Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ եմ անում Բագրատ սրբազանին՝ դադարեցնել Սրբազան պայքարը եւ կոչ անել խորհրդարանական ընդդիմությանը՝ վայր դնել մանդատները. Անի Սամսոնյան. «Հրապարակ»

Հոկտեմբեր 09,2024 11:28

Այս տարվա ամռանը` հունիսին, Անի Սամսոնյանը դիմեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդին՝ իր լիազորությունները խորհրդում եւ անդամակցությունը կուսակցությունում դադարեցնելու համար: Սամսոնյանն արդեն մի քանի ամիս է՝ այլեւս ԼՀԿ-ի անդամ չէ, չնայած այդ կուսակցության ամենահայտնի դեմքերից էր, Էդմոն Մարուքյանի աջ թեւը, անգամ այն շրջանում, երբ Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնն էր զբաղեցնում: Նախկին պատգամավորը սկզբնական փուլում Սրբազան շարժման հանրահավաքներին էր մասնակցում, սակայն այժմ այն կարծիքին է, որ Բագրատ սրբազանն իր պայքարը պետք է դադարեցնի, իսկ խորհրդարանական ընդդիմությունը` վայր դնի մանդատները: Անի Սամսոնյանի կարծիքով` հաջողություն չարձանագրած նման շարժումները բացառապես Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանն են օգուտ բերում:

– Ձեր վերջին հարցազրույցում նշել էիք, որ քաղաքական դաշտը կոլապսի մեջ է, նոր ուժեր չեն ձեւավորվում, բայց վերջին մի քանի ամիսների ընթացքում մի քանի նոր կուսակցություններ են գրանցվել, Բագրատ սրբազանն էլ ո՛չ նախկին է, ո՛չ ներկա: Ինչո՞ւ եք կարծում, որ նոր ուժեր Հայաստանում չեն ձեւավորվում, ինչն էլ իր հերթին իշխանափոխության չհաջողելու հիմնական պատճառն է:

– Այդպես եմ կարծում, որովհետեւ դաշտն ամբողջությամբ զբաղված է նախկին եւ ներկա իշխանությունների օրակարգով: Նրանք ստեղծում են մեծ քաղաքական աղմուկ: Ինչպե՞ս են ստեղծում նման աղմուկ: Մենք գիտենք, որ նախկին ու ներկա իշխանություններն ունեն մեդիառեսուրսներ եւ կարողանում են քաղաքական գործունեության իմիտացիա ստեղծել: Այդ ամենը մեծ աղմուկ է ստեղծում, եւ դաշտը լցվում է բացառապես նրանց օրակարգով: Այս իրավիճակում այն քաղաքական ուժերը, որոնք ունեն ասելիք, բայց չունեն մեծ հնարավորություններ, ռեսուրսներ, մնում են ստվերում: Ես, ամեն դեպքում, չեմ ուզում այդ փոքր ուժերին արդարացնել, որովհետեւ ֆինանսական ռեսուրսները գուցե փոքր են, բայց համարձակություն ու քաղաքական ագրեսիվություն էլ չեն դրսեւորում: Բոլոր դեպքերում զիջում են մյուսներին, եւ հենց դա է պատճառը, որ քաղաքական աղմուկի մեջ հնարավորություն չի ստեղծվում` ձեւավորելու նոր քաղաքական օրակարգ:

– Այժմ Բագրատ սրբազանն է ակտիվ պայքար մղում` իշխանության դեմ: Դուք էլ, կարծես, սկզբում մի քանի միտինգներին ներկա էիք: Սրբազանը ո՛չ նախկին է, ո՛չ ներկա: Այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ լայն զանգվածները չեն կոնսոլիդացվում Սրբազանի շուրջ:

– Բագրատ սրբազանի շարժումը կարող էր բավականին մեծ հաջողություններ արձանագրել, դա ցույց տվեց նա մայիսի 9-ին, երբ Տավուշից քայլելով Երեւան հասավ: Հրապարակում հավաքված ժողովրդի քանակն ու տրամադրությունները լավագույն ցուցանիշն էին՝ ասելու, որ կա իշխանափոխության հնարավորություն: Բայց հետո շարժումը գնաց սխալ հունով, Բագրատ սրբազանը, լինելով ապաքաղաքական մարդ, տրվեց խորհրդարանական ընդդիմության խարդավանքներին, ընկավ նրանց ազդեցության տակ, եւ Սրբազան շարժումը վերածվեց խորհրդարանական ընդդիմության հերթական մի շարժման: Հիմա Բագրատ սրբազանը դարձել է քաղաքական աղմուկ ստեղծող շարժումներից մեկը, որը կառավարվում է խորհրդարանական ընդդիմության կողմից եւ, ըստ էության, ունի մեկ հիմնական նպատակ. նախքան 2026 թվականը քաղաքական աղմուկը չդադարեցնել, որպեսզի մարդիկ հանգստանալու եւ հասկանալու հնարավորություն չունենան, որպեսզի հասկանան` ով ով է: Ես կոչ եմ անում եւ խորհուրդ եմ տալիս Բագրատ սրբազանին՝ դադարեցնել Սրբազան պայքարը եւ կոչ անել նույն այդ խորհրդարանական ընդդիմությանը՝ վայր դնել մանդատները: Միակ տարբերակը, որ կարող է շարժմանը հաջողություն բերել, դա է: Խորհրդարանական ընդդիմությունը մանդատները պետք է վայր դնի:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031