ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կայացել է լեգենդար Պլասիդո Դոմինգոյի համերգը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Համերգն անցկացվել է «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում։
Բացառիկ երեկոյի ընթացքում լեգենդար Դոմինգոյի կողքին հանդես է եկել հայազգի սոպրանո, Operalia 2022 համաշխարհային մրցույթի (Operalia 2022 World Opera Competition) առաջին մրցանակակիր Ջուլիանա Գրիգորյանը:
Կարդացեք նաև
Համերգի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և Ջուլիանա Գրիգորյանին պարգևատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալով:
«Մեզ երաժշտական տոն է սպասվում. վայելելու ենք մաեստրո Դոմինգոյի և արդեն իսկ համաշխարհային ճանաչում ձեռք բերած հայազգի սոպրանո Ջուլիանա Գրիգորյանի, ինչպես նաև Ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարումները։ Կարծում եմ խորհրդանշական է, որ Ջուլիանա Գրիգորյանը հաղթող է ճանաչվել Operalia 2022 World Opera Competition մրցույթում, որը կայացել է հենց մաեստրոյի նախաձեռնությամբ։ Սա նաև լավ առիթ է խրախուսելու և գնատանքի խոսքեր հղելու մեր երգչուհուն՝ նշանավորելով նրա ձեռքբերումներն ու հաջողությունները»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը:
Համերգին հնչել են արիաներ, դուետներ և նախերգանքներ հայտնի օպերաներից, սարսուելաներից, ինչպես նաև սիրված համաշխարհային մեղեդիներ: Համերգը տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի գլխավոր աջակցությամբ։
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ