Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆրանսիայի օրենսդրությունը հնարավորություն է տալիս խախտում կատարելու դեպքում տուգանել առցանց հարթակներին մինչև իրենց տարեկան եկամտի վեց տոկոսի չափով»․ Ֆրեդերիկ Բոկոբզա

Հոկտեմբեր 08,2024 17:29

«Քարոզչությունն ամենաբարդ հարցերից է, որի դեմ պայքարում ենք։ Այս հարցում ևս հիմնվում ենք առցանց հարթակների կարգավորման վերաբերյալ ԵՄ կարգավորումների վրա»,-Aravot.am-ի հարցին՝ Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակն (Mediterranean Network of Regulatory Authorities MNRA) ի՞նչ գործիքակազմ ունի պայքարելու քարոզչության դեմ, ինչի զոհ են դառնում շատ երկրներ՝ օրինակ՝ ՀՀ-ն, այսպես պատասխանեց Ֆրանսիայի ARCOM կարգավորող մարմնի փոխնախագահ Ֆրեդերիկ Բոկոբզան։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակի (Mediterranean Network of Regulatory Authorities MNRA) 23-րդ տարեկան համաժողովն այս տարի անցկացվում է ՀՀ-ում։ Հոկտեմբերի 7-10-ը Երևանում անցկացվող համաժողովին մասնակցում են հարթակին անդամակցող 23 պետությունների ներկայացուցիչներ Ֆրանսիայից, Հունաստանից, Իտալիայից, Իսպանիայից, Մարոկկոյից, Կոսովոյից, Սերբիայից, Պորտուգալիայից, Մոնտենեգրոյից, Մակեդոնիայից և այլ երկրներից։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը մեկ տարով ստանձնեց Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակի նախագահի պաշտոնը։

Ըստ Ֆրեդերիկ Բոկոբզայի՝քարոզչության դեմ պայքարում նաև կարևոր է կարգավորող մարմինների համագործակցությունը․ «Բավականին բարդ է պայքարել քարոզչության դեմ, նախ պետք է սահմանվի, թե ինչ է քարոզչությունը, նաև պետք է հնարավորություն տալ ապացուցելու, որ այն, ինչ խնդրահարույց է, դա քարոզչություն չէ։ Պետք է նաև ստեղծել համագործակցային մթնոլորտ, որպեսզի հետագայում՝ օրինակ` ընտրությունների կամ այլ խնդիրների ժամանակ քարոզչության և ապատեղեկատվության վերաբերյալ ավելի հեշտ կարողանան առցանց հարթակները ապացույցներ ներկայացնել։ Այնպես չլինի, որ միայն պատժամիջոցներ ենք կիրառում»։

Ֆրեդերիկ Բոկոբզան ասաց՝ լուրջ մարտահրավերներ են թվային հարթակների, սոցիալական մեդիայի կարգավորումները, ինչպես նաև հանրությանը՝ մասնավորապես անչափահասներին ապատեղեկատվությունից պաշտպանելը։

Իսկ թե ինչպե՞ս են կարգավորվում թվային հարթակները Եվրոպայում, ինչպիսի՞ն է ֆրանսիական փորձը, Ֆրեդերիկ Բոկոբզան ասաց․ «Ունենք կարևոր օրենսդրական դրույթներ, որոնք հիմնված են Եվրոպական միության կողմից ստեղծված թվային հարթակների մասին կոնվենցիաների վրա, որը մեզ լայն հնարավորություն է տալիս ԵՄ այլ անդամների հետ միասին կարգավորել թվային հարթակները, պայքարել ատելության խոսքի, ապատեղեկատվության դեմ, ինչպես նաև ունենք լիազորություններ մշտադիտարկման ենթարկելու այդ հարթակները, ունենք նաև պատժամիջոցներ կիրառելու հնարավորություն։ Այն օրենսդրական ակտը, որ գործում է Ֆրանսիայում, հնարավորություն է տալիս խախտում կատարելու դեպքում տուգանքել առցանց հարթակներին մինչև իրենց տարեկան եկամտի վեց տոկոսի չափով, որը բավականին մեծ գումար է։ Դեռ չենք կիրառել, հուսով ենք՝ չենք էլ կիրառի»։

Մարոկկոն Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակի հիմնադիր երկրներից է, ինչպես Ֆրանսիան, Իտալիան, Պորտուգալիան և Հունաստանը։

Մարոկկոյի տեսալսողական հաղորդակցության բարձրագույն կարգավորող մարմնի միջազգային համագործակցության պատասխանատու, Միջերկրածովյան կարգավորող մարմինների գլխավոր քարտուղարության ներկայացուցիչ Մուհամեդ Ամինե Էլբուազային տեղեկացրեց՝ այս պահին աշխատում են, որ թվային հարթակները նույնպես ներգրավվեն կարգավորման մեջ, քանի որ զարգացումները գնում են դեպի թվային հարթակների կարգավորումներ։

ՀՀ-ի նախագահությունից սպասելիքների մասին ասաց․ «Մեր սպասումները հիմնականում նրանք են, որ հետևենք այն զարգացումներին, որոնք տեղի են ունենում կարգավորման ոլորտում և շարունակենք ավելի սերտ համագործակցությունը կարգավորման մարմինների հետ։ Հուսով ենք, որ Հայաստանը՝ որպես նախագահող երկիր կունենա իր ներդրումը այդ համագործակցությունների մեջ»։

Նշենք, որ MNRA 23-րդ տարեկան համաժողովի օրակարգային թեմաներից են ռադիոյի ապագան, թվայնացումը, թե ինչպիսի խնդիրներ են առկա, արհեստական բանականությունը, որն այսօր արագ զարգացող ոլորտ է և թե այն ինչ ազդեցություն կարող է այն ունենալ կարգավորման ոլորտում։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031