Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանր մեղադրանքներ Մոսկվայից

Հոկտեմբեր 09,2024 12:00

Հայաստան պետության գոյությունը, փաստորեն, մարտահրավեր է Մոսկվայի ու Բաքվի համար

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովն օրերս հայտարարել է, թե Արեւմուտքը «սպառազինությունների արտոնյալ մատակարարումների եւ անվտանգության երաշխիքների դիմաց ձգտում է Հայաստանին դուրս հանել ՀԱՊԿ-ից»։ Ըստ նրա՝ Բաքվի հետ նրա հետագա հարաբերությունների հարցում սա Երեւանին ավելի մեծ կախվածության մեջ կդնի Հյուսիսատլանտյան դաշինքից։ «Իսկ հաշվի առնելով ՆԱՏՕ -ի միջնորդության ողջ նախկին փորձն աշխարհի ամենատարբեր տարածաշրջաններում, դաշինքի ամրագրումն Անդրկովկասում ակնհայտորեն չի նպաստի տարածաշրջանի կայունությանը»,- հավելել է նա։

ԱՊՀ անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում Բորտնիկովն ասել է. «Ամերիկացիներն ու եվրոպացիներն ակնհայտորեն շահագրգռված չեն Անդրկովկասում կայունության հաստատմամբ։ Երեւանին մղելով Բաքվի հետ բանակցությունների ձգձգման՝ Արեւմուտքը փորձում է գլխավորել ադրբեջանա-հայկական կարգավորման գործընթացը եւ հասնել տարածաշրջանում սեփական խաղաղապահ կոնտինգենտի տեղակայմանը՝ դե յուրե ՄԱԿ-ի, իսկ դե ֆակտո՝ ՆԱՏՕ-ի հովանու ներքո»,- ասել է նա։ Ըստ Բորտնիկովի՝ այդ խաղաղապահության հնարավորության մասին է վկայում այն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը «հետախուզական գործունեություն է ծավալում հօգուտ ՆԱՏՕ-ի՝ ընդդեմ Ռուսաստանի եւ նրա գործընկերների»։

Ռուսաստանից Հայաստանի եւ Արեւմուտքի ուղղությամբ մեղադրանքները գնալով սաստկանում են: Մոսկվան ու Բաքուն համահունչ, կարելի է ասել նույնիսկ, միմյանց փոխլրացնելով, նույն բովանդակությամբ մեղադրանքներ են հնչեցնում թե՛ Հայաստանի, թե՛ Արեւմուտքի հասցեին:

Հայաստանի կողմից սպառազինություն ձեռք բերելու քայլերը, այլ երկրների հետ մեր երկրի ինքնիշխանության պաշտպանության, անվտանգային հարցերով համագործակցությունը, փաստորեն, մարտահրավեր է Ռուսաստանի եւ Ադրբեջանի համար:

Մոսկվան ու Բաքուն որոշել են, որ Հայաստանին որեւէ այլ երկիր չպետք է սպառազինություն մատակարարի, Հայաստան պետությանը` անվտանգային հարցերով որեւէ պետություն չպետք է պաշտպանի ու աջակցի, ասել է թե` այն պետությունները, որոնք դա անում են` հայտարարվում են որպես Մոսկվայի ու Բաքվի թշնամին, քանի որ, ըստ նրանց, այդ կերպ` ոտնահարվում են Ռուսաստանի եւ Ադրբեջանի շահերը:

Այսինքն, ի՞նչ է մնում եզրակացնել… Այն, որ` Հայաստան պետության գոյությունը պարզապես մարտահրավեր է Մոսկվայի ու Բաքվի համար, ու հակասում է Մոսկվայի ու Բաքվի շահերին: Այս մասին արդեն ասվում է հստակ ու անթաքույց:

Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն անմիջապես արձագանքեց Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովի հայտարարություններին, թե Արեւմուտքը Հայաստանին մղում է ձգձգել Բաքվի հետ խաղաղության շուրջ բանակցությունները եւ մտադիր է գլխավորել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացն ու ՆԱՏՕ-ի կոնտինգենտ տեղակայել Հարավային Կովկասում։

«Այս մեկնաբանություններն ամբողջությամբ նոնսենս են, ռուսական ռեժիմին բնորոշ սուտ ու մանիպուլյացիա, որը փորձում է քողարկել Հայաստանին տված խոստումների եւ նրա նկատմամբ պարտավորությունների կատարման կրկնվող ձախողումները»,- հայտարարել է Ստանոն։

Ի ցույց ամբողջ աշխարհի` դաշնակցային պարտավորությունները չկատարելու, դաշնակցից երես թեքելու հարցում Ռուսաստանը «փայլուն» օրինակ ծառայեց: Ու հիմա բոլորովին էլ անսպասելի չէ, որ այդ մասին Արեւմուտքից Մոսկվային հիշեցնում են` ակնարկելով, որ գիտակցում են, թե որոնք են Մոսկվայի իրական նպատակները:

Բավական խոսուն էր Վաշինգտոնից օրերս հնչած եւս մեկ գնահատական: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի տեղակալ Ջեյմս Օ,Բրայենը հայտարարել է, որ Հարավային Կովկասի երկրների համար անցանկալի է Ռուսաստանի եւ Իրանի ստեղծած անվտանգության ճարտարապետությունը: «Ապագան, որը կառուցվում է Ռուսաստանի եւ Իրանի՝ որպես տարածաշրջանի (Հարավային Կովկասի) անվտանգության հիմնական մասնակիցների առանցքի շուրջ, անկայուն է եւ անցանկալի, այդ թվում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների համար»,-նշել է Օ՛Բրայենը:

Սա ուղերձ է այն մասին, որ Ռուսաստանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության վերջնական հաստատում չի ցանկանում, քանի որ Մոսկվան մինչ այժմ չի ապահովել, չի ապահովում եւ չի ապահովելու անվտանգություն մեր տարածաշրջանի համար: Ղարաբաղյան առաջին եւ երկրորդ պատերազմները ասվածի ամենավառ ապացույցն են:

Ինչ վերաբերում է Իրանի վերաբերյալ Օ՛Բրայենի գնահատականին, ապա Իրանը, գոնե մինչեւ վերջին զարգացումները, ձգտում էր Արեւմուտքի հետ որոշակի պայմանավորվածությունների հանգել: Հարեւան Իրանի հետ Հայաստանի հարաբերություններն առանձին քննարկման առարկա են: Երեւան-Թեհրան փոխհարաբերությունները որեւէ կերպ չպետք է դիտարկվեն` այլ երկրների եւ Իրանի հետ գոյություն ունեցող փոխհարաբերություններով եւ կամ դրանց բացակայությամբ:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 09.10.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Ռուսաստանը մեզ с потрохами վաճառեց ադրբեջանին, չթողեց նույնիսկ էդ սերժի ժամանակ ստորագրված համատեղ ՀՕՊ-ը օգտագործել երբ մեր զինվորներին ռմբահարում էին․․․․ մենք ռուսների հետ այլևս ճանապարհ չունենք անցնելու, 200 տարում մեզ մանրադրամ սարքած ինչի դեմ ասես փոխանակեցին, վերջինն էլ Արցախն էր․․․․ հերիք է էլ թասիբ ունեցող միթե չկա, որ այսքանից հետո էլի մտնի ռուսների խաղի մեջ ուր մենք իրենց քավորությամբ պարտվեցինք

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031