«Փաշինյանի՝ Ռուսաստան կատարած այցի նպատակը իրավիճակը որոշակիորեն բալանսավորելն է։ Ըստ իս՝ Նիկոլ Փաշինյանի մոտ եղել է զգացողություն, որ Հայաստանի վարած քաղաքականությունը ճակատագրական առումով կարող է բեկվել դեպի Արեւմուտք, ինչը լուրջ ռիսկեր կառաջացնի Ռուսաստանի համար։ Հետեւաբար, համարժեք արձագանք կլինի թե Ռուսաստանից, թե Իրանից»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ կատարած այցին։
ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Պուտինը, նախքան Փաշինյանի հետ հանդիպումը, հանդիպել է նաեւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ։
Ավելի վաղ տեղեկություն էր եղել, թե Կրեմլում նախատեսված է եռակողմ՝ Հայաստան -Ռուսաստան-Ադրբեջան հանդիպում։ Սակայն ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է, ոչ եռակողմ հանդիպում չի կայանա։
Կարդացեք նաև
Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում Պուտինը նշել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունները զարգանում են։ Նաեւ ասել է, որ Ռուսաստանն առաջատար ներդրողն է Հայաստանի տնտեսության մեջ։
Հակոբ Բադալյանը, անդրադառնալով Փաշինյան-Պուտին հանդիպմանը, ասաց՝ Ռուսաստանն ավելի շուտ խնդիր է դրել թույլ չտալ հայ-ադրբեջանական տիրույթում իր վերահսկողությունից դուրս որեւէ համաձայնություն եւ փաստաթղթի ստորագրում, քան ինքը փորձում է հասնել որեւէ փաստաթղթի համաձայնեցման։
«Ռուսաստանի համար հիմա շատ ավելի կարեւոր է, թե ինչպես կավարտվեն խորհրդարանի ընտրությունները Վրաստանում։ Մոսկվայի համար շատ կարեւոր է կենտրոնանալ Վրաստանում իրավիճակը պահելու ուղղությամբ, որովհետեւ հասկանալի է, որ Վրացական երազանքի դիրքերի պահպանումը Ռուսաստանի համար ավելի շահավետ է։ Եվ այս տեսանկյունից՝ Ռուսաստանի համար հիմա Հայաստանի եւ Ադրբեջանի հարցը որոշակիորեն դարձել է Վրաստանի թիկունք։ Եվ իմ գնահատմամբ՝ շահագրգռություն կա ուղղակի թիկունքում անակնկալներ չստանալ։ Եվ Պուտինը հիմա փորձում է այս շփումների միջոցով լուծել այդ հարցը»,- նշեց Հակոբ Բադալյանը։
Հարցին, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ այս փուլում որեւէ հարթակում որեւէ փաստաթղթի ստորագրում հավանական համարո՞ւմ է, Հակոբ Բադալյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ նման բան կարող է տեղի ունենալ, եթե Հայաստանը նվազագույնը եւս մեկ քայլով զիջի։ Տեսնում ենք, որ Ադրբեջանը բացարձակ մտադիր չէ որեւէ փաստաթուղթ ստորագրել, որն իր համար ինչ-որ պարտավորություն կենթադրի։ Հակառակը, Ադրբեջանն ավելացնում է Հայաստանի նկատմամբ պահանջները։ Մենք տեսնում ենք, որ նույնիսկ Սահմանադրական դատարանի որոշումը չբավարարեց Ադրբեջանին։ Դա նշանակում է՝ Ադրբեջանը շարունակում է օրակարգում պահել Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը։ Դրան գումարվեց այն, որ հիմա էլ պահանջում են պատժել Արցախյան առաջին պատերազմի նշանակալի դերակատարներին»։
Եվ այս ամենի համատեքստում, Հակոբ Բադալյանի խոսքով, փաստաթուղթ կարող է ստորագրվել միայն այն դեպքում, եթե Հայաստանը զիջի։ «Ես կարծում եմ, որ Հայաստանը համենայնդեպս փորձելու է դիմակայել, կստացվի, թե ոչ, դա հարց է։ Իմ կարծիքով՝ այս հարցը լուծելու համար է Փաշինյանը վերջին շրջանում ուշադրության արժանացրել մոսկովյան ուղղությունը»,- հավելեց մեր զրուցակիցը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ