Այսօր Գյումրու Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում բացվեց «Արմենպրես» լրատվական գործակալության արխիվային բացառիկ լուսանկարների ցուցադրությունը, որը կրում է «Դարի վավերագրություն» խորագիրը։
Գյումրեցիներին ներկայացվեցին մոտ 45 լուսանկարներ, որոնցում, ըստ «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Նարինե Նազարյանի, արտացոլված են 20-րդ դարի ընթացքում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունները՝ սպորտային ու մշակութային նվաճումներից մինչև քաղաքական զարգացումներ, համաշխարհային մեծության դեմքերի այցելություններ, պատմամշակութային հուշարձանների վերակառուցումից մինչև արդյունաբերություն։
«Գյումրին ցավոտ, բայց լուսավոր կտոր է այս պատմության մեջ»,-ասաց բանախոսը։
Գյումրին այս ցուցադրության մեջ ներկայացված էր սիրված ֆիլմերի՝ «Մեր մանկության տանգոյի», «Հին օրերի երգի» նկարահանման ընթացքում արված լուսանկարներով, Յուրի Վարդանյանի հաղթանակներով, Շառլ Ազնավուրի՝ երկրաշարժի ժամանակ կատարած այցով, Լենինականի «Լենտեքստիլ» գործարանով։
Նարինե Նազարյանը տեղեկացրեց, որ մայրաքաղաքից հետո այն երկրորդ ցուցադրությունն է՝ հանրապետության երկրորդ քաղաքում, որի նպատակը «երկրի տասնամյակների պատմության դառը ու քաղցր օրերի հաղորդակիցը դարձնելն է գյումրեցիներին»։
«Դարի վավերագրություն» խորագրով արխիվային լուսանկարների ցուցադրությունը յուրահատուկ վիզուալ ճանապարհորդություն է, հնարավորություն պատկերների միջոցով մեր գիտակցության մեջ վերստեղծելու այն բոլոր կարևոր իրադարձությունները, որոնց մասին լսել ենք ու կարդացել, որոնց համար հուզվել ենք ու աղոթել, որոնք պարզապես ապրել ենք»,-ասաց Նարինե Նազարյանը։
Նա հիշեցրեց, որ «Արմենպրես» լրատվական գործակալությունը 106 տարեկան է, իսկ գործակալության ֆոտոծառայությունն այս տարի կտոնի հիմնադրման 65 ամյակը։
«Մենք խորապես գիտակցում ենք դարի ստեղծած ժառանգության կրողները լինելու մեր պատասխանատվությունը»,-ասաց բանախոսը։
Նա ասաց նաև, որ «Արմենպրեսում» պահպանվող միլիոնավոր ժապավաններն ու թվայնացված լուսանկարները պահոցներում մնալու իրավունք չունեն, և դրանք տարբեր նախաձեռնություններով կդառնան հանրության սեփականությունը․ իրենք ծրագրավորում են պարբերաբար ներկայանալ թեմատիկ ցուցադրություններով։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ