«Շատ շնորհակալ ենք, որ լուսաբանում եք «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության ասուլիսը՝ նվիրված Բարձրագույն կրթության եւ գիտության մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը: Այս նախագիծը ոչ թե գործող օրենքի մեջ ինչ-որ փոփոխություն, այլ ծավալուն նախագիծ լինելով՝ հիմնարար փոփոխություններ է իր մեջ պարունակում, բայց այդ փոփոխությունները ներմուծված են նեղ կառավարող շրջանակի կողմից»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ-ից քաղաքական հայացքների համար դասավանդելու հնարավորությունից զրկված ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի նախկին դոցենտ, «Հայաքվեի» նախաձեռնող խմբի անդամ Մենուա Սողոմոնյանը:
Նրա խոսքով. «Նախագծի մշակման հարցում մասնագիտական լայն քննարկումներ տեղի չեն ունեցել՝ ոչ պետական ուսումնական հաստատություններում, ոչ բիզնես, ոչ պետական գերատեսչական , ոչ ծնողական շրջանակներում, ոչ էլ ակադեմիայում: Պատկերացրեք Բարձրագույն կրթության եւ գիտության մասին ՀՀ օրենքի նախագիծ, եւ ինչքան շահակիցներ պետք է ունենան այս իրավակարգավորումները, բայց մենք ունենք գրեթե զրոյին հասնող հանրային մասնակցություն:
Այս նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել սեպտեմբերի 16-ին, ընդամենը մեկ անգամ հանրային բնույթի ձեւական քննարկում է տեղի ունեցել: Ես ձեզանից որեւէ մեկին չեմ տեսել Գիտության կոմիտեի դահլիճում ընթացող քննարկմանը, ընդամենը Հ1-ին եմ տեսել, եւ բնականաբար նրա մասնակցությունն էլ պրոտոկոլային էր: Ահա այս կարեւոր իրադարձությունը, այս կարեւոր օրենքը, որը ճակատագրական նշանակություն է ունենալու սոցիալական բազմաթիվ սեգմենտների համար, մշակվել է եւ ընդունման է ներկայացվում առանց շահագրգիռ շրջանակների մասնակցության»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ