Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարթակի շրջանակում համագործակցությունը հնարավորություն է տալիս մեղմել հակահայկական քարոզչությունը, որն Ադրբեջանը շատ դեպքերում փորձում է իրականացնել հատկապես իսլամական երկրներում»․ Տիգրան Հակոբյան

Հոկտեմբեր 08,2024 13:51

Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակի (Mediterranean Network of Regulatory Authorities MNRA) 23-րդ տարեկան համաժողովն այս տարի անցկացվում է ՀՀ-ում։ Հոկտեմբերի 7-10-ը Երևանում անցկացվող համաժողովին մասնակցում են հարթակին անդամակցող 23 պետությունների ներկայացուցիչներ Ֆրանսիայից, Հունաստանից, Իտալիայից, Իսպանիայից, Մարոկկոյից, Կոսովոյից, Սերբիայից, Պորտուգալիայից, Մոնտենեգրոյից, Մակեդոնիայից և այլն։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակին անդամակցում է 2022-ից։

 

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը մեկ տարով ստանձնեց Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակի նախագահի պաշտոնը։ Լրագրողների հետ զրույցում վստահեցրեց՝ Հայաստանի նախագահությունը հարթակին կփորձեն օգտագործել ի շահ ՀՀ-ի քարոզչական շահերի և տեղեկատվության անվտանգության համար։

Ըստ նրա՝ շատերին զարմացնում է՝ ինչպես ՀՀ-ն կարողացավ անդամ դառնալ այս հարթակի, երբ չունի որևէ ցամաքային կապ Միջերկրական ծովի հետ․ «Բազմաթիվ անգամներ քննարկել էինք այդ հարթակի ղեկավար կազմի հետ այս հարցը՝ հաշի առնելով մեր դարավոր կապերը միջերկրածովյան երկրների հետ, շատ երկրներում հայկական համայնքների առկայությունը և ընդհանրապես մեր ծնունդը նաև միջերկրածովյան քաղաքակրթությունից։ Մեր փաստարկները հաշվի առնելով՝ 2022-ին ընդգրկվեցինք այդ հարթակի անդամ․ ինչ-որ առումով բացառություն է արվել է մեզ ու Մոլդովային»։

Հարթակում միջերկրածովյան երկրներից՝ եվրոպական երկրներից բացի ներառված են արաբական և միջին արևելքի երկրները՝ Մարոկկոն, Թունիսը, Հորդանանը, Լիբանանը, Իսրայելը։ Ըստ Տիգրան Հակոբյանի՝ նրանց փորձը երբեմն ավելի հեշտ է տեղայնացնել ՀՀ-ում․ «Դա մեզ հնարավորություն է տալիս նաև համագործակցել այդ երկրների կարգավորող մարմինների հետ՝ ինչ-որ չափով մեղմացնելով հակահայկական քարոզչությունը, արշավներ, որոնք շատ ժամանակ Ադրբեջանը փորձում է իրականացնել հատկապես իսլամական երկրներում։ Նաև կարևոր է իրավական կարգավորումները, փորձը ոչ միայն եվրոպական, այլև զարգացող երկրների, որոնց գործելաոճը շատ ժամանակ ավելի հեշտ է ադապտացնել ՀՀ-ի կարիքների համար»։

Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ մարտահրավերներ կան կարգավորման ոլորտում՝ հատկապես արհեստական բանականության զարգացման, ապատեղեկատվության տարածման համատեքստում, Տիգրան Հակոբյանը պատասխանեց․ «Բազմաթիվ մարտահրավերներ կան․ դրանք մեզ միավորում են։ Դա և′ ապատեղեկատվությունն է, և′ ատելության խոսքը, և′ այս պայթյունային արագությամբ զարգացող տեխնիկական հեղափոխությունն ու արհեստական բանականությունը, որը մեծ հնարավորությունների հետ՝ մեծագույն սպառնալիք է նաև մեզ համար՝ դիփ ֆեյք, ապատեղեկատվություն։ Բոլոր երկրները, որոնց հետ շփվում ենք, օրենսդրությունը չի հասցնում այդ տեխնիկական լրջագույն փոփոխությունների հետ և, բնականաբար, միասին աշխատելը շատ ավելի հեշտ է այդ հարցերը լուծելու համար, չնայած հարցեր կան, որոնք գրեթե անլուծելի են՝ հաշվի առնելով այն միլիոնավոր հարթակները, որոնք հնարավորություն են տալիս դիմել անսահմանափակ թվով մարդկանց ոչ ազնիվ ու բարեխիղճ տեղեկատվություն ստեղծելու ու քարոզելու համար»։

Տիգրան Հակոբյանը, փաստեց, որ ՀՀ-ն գրեթե մեծ փորձ չունի այն օրենսդրական բազայի, որը կօգնի և կերաշխավորի խոսքի ազատությունը և պատնեշ կդնի ատելության խոսքի, տեղեկատվության չարաշահման հարցում, իրավական առումով նաև մեզ համար կարևոր է համագործակցությունը։

Ադրբեջանը չի անդամակցում Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակին։ Տիգրան Հակոբյանն ասաց․ «Ադրբեջանը շատ պասիվ է, որովհետև շատ պարծենալու և ցույց տալու բան չունի։ Այնտեղ կարգավորող մարմինը գրեթե պետական կառույց է համարվում՝ չնայած անկախ կարգավիճակ ունի, իսկ եվրոպական, նաև այս հարթակները միավորում են երկրների, որտեղ կարգավորման մարմինները Սահմանադրությամբ երաշխավորված գործունեության ազատություն ունեն։ Արաբական շատ երկրներ, նաև ծոցի երկրներ կան, որոնք Միջերկրական ծովի հետ առնչություն ունեն, բայց այս հարթակում չկան։ Սա ազատական գաղափարների հարթակ է, բայց նաև այս ամբողջ երկրների ցանկը ցույց է տալիս, որ խոսքի ազատությունը, կարգավորող մարմինների անկախությունը միայն եվրոպական երկրների համար չեն առաջնահերթություն։ Ազատական հիմնարար գաղափարներով գործում են Ասիայի, Միջին Արևելքի, ամերիկյան մայրցամաքի մի շարք երկրներ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031