«Դեպի ճամբար-հատուկ ջոկատ» գեղարվեստական ֆիլմի ստեղծագործական խմբի անդամները Կինոմոսկվայում մանրամասներ ներկայացրին ֆիլմի վերաբերյալ:
Սցենարի հեղինակ, պրոդյուսեր եւ դերասան Գրիգոր Դանիելյանը պատմեց, որ ֆիլմի հիմքում ընկած է «Դեպի ճամբար» նախագիծը, որը սկսվել է 2019 թվականից, սիրվել է հասարակության տարբեր շերտերի կողմից, դրա համար էլ որոշել են գեղարվեստական ֆիլմ ստեղծել: Ֆիլմի գլխավոր հերոսները երեխաներ են, ֆիլմն էլ, ըստ հեղինակների, ընտանեկան դիտման համար է: Պատմությունը մի աղջկա մասին է, որը կարեւոր գործով վկայի դուստր է, ինչի պատճառով նրան թաքցնում են ճամբարում:
Ռեժիսոր Կարեն Ամյանը ներկայացրեց, թե որքան դժվար էր աշխատել երեխաների հետ. «Հիմնական խնդիր այն էր, որ երեխաներին չհոգնեցնենք, բայց միաժամանակ ստանանք որակյալ տեսարաններ։ Այս երկուսի համատեղումը բավական բարդ էր»։
Դերասան Ալբերտո Դանիելյանը, անդրադառնալով ֆիլմի ընթացքում տղաների մազերը կտրելու դրվագին, նշեց, որ դա համատեղ որոշում էր. «Մեզ համար կարևոր էր լավ տեսարաններ ստանալը, դրա համար համաձայնեցինք առանց մազերի նկարահանվել»։
Ֆիլմում շեշտադրված են ընկերասիրության, համախմբվածության եւ բարու գաղափարները։ «Կարեւոր էր ընդգծել, որ հերոսականությունը ծնվում է միասնականությունից, ոչ թե մեդալների կամ անհատական արժանիքների շնորհիվ»,- ասաց Դանիելյանը։
Լիլիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ