Լրահոս
Օրվա լրահոսը

«Թեպետ մեկնեցին Մոսկվա, բայց այս անգամ էլ գնացին ՌԴ-ի դեմ դեմարշի». «Հրապարակ»

Հոկտեմբեր 09,2024 10:16

ՀՀ իշխանությունը թեպետ չբոյկոտեց մոսկովյան հարթակում տեղի ունեցող հերթական միջոցառումը, ինչն անում էին վերջին շրջանում, եւ Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը մեկնեցին Մոսկվա՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի եւ արտգործնախարարների հավաքին մասնակցելու, բայց այս անգամ էլ գնացին ՌԴ-ի դեմ դեմարշի։

Հոկտեմբերի 7-ին` Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը, Մոսկվայում կայացավ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) երկրների արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը։ Հանդիպումը դարձավ մասնակից երկրների արտաքին քաղաքական դիրքորոշումների հստակեցման քննություն, որի արդյունքում ստորագրվեցին մի քանի առանցքային փաստաթղթեր՝ ուղղված երկրների հետագա համագործակցությանը։ Սակայն ԱՊՀ նիստում Հայաստանը որոշեց հրաժարվել երկու կարեւոր հայտարարությունները ստորագրելուց` կրկին տարանջատվելով ԵԱՏՄ երկրներից: Հայաստանը, մասնավորապես, չմիացավ այն հայտարարությանը, որը վերաբերում է Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքներին եւ միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների անթույլատրելիությանը:

Պաշտոնական Երեւանի այդ որոշումը՝ չմիանալ երկու հայտարարություններին, ըստ իշխանական շրջանակների, պայմանավորված է նրանով, որ դրանք կարող էին հարցեր առաջացնել արեւմտյան գործընկերների շրջանում: Գաղտնիք չէ, որ տեւական ժամանակ է՝ Հայաստանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին, հիմա միանալ եվրասիական անվտանգային հարթակին՝ կնշանակի հայտարարել, որ վերադառնում է ՀԱՊԿ եւ Ռուսաստանի գիրկը։

Մյուս հայտարարությունը, որը վերաբերում է միակողմանի միջոցների անթույլատրելիությանը, դարձյալ արեւմտյան ընկալմամբ՝ կդիտարկվեր որպես ԱՄՆ-ի դեմ արված քայլ: Թեեւ ԱՊՀ հայտարարության մեջ չկա կոնկրետ անուն, թե որ երկրի կամ երկրների կիրառած միակողմանի միջոցներին են դեմ, այդուհանդերձ, հասկանալի է, որ խոսքը ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցների մասին է, որոնց նախաձեռնողն ԱՄՆ-ն է։ Իշխանական քարոզիչները հիշեցնում են՝ Հայաստանը սեպտեմբերի սկզբին էլ չմիացավ ԵԽ անդամ պետությունների արդարադատության նախարարների հավաքի ժամանակ ընդունված հայտարարությանը, որը վերաբերում էր ուկրաինական պատերազմին եւ հատկապես ուղղված էր ՌԴ նախագահի եւ արտգործնախարարի դեմ: Ի դեպ, Հայաստանի տեղեկատվական դաշտում դա մեկնաբանվեց այսպես․ իբր Հայաստանը հրաժարվել է Հռոմի ստատուտից եւ հետ է վերցրել իր ստորագրությունը Պուտինին կալանավորելու մասին Միջազգային դատարանի որոշումից։

Քաղաքագետ Արման Աբովյանի բնորոշմամբ՝ ԱՊՀ արտգործնախարարների նիստի ընթացքում ընդունված հայտարարությունները թեպետ դեկլարատիվ են եւ չեն կրում «պարտավորչական» բնույթ, սակայն դրանք քաղաքական առումով էին կարեւոր, եւ չմիանալն ամենեւին չի բխում Հայաստանի շահերից։ «Երբ հայտարարվում է, որ եվրասիական տարածքում անվտանգային համակարգը պետք է լինի այսինչը, այնինչը, Հայաստանի չմիանալը դրան մտահոգություններ է առաջացնում` այն առումով, որ պետությունն իրեն դուրս է դնում եվրասիական ծիրից՝ թեքվելով թուրք-ադրբեջանական անվտանգային համակարգ։ Հայաստանը, անունը դնելով արեւմտյան անվտանգային համակարգին ներգրավվելու նպատակ, դուրս է մղվում իրական անվտանգային համակարգերից»,- ասում է քաղաքագետը՝ Հայաստանի քայլը «դեմարշ» որակելով․ «Սա դեմարշ է, որը հակասում է ՀՀ՝ առայժմ դե յուրե ընդգծված դիրքորոշմանը, այն է, որ Հայաստանն իրեն տեսնում է եվրասիական, ավելի կոնկրետ՝ ՀԱՊԿ-ի անվտանգային համակարգի ներքո»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031