին գեղարվեստական ղեկավար, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանի անվանատախտակի բացման արարողությունը։ Անվանատախտակ զետեղելու նախաձեռնությունը Ղարաբեկյանի ընտանիքինն է։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Ղարաբեկյանի ընտանիքի անդամները, ընկերները, հարազատներն ու պարզապես արվեստասերներ:

Ղարաբեկյանն արդեն 10 տարի մեզ հետ չէ: Իր կյանքի 58 տարիների ընթացքում նա հասցրեց ապրել և արարել աշխարհի տարբեր կողմերում, սակայն իր տունը միշտ համարում էր Երևանը, իսկ ամենանվիրական աշխատանքը` Հայաստանի պետական կամերային նվագախմբի ղեկավարումը: Հաշվի առնելով մաեստրոյի սերը՝ ընտանիքը որոշեց հավերժացնել մաեստրոյի հիշատակը նաև այն շենքում, որտեղ ապրել է Ղարաբեկյանը։

Ղարաբեկյանի քույրը՝ Քրիստին Ավագյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ճարտարապետ Կարեն Ավանեսյանին՝ անվանատախտակն իրականություն դարձնելու համար։ Նրա խոսքով՝ նման մտահղացում ընտանիքն ունեցել է դեռ 10 տարի առաջ, և ինքը շատ գոհ է արդյունքից, որովհետև անվանատախտակը դիրիժորին շատ բնորոշ է ստացվել։

Հայ խմբավար, մանկավարժ և Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը Արամ Ղարաբեկյանի ընկերներից էր։

«Արամ Ղարաբեկյանը նախ և առաջ շատ վառ անհատականություն էր, և որևէ ձևով չես կարող ասել, որ պարզապես երաժիշտ էր, ով եկավ ու գնաց։ Վառ անհատականություն, գունեղ կերպար, լի մտահղացումներով, որոնք կարողանում էր վարպետորեն ի կատար ածել։ Նրա յուրաքանչյուր համերգ տոնակատարություն էր։ Նրա հետ աշխատելը ևս շատ հաճելի էր»,-նշում է Տիգրան Հեքեքյանը։

Արամ Ղարաբեկյանը ծնվել է 1955թ. Թեհրանում:  Դիրիժորական գործունեությունը սկսվել է 1983 թվականից, երբ հիմնադրել և ղեկավարել է Բոստոնի «Սինֆո Նովա» կամերային նվագախումբը: Նրա ղեկավարությամբ՝ 1983-1991թթ., նվագախումբը համերգային լայն գործունեություն է ծավալել, ելույթներ ունեցել ամերիկյան հայտնի համերգասրահներում: Ղեկավարել է Ուկրաինայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը, Օպերայի և բալետի թատրոնը: Որպես հրավիրյալ դիրիժոր ելույթներ է ունեցել բազմաթիվ, այդ թվում՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ, Մյունխենի «Սինֆոնիետա», Ֆրեզնոյի ֆիլհարմոնիկ, Ուկրաինայի ռադիոյի և հեռուստատեսության, Զագրեբի, Լվովի Շրևեպորտի, Զեջիանգի սիմֆոնիկ և այլ նվագախմբերի հետ, հյուրախաղերով հանդես եկել Եվրոպայում, Միացյալ Նահանգներում և նախկին Խորհրդային Միության երկրներում:

Իր եռանդուն ու բազմակողմանի երաժշտակատարողական գործունեության համար Արամ Ղարաբեկյանն արժանացել է միջազգային հեղինակավոր մրցանակների՝ ԱՄՆ-ի կոնգրեսի Հատուկ հռչակագիր, Լյուսիեն Վուլսնի անվան մրցանակ (1988), Ամերիկյան կոմպոզիտորների, հեղինակների և խմբագիրների միության (ASCAP) մրցանակ (1989), Հարվարդի երաժշտական ընկերության «Լավագույն կատարման մրցանակ»:

1997թ. ՀՀ մշակույթի նախարարության հրավերով ստանձնելով վերակազմավորված Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարությունը՝ Ղարաբեկյանը կարճ ժամանակաընթացքում նոր շունչ ու ոգի հաղորդեց խմբի գործունեությանը: Ղարաբեկյան-գլխավոր դիրիժորի ջանքերի շնորհիվ կամերային նվագախումբը դարձավ հանրապետության առաջատար երաժշտախմբերից մեկը՝ ծավալելով, հիրավի, աննախադեպ եռանդուն համերգային գործունեություն. բազում ելույթներ ու հյուրախաղեր թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, մշտապես նորացվող նվագացանկ՝ դասական կամերային երկերից մինչև 20-րդ դար, արգենտինյան տանգոյից մինչև հայ ավանդական գործիքներով հնչող գործեր, բազմաթիվ ձայնագրություններ ու նկարահանումներ…

Դասական երաժշտության համերգներին զուգահեռ՝ Ղարաբեկյանն իր հետ բերեց ելույթների նոր ձևաչափ՝ բացօթյա համերգներ Երևանում և հեռավոր մարզերում, երաժշտական տարբեր նախագծեր պատմամշակութային հուշարձանների հարևանությամբ:

Արդի երաժշտության զարգացման ու խթանման նպատակով Արամ Ղարաբեկյանն ու  ՀՊԿՆ-ն պատվիրել ու կատարել  են ժամանակակից կոմպոզիտորների ավելի քան 40 նոր գործ, այդ թվում նաև՝  նվագախմբի համար գրված ստեղծագործություններ հայ ավանդական նվագարանների ներգրավումով՝ դուդուկ,  զուռնա, շվի, քամանչա: Հայաստանից մեկնելուց հետո Արամ Ղարաբեկյանը շարունակել է իր երաժշտակատարողական գործունեությունը ամերիկյան մայրցամաքում:

Դիրիժորը հանկարծամահ է եղել 2014թ. հունվարի 10-ին՝ իր կյանքի 59-րդ տարում։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031