Հոկտեմբերի 6-ին ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հրետանային դիվիզիոնի կրակային դիրքից մոտ 30 մետր հեռավորության վրա հայտնաբերված նույն դիվիզիոնի զինծառայող Վահե Հարությունյանի մահվան դեպքով երեկ ձերբակալվել, ապա կալանավորվել է նույն զորամասից մի սերժանտ: Այս մասին Aravot.am-ին հայտնեց Սյունիքի մարզի Ագարակ համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը: Մահացած զինծառայողը Ագարակից էր:
Հիշեցնենք, որ մահացած զինծառայողի դին հայտնաբերվել էր գլխի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով:
Առայժմ մահվան վարկածը ինքնասպանությունն է:
Պարոն Անդրեասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հանդիպել է մահացած զինծառայողի ծնողներին: Հայրն իրեն պատմել է, որ դեպքից երեք օր առաջ էին որդուն այցելել, որդին ընկճված կամ սթրեսային վիճակում չի եղել, ոչ մի խնդրի մասին չի խոսել, ոչինչ չի հայտնել. «Երեկվա դրությամբ իրենց զորամասից մի սերժանտ կալանավորվել է, քննությունը գնում է: Նախնական քննչական տվյալներով՝ ինքնասպանություն է, թե հիմա դրդապատճառ կա, թե՝ ոչ, Քննչական կոմիտեն կուսումնասիրի, կհայտնի: Մենք էլ ենք ճշտել մեր ճանապարհներով, ինքը կոնֆլիկտային չէր, ասում են կոնֆլիկտ չի եղել, բարձրագույն սովորած, խելոք, շատ լավ երեխա էր, չէր կարող իրեն ճիշտ չպահել: Ծնողները չեն հավատում ինքնասպանության վարկածին, իրենք էլ են մտածում, որ հասցրել են ինքնասպանության»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ