Իշխան Աղաջանյանը«Նաիրիտ գործարանի» նախկին ավագ գիտաշխատողն է: Նա 2010 թվականին աշխատանքից ազատվել է, իր պնդմամբ «168 Ժամ» թերթին տված հարցազրույցի համար: Հարցազրույցում Աղաջանյանը պատմել էր ընկերությունում աշխատանքների կազմակերպման հարցերում տեղ գտած բացթողումների մասին: Աղաջանյանն իրեն աշխատանքից ազատելու որոշման պատճառների մասին բաց նամակով դիմել էր նաեւ այն ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Նախագահին ուղղված բաց նամակից տեղեկանում ենք, որ Աղաջանյանը գործարանի քլորոպրենի արտադրամասում առկա թերությունների մասին բազմիցս հայտնել է գործարանի ղեկավարությանը:
Հիշեցնենք, որ հենց այս արտադրամասում 2009-ին պայթյուն գրանցվեց, գործարանի 4 աշխատակից զոհվեց:
Ըստ Աղաջանյանի՝ դեռեւս 2008թ.-ին գործարանի ղեկավարությանը բազմիցս տեղյակ է պահել քլորոպրենի արտադրամասում եղած թերությունների եւ նրանց վերացման անհրաժեշտության մասին: 2008թ.-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ներկայացրել է զեկուցագրեր քլորոպրենի արտադրամասի տեխնիկական թերությունների եւ նրանց վերացման ուղիների մասին, որոնց ներդրումը ծախսեր չի պահանջում, որոնք կարող են ապահովել տարեկան 2,6 միլիարդ դրամից ավելի օգուտ, 10 հազար տոննա կաուչուկի արտադրության դեպքում: Միաժամանակ կտրուկ բարձրանում է աշխատանքի անվտանգությունը…. 2009թ-.ի մայիսի 14-ին քլորոպրենի արտադրամասում հրդեհ բռնկվեց, եղավ պայթյուն, գործարանի չորս աշխատակիցներ զոհվեցին, գործարանը կրեց 1,5 միլիոն դոլարի վնաս (գլխավոր տնօրենի խոսքերով):
Կարդացեք նաև
Աղաջանյանը համոզված էր՝ հենց այս քննադատության համար են իրեն հեռացրել: Նա աշխատանքից ազատվելու որոշումը բողոքարկել էր ներպետական բոլոր ատյաններում ու հասել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Եվ ահա այսօր՝ Աղաջանյանի աշխատանքից հեռացվելուց 14 տարի անց ՄԻԵԴ-ը հրապարակեց Աղաջանյանի գործով վճիռը: Եվրոպական դատարանը գտել է, որ Աղաջանյանի դեպքում խախտվել է միջազգային պայմանագրով ՀՀ ստանձնած մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 10-րդ հոդվածով սահմանված ազատ արտահայտվելու իրավունքը: Հետեւաբար, դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում ՀՀ-ն պետք է Աղաջանյանին փոխհատուցի 4500 եվրո ոչ նյութական վնասի համար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ