Մեր զրուցակիցը՝ Կարեն Ամիր Լաթիֆին, ծննդավայրում՝ Իրանում ընտրել էր մաթեմատիկոսի մասնագիտություն, զուգահեռ հաճախելով դաշնամուրի դասերի:
Հետո ստացվում է այնպես, որ ավստրիացիները տաղանդավոր պատանի դաշնակահարներ հայտնաբերելու նպատակով ժամանում են Թեհրան։
Ընտրվում է 5 դաշնակահար՝ Վիեննայի Ռիչարդ Վագների անվան կոնսերվատորիայում ուսանելու նպատակով։ Բայց Կարենը հստակ որոշում է կայացում երաժշտի իր կարիերան շարունակելու Կոմիտասի անվան կոնսերվատորիայում։ Պատճառը հայկական երաժշտությամբ, մասնավորապես Կոմիտասով նրա տարված լինելն էր։
Կարդացեք նաև
Ուսանում և ավարտում է մեր կոնսերվատորիան որպես խմբավար (պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանի դասարան), զուգահեռ աշխատանքի է հրավիրվում Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց՝ ղեկավարելու ավագ երգչախումբը։ Խմբավարությանը զուգահեռ՝ նրան հետաքրքրում է սիմֆո դիրիժորությունը:
Որոշ ժամանակ անց երաժիշտը կանգնում է Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորական վահանակի առջև՝ ղեկավարելով Բեթհովենի 5-րդ սիմֆոնիան։ Ի դեպ, այս պատվին Կարենն արժանանում է աշխարհահռչակ դիրիժոր Վասիլի Պետրենկոյի՝ Երևանում նախօրոք 15 երկրի դիրիժորներից ընտրության արդյունքում։
Կարենը 2023թ մասնակցել է Իտալիայում կայացած երիտասարդ դիրիժորների միջազգային մրցույթին՝ արժանանալով 1-ին մրցանակի։
Կարեն Ամիր Լաթիֆին մենք զրույցի հրավիրեցինք Ազգային օպերային թատրոնում վերջերս կայացած Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» բալետի պրեմիերայի ավարտից հետո։ Իսկ զրույցն ընթացավ բալետի գլխավոր կերպարի՝ Անտունի-Կոմիտասի արվեստի շուրջ։
«Առաջին անգամ Կոմիտասի ստեղծագործությունները լսեցի ձայնագրություններով՝ Կոմիտասի անվան լարային քառյակի կատարմամբ և անմիջապես, ուղիղ ասած, սիրահարվեցի։ Կոմիտասի երաժշտության մեջ շատ նմանություններ նկատեցի իրանական երաժշտության հետ, ինչը ինձ շատ հուզեց։ Սակայն միաժամանակ ինձ խորապես գրավեց հայկական մեղեդիների թարմությունն ու յուրահատկությունը, որոնք որոշակի տարբերությամբ առանձնանում էին այս տարածաշրջանի ժողովուրդների երաժշտություններից»,- ասաց մեր զրուցակիցը՝ մանրամասնելով. «Իրանական և հայկական ժողովրդական երաժշտության մեջ կան բազմաթիվ ընդհանրություններ, թե՛ մեղեդիների ստեղծման առումով, թե՛ լադային կառուցվածքների: Օրինակ՝ իրանական Չահարգահ լադը ամբողջությամբ համընկնում է հայկական հարմոնիկ լադին: Սակայն պետք է փաստել, որ իրանական խմբերգային երաժշտությունը երբեք այնքան զարգացում չի ապրել, որքան հայկականը, գուցե այն պատճառով, որ Իրանում չկար նման անձնավորություն, ինչպիսին Կոմիտասն էր, ով կարող էր խմբերգային երաժշտությունը զարգացնել մինչև այս մակարդակը»:
Զրույցի ընթացքում Կարենը խոստովանեց, որ Կոմիտասի երաժշտության միջոցով է կարողացել խորապես ըմբռնել հայկական մշակույթի իսկությունը և ճանաչել հայերի էությունը Կոմիտասի պատմածով։ «Օրինակ՝ Կոմիտասի երգերում, ինչպես «Ծիրանի ծառը», օգտագործված սիրալիր արտահայտությունները և հասարակ ժողովրդի պատկերավոր ներկայացումները բացահայտում են հնագույն հայ ժողովրդի բնույթը, որոնք երբեմն բացակայում են ժամանակակից հայ հասարակության մեջ:
Չնայած հայ ժողովրդի պատմությունը հաճախ համակցվում է մարտունակության հետ, նրանց հիմնական զգացմունքները լի են բարությամբ, գորովանքով և համախմբվածությամբ: Բայց մի դիտարկում. բոլորը գիտեն Կոմիտասի կարևորությունը, բայց ներկայիս սերունդը հաճախ կարծրատիպային ձևով է այդ միտքն արտահայտում։ Կոմիտասի մեծությունը երեխաների համար կարծես ակնհայտ չէ։ Չնայած նրան երաժշտության դասերին որոշ չափով ուշադրություն է դարձվում, բայց նրանք սրտանց չեն գնահատում Կոմիտասին», – համոզված է նա։
Կոմիտասի կարևորությունը հասկանալու համար պետք է մի քանի ուղղությամբ նայել նրա անձին և ստեղծագործություններին։ Նախ՝ Կոմիտասի կյանքի պատմությունն է։ Բոլորս գիտենք, որ մինչև նրան Կարա Մուրզան և Մակար Եկմալյանը նպաստել են հայկական երաժշտության զարգացմանը, սակայն այն ժամանակ կային նաև այլ հայ երաժիշտներ, ովքեր ծնվել էին հենց Հայաստանում և բնականաբար, իրենց մանկությունից ծանոթ էին հայոց լեզվին և մշակույթին։ Չէ՞ որ նրանք նույնպես կարող էին շարունակել այդ ճանապարհը։ Բայց ի վերջո, Կոմիտասն էր, ով, վերադառնալով հեռավոր վայրերից, կարողացավ բարձրացնել հայկական երաժշտությունը աննախադեպ բարձունքների։ Հենց սա է այն կարևոր հարցը, որին քիչ ուշադրություն է դարձվում. ինչո՞ւ Կոմիտասը դարձավ այդ եզակի մարդը, որը կարողացավ։
Կոմիտասի ամենամեծ ազդեցությունը եղել է հայ ժողովրդի պատմության, մշակույթի և լեզվի վրա։ Իր ստեղծագործությունները ոչ միայն գեղեցիկ հնչյունների գանձարան են, այլև պատմում են այն ամենի մասին, ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ։
Ինչպես կարող ենք պատվել Կոմիտասին և պահպանել նրա ստեղծագործությունները։ Երեխաների հետ դասավանդելու և աշխատելու տարիների ընթացքում խմբավարը եկել է այն եզրակացության, որ պետք է դպրոցական տարիքի երեխաների համար առաջարկել ուսուցիչների հետ միասին լսել Կոմիտասի երաժշտությունը, նրանց բացատրել հիմնական գաղափարները, ապա խնդրել երեխաներին ներկայացնել իրենց պատկերացումները և մեկնաբանությունները՝ հիմնված այն երգի վրա, ինչ լսել են։ Հետո պետք է պատրաստել բարձրակարգ խմբավարներ և վստահել նրանց՝ ղեկավարելու երգչախմբեր։
«Երաժշտական ստեղծագործությունների կենդանի պահպանումը տեղի է ունենում կենդանի երաժիշտների միջոցով։Եվ որ ամենակարևորն է Կոմիտասի ստեղծագործությունները կենդանի պահելու համար պետք է հոգ տանել, որ Կոմիտասն ապրի, որպեսզի հայերը և Հայաստանը շարունակեն լինել կենդանի և կայուն» – շեշտեց Կարենը։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ