Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՍԴ որոշման համաձայն՝ Արտակ Զեյնալյանի գործը ենթակա է վերանայման

Հոկտեմբեր 09,2024 12:30

Երեւան քաղաքի դատարանը որոշմամբ հայցվորին վերապահել էր ապացուցելու ֆեյսբուքյան օգտատիրոջ լրատվական գործունեությամբ զբաղվելու փաստը

Սահմանադրական դատարանը հոկտեմբերի 4-ին դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննել է, հրապարակել Արտակ Զեյնալյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով որոշումը:

ՍԴ-ն որոշեց. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասն այնքանով, որքանով լրատվական գործունեություն չիրականացնողի կողմից համացանցում տարածված զրպարտության դեպքում շահագրգիռ անձի համար չի նախատեսում զրպարտությունը հերքելու, դրա պատասխանը ներկայացնելու, այն հեռացնելու կամ վերը նշված կարգավորումներին համարժեք այլ հնարավորություն, ճանաչել Սահմանադրության 31-րդ հոդվածին (75-րդ հոդվածի հետ համակցությամբ) հակասող եւ անվավեր: Դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման oրենքով uահմանված կարգով։

Արտակ Զեյնալյանի՝ 2024 թվականի ապրիլի 11-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է, իսկ ՍԴ 2024 թվականի մայիսի 14-ի ՍԴԱՈ-82 աշխատակարգային որոշմամբ քննության էր ընդունել դիմումը: Հոկտեմբերի 1-ի ՍԴԱՈ-146 աշխատակարգային որոշմամբ գործի վարույթը մասամբ՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի մասով, կարճվել է:

Դիմողը, ներկայացնելով թիվ ԵԴ/9074/02/19 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը, շարադրելով վիճարկվող նորմերի բովանդակությունը, բարձրացված հարցադրումների վերաբերյալ Սահմանադրական դատարանի եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան դիրքորոշումները, նշել էր. «Օրենսդիրը վիրավորանքից եւ զրպարտությունից ոչ նյութական պաշտպանության կարգը եւ պայմանները տարբերակել է, տարբերակել է նաեւ արատավորող արտահայտությունից պաշտպանությունն՝ ըստ հրապարակման աղբյուրի»: Ըստ դիմողի՝ վիրավորական արտահայտության դեպքում իրավունքի խախտման զոհն իրավասու է պահանջելու իրավախախտից հրապարակային ներողություն խնդրել, իսկ զրպարտության դեպքում՝ հերքում հրապարակել պայմանով, որ զրպարտող տեղեկությունը հրապարակվել, հանրայնացվել, տարածվել է «լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ»: Արտակ Զեյնալյանը ընդգծում է. «Իսկ, թե՝ ո՞րն է «լրատվական գործունեություն իրականացնող» եւ հերքումն ի՞նչ ձեւով կարող է հրապարակվել, որոշվում է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով»:

Դիմողի եզրահանգումը հետեւյալն էր. Օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասը, չնախատեսելով զրպարտությունը սոցիալական հարթակի օգտահաշվից հեռացնելու, նույն վայրում հերքում հրապարակելու կարգ ու պայման, եւ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածը, սոցիալական հարթակում օգտահաշիվը չդիտարկելով որպես լրատվության միջոց, չեն համապատասխանում Սահմանադրության 3, 23, 31, 61, 63 եւ 75-րդ հոդվածներով ամրագրված իրավակարգավորումներին:

Ինչ էր տեղի ունեցել մինչ ՍԴ դիմելը

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում թիվ ԵԴ/9074/02/19 քաղաքացիական գործով վճիռ է կայացվել: Արտակ Զեյնալյանն ընդդեմ Գայանե Առուստամյանի, երրորդ անձ՝ Մարինա Պողոսյան՝ զրպարտող տեղեկությունը հերքելուն պարտավորեցնելու եւ փոխհատուցում բռնագանձելու պահանջների մասին: 2020 թվականի դեկտեմբերի 18-ին դատարանը վճռել է. Ա. Զեյնալյանի հայցը բավարարել՝ մասնակի: Գ. Առուստամյանից հօգուտ Ա. Զեյնալյանի բռնագանձել 100,000.00 ՀՀ դրամ, որպես զրպարտության համար փոխհատուցման գումար: Հայցը մնացած մասով դատարանը մերժել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, գրավոր ընթացակարգով քննելով Ա. Զեյնալյանի վերաքննիչ բողոքը՝ դատարանի 18.12.2020 թ. վճռի՝ հայցի մերժված մասի դեմ, 2021 թվականի մայիսի 21-ին որոշել է. վերաքննիչ բողոքը բավարարել:

ԵԴ/9074/02/19 քաղաքացիական գործով ՀՀ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 18.12.2020 թվականի վճիռը մասնակի՝ հայցը մերժելու մասով, բեկանել եւ գործն ուղարկել նույն դատարան՝ նշված ծավալով նոր քննության:

Դատարանի նոր կազմը 2022 թվականի հոկտեմբերի 18-ին վճռել է մերժել հայցապահանջը:

Ըստ ՍԴ դիմած Ա. Զեյնալյանի՝ «Հիշյալ վճռով դատարանը նշել է. «Մինչ իրավական վերլուծությանն անցնելը դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 21.05.2021 թվականի որոշմամբ մասնակի բեկանելով ՀՀ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 18.12.2020 թվականի վճիռը՝ հայցը մերժելու մասով, սահմանել է քննության ծավալ՝ պարզել «Marina Poghosyan», «Gayane Arustamyan» ֆեյսբուքյան օգտատերերը իրականացնում են լրատվական գործունեություն, թե ոչ, եւ պարզել պատասխանող Գայանե Առուստամյանի գույքային դրությունը»։

Դատարանը «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին» 23.09.2021 թվականի որոշմամբ հայցվորին վերապահել է ապացուցելու «Marina Poghosyan» ֆեյսբուքյան օգտատիրոջ լրատվական գործունեությամբ զբաղվելու փաստը եւ պատասխանողին՝ 2.000.000 ՀՀ դրամ վճարելը իր գույքային դրության տեսանկյունից անհամաչափ լինելը։ Հայցվորի ներկայացուցիչը գործի քննությամբ ընդունել է, որ երրորդ անձը լրատվական գործունեությամբ չի զբաղվում, այլ զբաղվում է հասարակական գործունեությամբ, իսկ պատասխանողի կողմից որեւէ դիրքորոշում կամ ապացույց գույքային դրության մասով չի ստացվել։

Դատարանն արձանագրել էր, որ «Marina Poghosyan» օգտատիրոջ՝ երրորդ անձի, լրատվական գործունեությամբ զբաղվելու մասին փաստ չի ներկայացվել, ուստի 1087.1-րդ հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված միջոցը կատարելու պարտականություն չի կարող նրան վերապահվել:

Հաճախ որոշ օգտահաշիվներ անհամադրելի քանակով հետեւորդներ են ունենում, քան «լրատվության միջոցները»

Դիմողը Սահմանադրական դատարանի ուշադրությունն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ տեղեկատվության տարածման ժամանակակից միջոցներով, մասնավորապես, սոցիալական ցանցում գրանցված օգտահաշվի միջոցով, տարածված տեղեկությունը մշտապես հրապարակվում, հանրայնացվում, տարածվում է: Ժամանակակից տեղեկատվական համացանցային հոսքերի կառավարման ալգորիթմներն ապահովում են տեղեկատվության տարածումը նաեւ այն «սպառողների» շրջանում, որոնք կոնկրետ օգտատիրոջ կամ օգտահաշվի «հետեւորդ» չեն, սակայն կարող են այդ բովանդակության պոտենցիալ «գնորդ» լինել: Դիմողի գնահատմամբ՝ 101 բաժանորդ ունեցող «լրատվության միջոցով» տարածված զրպարտության հետագա տարածումը դադարեցնելը, զրպարտությունը հեռացնելը, հերքում տարածելը՝ որպես իրավական պաշտպանության միջոցներ, նախատեսված են, սակայն միլիոնավոր հետեւորդներ ունեցող օգտահաշվից՝ հնարավոր չէ:

ՍԴ իրավական դիրքորոշումը

2017 թվականի դեկտեմբերի 26-ի ՍԴՈ-1396 որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «… արտահայտվելու ազատությունը ոչ միայն մարդու իրավունքների ու ազատությունների, այլեւ հանրային շահերի համակարգում սկզբունքային կարեւորության բաղադրիչ է, որի երաշխավորումը սահմանադրաիրավական եւ միջազգային իրավական պահանջ է»: Այդուհանդերձ, կարծիքի արտահայտման ազատությունը չի կարող լինել բացարձակ եւ պետք է ներդաշնակ հավասարակշռվի հասարակության ու պետության կենսական շահերի, ինչպես նաեւ մարդու այլ հիմնարար իրավունքների հետ, ուստի՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ երկու սահմանադրական արժեքների՝ պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության եւ կարծիքի արտահայտման ազատության հավասարակշռման միջոց է սահմանադրորեն նախատեսված իրավաչափ նպատակով, այն է՝ այլոց պատվի ու բարի համբավի պաշտպանության նկատառումներից ելնելով՝ կարծիքի արտահայտման ազատության սահմանափակման հնարավորությունը (Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մաս): Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված՝ կարծիքի արտահայտման ազատության իրացման բովանդակային սահմանները որոշելու հարցում էական, որոշիչ նշանակություն ունի Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված անձի պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքի երաշխավորումը:

Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, հաշվի առնելով մարդու արժանապատվության, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության դատական կարգով պաշտպանության առանցքային նշանակությունը, ի թիվս այլնի, նաեւ քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսել է սույն սահմանադրաիրավական արժեքների երաշխավորմանը միտված կարգավորումներ:

Սահմանադրական դատարանն արձանագրում է. «Դիմողի պատիվը եւ արժանապատվությունն արատավորող հրապարակումը տեղ է գտել ֆիզիկական անձ «Marina Poghosyan»-ի ֆեյսբուքյան էջի (անձնական օգտահաշվի) միջոցով, որը, ըստ խնդրո առարկա քաղաքացիական գործի նյութերի, չի հիմնավորվել, որ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի իմաստով զանգվածային լրատվության միջոց է, իսկ նշյալ օգտահաշվի օգտատերը՝ լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ, ուստիեւ՝ նշված տեղեկության հրապարակային ներկայացումը չի համարվել լրատվության միջոցով իրականացված: Facebook սոցիալական մեդիա հարթակն առցանց ծառայություն է, որը հնարավորություն է տալիս ստեղծել օգտահաշիվ, տեղադրել տեղեկատվություն եւ այլն: Վերջինս հասարակության լայն շրջանակներում ընկալվում է որպես զանգվածային լրատվության միջոցներին փոխարինող այլընտրանքային տեղեկատվության աղբյուր, բայց միեւնույն ժամանակ այդ հարթակում տեղեկատվություն տեղադրող եւ տարածող ամեն ոք չէ, որ լրատվական գործունեություն իրականացնող է, հետեւաբար, համացանցում տեղեկատվության տարածման աղբյուր (սուբյեկտ) են հանդիսանում ոչ միայն լրատվական գործունեություն իրականացնողները, այլ նաեւ ցանկացած անձ, որն ազատ է թե՛ լրատվական գործունեություն իրականացնողների կողմից տեղադրված/տարածված տեղեկատվության՝ իր անձնական էջերում տնօրինման (մասնավորապես՝ իր անձնական էջում հրապարակելու/կիսվելու, խորագրելու, մեկնաբանություններ անելու), թե՛ սեփական տեղեկատվության տեղադրման, դրա տարածման հարցում: Ավելին, որոշ դեպքերում մասնավոր անձանց կողմից վարվող բազմաթիվ օգտահաշիվներ ներկայումս ապահովում են ավելի մեծ դիտելիություն եւ տեղեկատվության ավելի արագ տարածում, քան առանձին ԶԼՄ-ներ»:

ՍԴ-ն արձանագրել է, որ բոլոր այն դեպքերում, երբ զրպարտություն հանդիսացող տվյալները (անկախ հրապարակող սուբյեկտից) հրապարակային հարթակում (համացանցում) հասանելիության պայմաններում հերքելու եւ (կամ) դրանք հեռացնելու պահանջ են ներկայացնում՝ անհնար է: Հետեւաբար, պետք է գործեն անհրաժեշտ կազմակերպական այնպիսի կառուցակարգեր եւ ընթացակարգեր, որոնք կապահովեն անձի նկատմամբ իրականությանը չհամապատասխանող եւ նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալների (statement օf fact) ներկայացման պայմաններում (անկախ դրանք ներկայացրած սուբյեկտի) դրանք հրապարակայնորեն հերքելու եւ (կամ) դրանց վերաբերյալ իր պատասխանը հրապարակելու եւ (կամ) դրանք հեռացնելուն պարտավորեցնելու հնարավորությունը, քանզի նման հնարավորության բացակայությունը հակասում է Սահմանադրության 31 եւ 75-րդ հոդվածներին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.10.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031