Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Էրիկ դե Մույնքը՝ Հայաստանի ԵՄ անդամակցության եւ հայ-բելգիական տնտեսական կապերի մասին

Հոկտեմբեր 09,2024 11:38

«Այստեղ գտնվելուս ընթացքում ակնհայտ է Հայաստանի և Եվրոպայի միջև մերձեցումը։ Շատ նախաձեռնություններ են իրականացվում, Հայաստանին օգնություն է տրամադրվել եվրոպական մակարդակով։ Բնականաբար մենք ուշադիր հետևում ենք այս մերձեցմանը։ Օրինակ, կա զարգացման և կայունության ծրագիր, որը ֆինանսավորվում է Եվրոպայի կողմից, Եվրոպական խաղաղության ծրագրի շրջանակներում ևս օգնություն է տրամադրվում Հայաստանին։ Այս բոլոր նախաձեռնությունները Հայաստանի և Եվրոպայի մերձեցմանն են ուղղված։ Վիզաների ազատականացման վերաբերյալ քննարկումներից հետո այժմ երկխոսությունն արդեն սկսվել է։ Կարծում եմ, որ այս ամենը նպաստում է Հայաստանի և Եվրոպայի միջև արտոնյալ հարաբերությունների կառուցմանը»,- սա Հայաստանում Բելգիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքի պատասխանն է Aravot.am-ի հարցին՝ Հայաստանում որոշ քաղաքական ուժեր ԵՄ-ին անդամակցության ստորագրահավաք են նախաձեռնել. ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀ-ի՝ ԵՄ անդամ լինելու ապագային՝ Վրաստանի ձգձգվող փորձի համատեքստում։

Հայաստանում Բելգիայի թագավորության դեսպանությունը գործում է մեկ տարի: Երկու երկրների հարաբերությունների պաշտոնականացման՝ մեկ տարվա կտրվածքում, դեսպանն ամփոփում է զարգացումը. «Դեսպանություն բացելն արդեն իսկ մեծ քանակությամբ վարչական աշխատանքներ է պահանջում․ հարկավոր է գտնել աշխատակազմ, տարածք՝ դեսպանության գործունեության համար, կազմակերպել բոլոր գործընթացները։ Արդեն կարող եք պատկերացնել, թե որքան աշխատանք է պահանջվում իրականացնելու։ Այնուհետև պետք էր դեսպանությունը հայկական հասարակությանը ճանաչելի դարձնել, որպեսզի հանրությունն իմանար, որ այսուհետ Երևանում կա Բելգիայի ներկայացուցչություն։ Այդ նպատակով մենք մշակութային միջոցառումներ կազմակերպեցինք․ թատերական ներկայացումներ, մասնակցեցինք կինոփառատոնների, ինչպես նաև մեծ քանակությամբ աշխատանքներ իրականացրեցինք տնտեսական ոլորտում»։

Ի սկզբանե խնդիր էր դրված տնտեսական հարաբերությունների զարգացման: Թե ի՞նչ ստացվեց մեկ տարվա աշխատանքի արդյունքում՝ դեսպանը մանրամասնում է. «Այո, մենք ջանքեր գործադրեցինք բելգիական ընկերություններին Հայաստան բերելու համար։ Նախ, պետք էր Հայաստանը ճանաչելի դարձնել Բելգիայում. կարծում եմ, որ Հայաստանը շատ բելգիական ընկերությունների ուշադրության կենտրոնում չէ։ Պետք էր տեղեկացնել, որ այստեղ՝ Հայաստանում, նույնպես հետաքրքիր բաներ են կատարվում։ Կարծում եմ, որ ՏՏ ոլորտը Հայաստանում մեծ ներուժ ունի հնարավոր համագործակցությունների համար։ Օրերս, օրինակ, այցելեցինք մի լաբորատորիա, որտեղ տեղադրված է բելգիական ցիկլոտրոն սարքավորում։ Այցելության նպատակն էր շարունակել այս համագործակցությունը՝ հայ հետազոտական կենտրոնի և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ միասին զարգացնելու հմտություններ՝ քաղցկեղի հայտնաբերման և գուցե մի օր նաև արհեստական բանականության միջոցով այս հիվանդությունների բուժման ոլորտում»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031