Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Ալիեւին հաջողվում չստորագրել «խաղաղության պայմանագիրը»

Հոկտեմբեր 09,2024 10:00

«Եթե 1992 թվականին մայիսի 8-ը նշվել է որպես Շուշիի ազատագրման օր, ապա անցնող օրերը Հայոց պատմության մեջ կմտնեն որպես Շուշիի պաշտպանության փայլուն օրեր։ «Գյոռբագյոռ» ռազմագործողությունը հաջողությամբ շարունակվում է», – 2020 թվականի նոյեմբերի 6-ին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարում էր Արծրուն Հովհաննիսյանը։ Շուշիի անկումից երկու օր առաջ (իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ անկման օրը) պաշտոնական քարոզչությունը պնդում էր, որ այդ իրադարձությունը տեղի չի ունենա: Քիչ հավանական է, որ այդ պահին Հայաստանի իշխանությանը հայտնի չէր ճշմարտությունը: Այնուամենայնիվ, անհրաժեշտություն կար մինչեւ վերջին պահը հանրությանը մոլորեցնելու:

Հիմա նույն քարոզչությունն ուզում է մեզ համոզել, որ մոտակա երկու ամսում՝ մինչեւ Բաքվում կայանալիք COP29 համաժողովը, ինչ-որ շանսեր կան, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիր» ստորագրելու: Իհարկե, նման պայմանագիրը, եթե նույնիսկ այն ստորագրվի, պարզապես թղթի կտոր է լինելու՝ դրա երաշխիքը նույնքան հուսալի է, որքան Կիրանցում դրված սահմանային սյուները: Բայց նույնիսկ այդպիսի խորհրդանշական քայլի Ալիեւը չի ցանկանում գնալ՝ առաջ քաշելով նորանոր նախապայմաններ՝ «փոխեք սահմանադրությունը», «պատժեք պատերազմի հանցագործներին» (նրանց, ովքեր ազատագրել են Արցախը), «անհետ կորածները», «300 հազար արեւմտյան ադրբեջանցիները», «անկլավները», «միջանցքը» եւ այդպես շարունակ: Ի՞նչ «խաղաղության պայմանագրի» մասին է խոսքը:

Այստեղ էական է երկու հարց: Առաջինն այն է, թե ինչու է Ալիեւը հետաձգում «խաղաղության պայմանագիրը»: Եվ պատասխանն այստեղ պարզ է. որովհետեւ ցանկանում է ստանալ ավելին, քան ստացել է: Որ դրա հնարավորությունը կա՝ ցույց է տալիս հենց Հայաստանի իշխանությունների կեցվածքը, որը ծպտուն չի հանում Արցախի էթնիկ զտման, ՀՀ տարածքի օկուպացիայի եւ Բաքվում գտնվող գերիների մասին:

Մեկ այլ հարց է, թե ինչի՞ շնորհիվ է Ալիեւը կարողանում հետաձգել պայմանագրի ստորագրումը: Այստեղ, կարծում եմ, գործոնները շատ են: Ամենակարեւորներից մեկը թերեւս այն է, որ նա հաջողությամբ է կարողանում «թռչկոտել» ձեւաչափից ձեւաչափ: «Շարլ Միշելի ձեւաչափով» ստանալով հավաստիացումներ, որ Արցախն Ադրբեջանի մասն է (Ալմա-Աթայի հռչակագրի անկապ հիշատակմամբ), Ալիեւն այդ ձեւաչափն այլեւս անհեռանկարային համարեց եւ կտրուկ անցավ ռուսականին:

Փաշինյանն այդ «թռիչքների» հետեւից չի հասցնում: Գուցե «տեմպի կորուստը» փորձում է փոխհատուցել դեպի հակաարեւմտյան «ԲՐԻԿՍ» դաշինքը կողմնորոշվելով: Ի դեպ, ի՞նչ է այդ առիթով մտածում Փաշինյանի «արեւմտամետ» back vocal-ը: Կարծում եմ, հիմա ճիշտ ժամանակն է ԵՄ-ի համար ստորագրություններ հավաքելու:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. նիկոլին հաջողվել է հայերին ստորացնել` նրանց նորմալը դարձել է հույսը, հավատը որ ‘ինչ-որ շանսեր կան’ ինչ որ բան ստորագրելու:

    նիկոլին հաջողվեց անպատիժ պահել պատժելին

    Ահա թե ինչու է ալիեւը հետաձգում ‘խաղաղության պայմանագիրը`: Տեսնում է որ դեռ անկումը տեղ չի հասել:

    ինչի՞ շնորհիվ է Ալիեւը կարողանում հետաձգել պայմանագրի ստորագրումը: Այո, նա հաջողությամբ է կարողանում ‘թռչկոտել’ ձեւաչափից ձեւաչափ: Որտե՞ղ են այդ ձևաչափերը (trampolines) արտադրվում` ԵՄ, ՄԹ և ԱՄՆ պետդեպարտմենտներում: ալիևը իրենց գործիքն է, նա իրենց պետք է: Նույն կերպ ինչպես նիկոլը պետք է ալիևին:

    Իսկ ո՞ւմ գործիքն է ԵՄ, ՄԹ, ԱՄՆ եռյակը: Կար ժամանակ մեկ այլ Միություն էլ կար ՍՍՀՄ: Ո՞վ ծնեց ու ո՞վ սպանեց գիտե՞ք:

  2. Կարծում եմ ոչ մի կողմին պետք չէ այդ ‘խաղաղության պայմանագիրը’: Այն միայն կստեղծի անցանկալի բարդացում բոլոր կողմերի համար: նիկոլը կզրկվի ալիևի համար կարևոր լինելուց ու վերարտադրվելը կձախողվի: էրդողանը կզրկվի մեծ թուրանի ղաքափարը իրականությանը մոտեցնելուց Սյունիքի միջանցքով: պուտինը կզրկվի Կովկասում ոտատեղից ու սովետի նոր տարբերակ ծնելուց: Եվրոպան և մյուս ‘զարգացածները’ կզրկծեն հնարավորությունից օգտագործել տարածաշրջանը Իրանի դեմ պատերազմում` խաղաղությունը իրենք են չէ բերել, հո չեն հենց իրենք էլ խախտելու…

    Սակայն ամենաշատը կտուժի ալիևը.
    ալիևը կզրկվի էրդողանի համար կարևոր լինելուց,
    պուտինի վրա իբրև թե ազդեցություն ունենալուց,
    նեթանյահուին նաֆթ-զենքի դիմաց արևտրի շուքի տակ Իրանի դեմ պլացդարմ ծառայելու պատվից…
    Բայց ամենամեծ բանը, որ կզրկվի դա չճանաչելը որ կա Հայկական պետություն: Այստեղից բխող բոլոր հետևանքներով. հայոց պատմություն, հայոց լեզու, հայերենի այբուբեն, հայկական մանրանկարչություն, Կոմիտաս, Սայաթ նովա, Ներսես Շնորհալի, Վարդան Այգեգկցի, Մեսրոպ Մաշտոց, Գրիգոր Նարեկացի, Սերգեյ Փարաջանով…Հայկական Բարձրավանդակ… Պատկերացնո՞ւմ եք ինչ դաժան բան է ալիևի համար ընդունել այս իրականությունը, որը կոչվում է Հայք: Այս պահին նիկոլի ջանքերով ճժմված ‘խաղաղության պայմանագիր’ ֆուտբոլի գնդակի մեջ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031