Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ տարում ընդամենը 5 հազար 284 արցախցի է դիմել ՀՀ անձնագիր ստանալու. «Հրապարակ»

Հոկտեմբեր 09,2024 11:01

Արցախահայության բռնի տեղահանումից եւ Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիայից անցել է ուղիղ մեկ տարի:

Մենք փորձեցինք պարզել, թե 1 տարի անց քանի արցախցի է դիմել Անձնագրային եւ վիզաների վարչություն` Հայաստանի անձնագիր ստանալու համար: Միգրացիոն ծառայությունից «Հրապարակին» հայտնեցին, որ այս պահի դրությամբ 120 հազար արցախցիներից 5 հազար 284 անձ է դիմել՝ նոր կոդով հայկական անձնագիր ձեռք բերելու համար. «Հոկտեմբերի 7-ի դրությամբ դիմումների քանակը 5 հազար 284 է»: Ինչը մի քանի հետեւության տեղիք է տալիս. արցախահայերը չեն հրաժարվել իրենց հայրենիքից եւ երազում են վերադառնալ Արցախ: Արցախահայերը չեն վստահում ՀՀ իշխանություններին եւ հասկանում են, որ անձնագիր փոխելն իրենց հայաստանցի չի դարձնելու, բայց Արցախն իսպառ ջնջելու է քարտեզից: Եվ հասկանում են, որ բնակապահովման ծրագիրը փուչիկ է, թղթի վրա մնացած մեռելածին ծրագիր, որը հնարավոր չէ իրականացնել, եւ այն իրենց բնակարանային հարցերը չի լուծելու:

Մենք հետաքրքրվեցինք նաեւ, թե քանի արցախցի ունի փախստականի կարգավիճակ, եւ ինչու սկզբում չէին դիմում անձնագիր ստանալու համար, հիմա քիչ, բայց դիմում են։ «Եթե քաղաքացիության համար դիմել են, ուրեմն անպայման ունեցել են փախստականի կարգավիճակ: 112 հազար 889 արցախցի դիմել էր, որպեսզի ստանա ժամանակավոր պաշտպանության վկայական, որը վկայում է փախստական լինելու հանգամանքը: Ինչ վերաբերում է դիմումների քանակին, կարող ենք ենթադրել, որ այն կապված է բնակապահովման ծրագրի հետ: Քաղաքացի լինելն այստեղ պարտադիր պահանջ է, ընդ որում՝ քաղաքացի պետք է լինեն ընտանիքի բոլոր անդամները: Մեկ նկատառում եւս` նշածս թվի մեջ անչափահասները ներառված չեն, անչափահասներից չենք վերցնում քաղաքացիության դիմումներ: Ծնողները եթե ստանում են ՀՀ քաղաքացիություն, երեխաները ստանում են ՀՀ անձնագիր: Այստեղ թիվը նույնպես բավականին մեծ է: Երեխայի համար ոչ թե քաղաքացիության դիմում է ներկայացնում ծնողը, այլ` անձնագրի: Եթե քաղաքացիություն ստանալու պրոցեսը տեւում է 1-2 ամիս, ապա անձնագիր ստանալը՝ ընդամենը մեկ աշխատանքային շաբաթ»,- նշեց ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը:

 Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031