«Ամերիկայի ձայն». Նախորդ մեկ տարվա ընթացքում Գազայում շարունակվող հակամարտությունը լրագրողների համար ամենամահաբերներից մեկն է, և անցած ամիսներին ռազմական գործողությունների լուսաբանման ժամանակ զոհվել ու վիրավորվել են մեդիայի բազմաթիվ ներկայացուցիչներ։ Սպանված լրագրողների թիվը 116-ն է՝ գրեթե բոլորը պաղեստինցիներ։
Անցած տարվա հոկտեմբերի 7-ին «Համասը» արյունալի գրոհ ձեռնարկեց Իսրայելի դեմ՝ սպանելով 1,200 մարդու և պատանդառելով շուրջ 250-ի։ Իսրայելական կողմը դիմեց պատասխան գործողությունների, և արյունահեղությունը չի ավարտվում արդեն մեկ տարի՝ պաղեստինյան կողմում հանգեցնելով ավելի քան 40 հազար զոհի։
Զոհերի շարքում են նաև լրագրողներ, որոնց թիվը գերազանցել է հարյուրը։
«Պատերազմի առաջին 10 շաբաթների ընթացքում ավելի շատ լրագրող է սպանվել, քան երբևէ սպանվել է որևէ երկրում մեկ տարվա ընթացքում»,- ասում է Լրագրողների պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչ Ջոդի Գինսբերգը։
Կարդացեք նաև
Կոմիտեի տվյալներով՝ այս հոկտեմբերի 1-ի դրությամբ զոհվել է 111 պաղեստինցի, 2 իսրայելցի և 3 լիբանանցի լրագրող։
Բացի այդ, հաղորդվում է 35 վիրավորի, 2 անհետ կորածի և 54 ձերբակալվածի մասին։
«Լրագրողների համար լուրջ խնդիր է շարունակում մնալ նյութին հասնելը, և այս իրավիճակը ամենասուրն է, որ երբևէ առնչվել եմ լրագրողի իմ երկարատև կարիերայի ընթացքում»,- նշում է Associated Press-ի ներկայացուցիչ Ջոն Դանիսևսկին։
Թարեք Հաջաջը թղթակցում է Mondoweiss առցանց պարբերականին Գազայի հատվածից։ Նա իր ողջ կյանքն ապրել է Գազա քաղաքում։
«Ամեն անգամ, երբ քայլում էի իսրայելական անօդաչուների և ռազմական ինքնաթիռների ներքո, զգում էի, որ ամեն վայրկյան նրանք կարող են թիրախավորել ինձ, պտտվել իմ շուրջը, քանի որ գիտեմ՝ նրանք թիրախավորում են լրագրողներին, և նրանք չեն ուզում, որ Գազայից որևէ [տեղեկություն] դուրս գալ»,- ասում է Հաջաջը։։
Mondoweiss-ը հաճախ է քննադատության արժանանում՝ ոմանց կարծիքով հակաիսրայելական խմբագրական գծի համար:
Իսրայելի կառավարությունը բազմիցս է հերքել, որ թիրախավորում է լրագրողներին։ Սակայն լրագրողական կազմակերպությունների ներկայացմամբ՝ Իսրայելի ռազմուժն է պատասխանատու ԶԼՄ ներկայացուցիչների մեծաթիվ զոհերի համար:
«Նրանք՝ [պաղեստինցի լրագրողները] այն մարդիկ են, որոնք կարող են ռեպորտաժ պատրաստել Գազայից, քանի որ ոչ մի օտարերկրյա լրագրող մուտք չի գործել այնտեղ: Նրանք են հաղորդում, թե պատերազմն ինչ է անում Գազայում»,- շարունակում է Ջոդի Գինսբերգը:
Վիրավորվելուց կամ սպանվելուց զատ, Գազայում լրագրողներին սպասում են այլ կարգի խնդիրներ։
«Խնդիրը ոչ միայն ֆիզիկական վտանգներ են, այլ առկա է կիբեռհարձակման, հետապնդման և ահաբեկման վտանգ»,- ընդգծում է Գինսբերգը:
ՄԱԿ-ը բազմիցս դատապարտել է լրագրողների դեմ հարձակումները՝ նշելով, որ նրանց թիրախավորումները «անհանգստացնող» են:
Ի պատասխան՝ Իսրայելի բանակն արձագանքել է, թե «դիտավորյալ կերպով կրակ չի բացում խաղաղ բնակչության, այդ թվում՝ լրագրողների ուղղությամբ»:
Հաջաջը հիշում է հոկտեմբերի 7-ից հետո արված իր բոլոր ռեպորտաժները, ու թեև մահացու վտանգին, համոզված է՝ իր գործն է շարունակել հաղորդել տեղի ունեցածի մասին:
Քրիստինա Կայսեդո Սմիթ