Առօրյականացումն անխուսափելի է, կայունացումն ավելի բարդ է անցնում
Երբ տեղի ունեցավ 1988-ի երկրաշարժը, շատերիս թվում էր, որ ամեն տարի դեկտեմբերի 7-ին սուգ է լինելու։ Խոսքը ոչ թե պաշտոնապես հայտարարված ինչ-որ միջոցառումների կամ հրապարակումների մասին է, այլ՝ մեր ներքին զգացողության։ Բայց հետո առօրյականությունը հաղթեց, ու թեեւ մենք հիշում ենք, թե ինչ է տեղի ունեցել այդ օրը, դժվար թե մարդիկ, որոնց ընտանիքներին այդ ողբերգությունը չի առնչվել, այդ օրը ցնցում են ապրում։ Այդպիսին է կյանքը, մարդկանցից այլ վարք ակնկալելը խելամիտ չի լինի։
Առօրյան չի կարող չհաղթել։ Հնարավոր չէ, որ նոյեմբերի 9-ի ծանրագույն շոկից հետո ես հիմա չարթնանամ, չսափրվեմ, չգնամ աշխատանքի։ Կամ յուրաքանչյուր սափրվելու ընթացքում պարտադիր մտածեմ՝ ա՛յ, ես հիմա առոք-փառոք ապրում եմ, իսկ ինձնից երեք անգամ ավելի երիտասարդ հազարավոր տղաներ նահատակվեցին, տասնյակ հազարավոր մարդիկ զրկվեցին իրենց տներից։ Կյանքը, ինչպես ասում են, շարունակվում է։
Սոցիոլոգներն ու հոգեբանները ասում եմ, որ նման աղետներից հետո հաջորդաբար տեղի են ունենում երկու տեսակի գործընթացներ։ Առաջինը վերը նկարագրված «առօրյա կայացումն» է, որը վաղ թե ուշ բոլորի մոտ տեղի է ունենում։ Իհարկե, լինում են բացառություններ. ես գիտեմ մարդկանց, որոնք 4 տարի առաջ «շեղվել» են եւ գուցե չկարողանան վերականգնել հոգեկան առողջությունը։
Կարդացեք նաև
Բայց կա հաջորդ փուլը, որն ավելի բարդ է եւ ավելի, կարելի է ասել, «սոցիալապես պայմանավորված»: Դա կայունացման շրջանն է, երբ ոչ միայն առօրյա գործողություններով, այլեւ մտքով մարդիկ հաշտվում են աղետի հետ, համոզում են իրենք իրենց ու ուրիշներին՝ «ի՞նչ է եղել որ»:
Եթե բերենք ռուսաստանյան հասարակության օրինակը, ապա կարելի է հիշել 2022 թվականի փետրվարի 24-ին հետեւած զարգացումները: Երբ Պուտինն Ուկրաինայի դեմ պատերազմ սկսեց, դա, իհարկե, շոկ էր: Բայց 2,5 տարի հնարավոր չէ շոկի մեջ ապրել: Այն մարդիկ, որոնք մնացին Ռուսաստանում եւ ընդդիմադիր կամ քաղաքացիական պայքար չեն ծավալում, ստիպված են իրենց դիրքորոշման (կամ դիրքորոշման բացակայության) համար «հիմնավորումներ» փնտրել:
Այստեղ, իհարկե, 100-ից ոչ պակաս տարբերակ կա: «Այո, վատ է, որ մենք պատերազմ ենք սկսել, բայց որ սկսել ենք, հիմա հո չե՞նք պարտվի»: «Երբ քո երկիրը կռվի մեջ է, ինչ էլ լինի՝ դու պիտի նրա կողքին լինես»: Սկսած այս՝ քիչ թե շատ «տրամաբանական» թվացող արդարացումներից, վերջացրած ռուսաստանյան քարոզչության հայտնի կլիշեներով. «Այդ Արեւմուտքն է մեզ վրա հարձակվել», «Եթե մենք չհարձակվեինք, Ուկրաինան կմտներ ՆԱՏO-ի մեջ ու մեզ վրա կհարձակվեր»: «Ուկրաինայում իշխանության գլխին նացիստներ են ու բանդերականներ, որոնք ուզում են ստրկացնել ռուսներին»: Եվ այլն: Եթե մարդիկ ընդունում են այդ կայունացնող փաստարկների «դոզան», ապա հանգիստ, վստահ եւ առանց ամոթի ապրելը դառնում է սովորական:
Մեզանում նույնպես առօրյականացմանը գալիս է փոխարինելու կայունացման փուլը: «Մեղավոր են նախկինները, կոռումպացված սպաները, դասալիքները, 5-րդ շարասյունը» եւ այլն: «Էդ սաղ ռուսների գործն է: Բայց չկա չարիք առանց բարիքի: Հեսա ռուսներին կքշենք, եւ օտ ի դո անկախ երկիր կդառնանք»: «Էս ընդդիմության հետեւից ժողովուրդը երբեք չի գնա»: «Բա դուք ո՞ւմ եք տեսնում, բացի Փաշինյանից, որ կարա էս երկիրը ղեկավարի»: «Բա դուք չե՞ք տեսել, էս տարիներին ինչ լավ ճանապարհներ են սարքվել»: «Ի՞նչ է, նորի՞ց պատերազմ եք ուզում»: Դրանք նույնպես «դեղահաբեր են», որոնց նպատակը միանգամայն պարզ է ու հասկանալի՝ կայունացնել ներքին հոգեկան վիճակը, ապրել առանց ամոթի, նվաստացման զգացողություն:
Փորձել պայքարել կայունացման դեմ, ինձ թվում է, անիմաստ զբաղմունք է: Պարզապես կան մարդիկ (ես՝ նրանց թվում), որոնք ոչ թե չեն ձգտում կայունացման, այլ՝ նրանց չեն բավարարում առաջարկվող «դեղահաբերը»: Չգիտեմ, ի՞նչ է պետք անել, որ այդ «հաբերի» թունավոր լինելը հասկանալի լինի:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
09.10.2024
«Հնարավոր չէ որ ես հիմա չարթնանամ…» եւայլն., որ ասում էք, դա նշանակում է որ այդքան ալ այդպէս չէ…
Թէկուզ ոչ նախնական սաստկութեամբ, սակայն շատերուս համար խանգարումը՝ դարմանելի չէ: Երբեք պիտի չկարողանանք լրիւ առաջուայ նման՝ արթննալ, սափրուիլ, գնալ աշխատանքի… մասնակցիլ ուրախ առիթների…
Մնացեալը չափի, աստիճանի հարց է: Անձնական խառնուածքի:
Դեռ վաթսուն տարեկանիս չհասած, ինծի համար կեանքը որոշ չափով մթագնած է, վերջնականապէս եւ ցմահ, տեղի ունեցած Հայոց Աղէտին պատճառով:
Դուստրս ամուսնացուցի, ամիս մը առաջ: Խնճոյքի ընթացքին, ժամերով, բառացիօրէն՝ պահուըտեցայ.. սրահին պատերուն տակը, շուքերուն մէջ… մէկ վայրկեան իսկ չկարողացայ պարել… իսկ եթէ միայն գիտնայիք թէ նախապէս ինչպէս քէֆ կ’անէի… կարգին party animal մըն էի…
Այս մտային խախտումից փախչիլ փորձելը, ի զուր է:
Պիտի սորվինք այս կերպով ապրիլ, մինչեւ վերջ, մեր նոր կեանքը:
Նկատի առնելով որ դեռ պիտի ստանանք յաւելեալ, գալիք հարուածներ:
Մ. Հայդուկ Շամլեան