«Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը
Հայաստանում 2020-ի նոյեմբերից ի վեր 4 մեծ ալիք է բարձրացել բողոքների։ Բոլորի ժամանակ էլ լսել եմ «այ, որ նախկինները չմասնակցեին, այդ ալիքները կհաջողեին» տիպի հայտարարություններ։
Բայց երբ այդ ալիքները հանգում են, «նախկիններին» մեղավոր հանողներից և ոչ ոք իր սեփական շարժումը չի կազմակերպում։ Մեղադրողներն ակտիվանում են միայն այն ժամանակ, երբ «նախկիններն» են ակտիվանում ու ցրվում են այն ժամանակ, երբ «նախկինները» ցրվում են։
Տեսե՛ք… «Տիտղոսավոր» ընդդիմությանը, քաղաքացիական բազմաթիվ խմբերին, գործիչներին, նույնիսկ Եկեղեցուն քննադատելու բազմաթիվ պատճառներ կան։
Կարդացեք նաև
Բայց «թո՛ղ նախկինները չմասնակցեն»-ը որևէ կապ չունի քննադատության և բազմակարծության, առողջ բանավեճի հետ, դա մաքուր նիկոլական ուղերձ է, որի նպատակը պառակտելն է։
Իսկ եթե ավելի գլոբալ դիտենք, ապա դա ստանդարտ (կարելի է ասել՝ դասագրքային) խոսույթն է պոպուլիստների, որով հակադրում են «իսկական ժողովրդին» այսպես կոչված «էլիտաներին»։ Պոպուլիզմի մասին ՑԱՆԿԱՑԱԾ գիրք բացե՛ք, առաջին իսկ էջերից այս մասին կկարդաք։
Այսինքն պարզ ասած` նախկինոֆոբիայով տառապողները նիկոլական քարոզչության զոհ են, թեպետ իրենց այդպիսին չեն համարում։
Կրկնում եմ, սա չի նշանակում, որ այս կամ այն նախկին, ներկա կամ ապագա քաղաքական գործչին կամ ուժին քննադատել պետք չէ։ Պետք է, նույնիսկ կասեի՝ խիստ ցանկալի է։ Բայց հայտարարելը, թե Հայաստանի այս կամ այն գործիչը, քաղաքական ուժը, չպիտի քաղաքականությամբ զբաղվի, պոպուլիստական կուտ է։