Լրահոս
Օրվա լրահոսը

«Սամվել Բաբայանի հետ որեւէ հանդիպման այսօր ես չեմ եղել». Դավիթ Գալստյան

Հոկտեմբեր 08,2024 23:00

«Այսօր որեւէ հանդիպման հրավեր չենք ստացել: Սամվել Բաբայանի հետ որեւէ հանդիպման այսօր ես չեմ եղել: Համենայնդեպս, եթե հանդիպում եղել էլ է, մենք տեղյակ չենք եւ ներկա չենք եղել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:

«Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն օրերս հայտարարել էր, որ առաջարկներ է ներկայացրել Արցախի իշխանություններին՝ ԱՀ պետական կառույցների գործունեության հետ կապված, ինչպես նաեւ՝ արցախցիների սոցիալ-տնտեսական հարցերի վերաբերյալ: Իր առաջարկի մասով հերթական քննարկումը պետք է որ այսօր կայացած լիներ:

Հարցն այն է, որ 2025 թվականի մայիսի 21-ին ավարտվում է Արցախի խորհրդարանի լիազորությունների ժամկետը: Արցախի կորստից հետո, ըստ էության, ԱՀ ԱԺ-ն միակ պետական կառույց է, որը գործել է, բայց, լիազորությունների ավարտով՝ այն դադարելու է գործել: Սպառվում է նաեւ նախագահի լիազորությունների ժամկետը: Արցախի իշխանություններն այժմ քննարկում են հնարավոր տարբերակները՝ ԱՀ ԱԺ լիազորությունները շարունակելու, ինչպես նաեւ նախագահի եւ կառավարության գործունեությունն ինչ-որ կերպ վերականգնելու համար։

Սամվել Բաբայանն առաջարկել է, որ ստեղծվի կոմիտե, որը կփոխարինի պետական ինստիտուտներին: Դավիթ Գալստյանի պնդմամբ, այդ առաջարկին գրեթե բոլորը, բացի «Միասնական հայրենիք» խմբակցությունից, դեմ են արտահայտվել, քանի որ կարծում են, որ այդ պարագայում վտանգվում է ԱՀ պետական ինստիտուտների գործունեությունը:

«Այդ մասին ասվել է, բայց չգիտեմ թե ինչո՞ւ է հանրային դաշտում Սամվել Բաբայանը շահարկում, թե իր առաջարկին բոլորը համաձայն են եղել: Սակայն, իրեն հստակ ասվել է՝ եթե խոսքը գնում է, որ Հայաստանի իշխանությունները այս կամ այն անձի հետ չեն ուզում շփվել, եթե կա անձերի խնդիր, օրինակ՝ սոցապնախարար, պետնախարարի խնդիր, ապա, եկեք մտածենք, որպեսզի այդ անձանց փոխարինենք այնպիսի անձերով, որոնց հետ ՀՀ իշխանությունները կաշխատեն: Բայց ՀՀ իշխանությունները փորձում են Արցախի պետական ինստիտուտները տապալել եւ այն առաջարկը, որը Սամվել Բաբայանն էր արել, չի ընդունվել ու ինչ-որ տեղ, դա հենց այն էր, ինչը որ ՀՀ իշխանություններն ուզում են»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Դավիթ Գալստյանը նաեւ մանրամասնեց, որ այժմ իրավաբանական խումբը՝ Արցախի օրենսդիր եւ գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ համատեղ հանձնախմբում, փորձում է մշակել ռազմավարությունը, թե ի՞նչ հնարավոր տարբերակով եւ ի՞նչ հարթակներում կարող են Արցախի օրենսդիր եւ գործադիր իշխանությունները շարունակել գործունեությունը 2025-ի մայիսից հետո: Նա վստահ է՝ տարբերակներ կան, քննարկումների արդյունքում կգտնվի լավագույնը:

Հետաքրքրվեցինք՝ եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Արցախից, հարցը համարում է փակված, խնդիրը ո՞րն է, որ Սամվել Բաբայանն աջակցի նրան՝ Արցախի պետական կառույցների գործունեությունը կասեցնելու հարցում: Դավիթ Գալստյանի պատասխանն այսպիսինն էր. «Եթե Արցախի հարցն իրականում փակված լիներ եւ լուծված, ապա նմանատիպ հարց չէր առաջանա, բայց, քանի որ թե Նիկոլ Փաշինյանը, թե այլք հասկանում են՝ քանի կան Արցախի պետական ինստիտուտները, դրանց ներկայացուցիչները պարբերաբար հանդիպումներ են ունենում միջազգային կառույցների անդամների հետ, հարցը օրակարգում կա: Արցախի հարցն իրենց իշխանության սեփականությունը չէ, որ փակեն, ուստի փորձում են արցախցիների ներսում պառակտում մտցնել՝ ցանկացած միջոցով. օրինակ, ԱՀ ներկայացուցչության մոտ խժդժություններ հրահրել եւ ՀՀ իշխանությունները հայտարարեն, որ այդ շենքի մոտ պարբերաբար անկարգություններ են լինում, ուստի նպատակահարմար են գտնում այդ կառույցը փակել: Մտածում են, որ այդպիսով կարող են Արցախի հարցը փակել: Հուսով ենք, մոտ ապագայում կունենանք այնպիսի իշխանություն, որը ոչ թե կփորձի Արցախի հարցը փակել կամ այն ներկայացնել բեռ, ինչպես օրվա իշխանությունն է անում, այլ կփորձի վերականգնել Հայաստանի անվտանգության դարպասը»:

Անդրադառնալով Սամվել Բաբայանի հերքումներին, թե ԱՀ ներկայացուցչության մոտ ցուցարարներն իր աջակիցները չեն, Դավիթ Գալստյանն ասաց. «Համենայնդեպս, հանրային խոսքում մարդիկ խոսում էին, որ կազմակերպիչը Սամվել Բաբայանն է: Նաեւ՝ ճանաչելով այդ մարդկանց, կարող ենք ասել, որ նրանք Սամվել Բաբայանի աջակիցներն էին: Հավանաբար, հավաքի սակավամարդ լինելու պատճառով է, որ Սամվել Բաբայանը խուսափում է ներկայացնել իբրեւ իր աջակիցներ: Եթե հազարից ավել մարդ հավաքված լիներ, համոզված եմ, որ Սամվել Բաբայանը կխոստովաներ, որ հենց ինքն է կազմակերպիչը: Ամեն դեպքում, իր հարցազրույցում ինքնը հայտարարեց եւ իր աջակիցները, որոնց ճանաչում եմ, ֆեյսբուքյան գրառումներ արեցին՝ մարդկանց հրավիրելով Արցախի ներկայացուցչության մոտ՝ ինչ-որ պահանջներ ներկայացնելու»:

Իսկ դիտարկմանը, որ այսօր, Մոսկվայում, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ ՀՀ-ն պատրաստ է այս ամիս ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության կոչվող համաձայնագիրը, ըստ որի Արցախը համարվում է Ադրբեջանի մաս, Դավիթ Գալստյանը պատասխանեց, որ 2020 թվականից հետո Նիկոլ Փաշինյանը նմանատիպ հայտարարություններ է անում՝ պատեհ-անպատեհ, բայց, ըստ էության, այդպիսով նա փաստացի խաբում է հանրությանը, թե իբրեւ գործով է զբաղված. «Քնած ժամանակ հային կացնահարած անձին հերոսացնող ազգը չի կարող հայի հետ ունենալ խաղաղություն. ձգտելու է տիրանալ Հայաստանին: Իսկ Փաշինյանի իշխանությունը հլու-հնազանդ կատարում է Ալիեւի պահանջները: Պարտության սիմվոլներն են այսօր հայի անունից բանակցում եւ հետընթացներ դեռ կարձանագրենք, եթե նրանք շարունակեն պաշտոնավարել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Հ. Գ. Մեր տեղեկություններով, այսօր հանդիպում եղել է, որին մասնակցել են ԱՀ նախագահը, Պետնախարարը, ԱԺ նախագահը եւ Սամվել Բաբայանը: Քննարկումների արդյունքում որեւէ եզրակացության չեն եկել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031