Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ ինչպե՞ս այդ 3 կետերը, որոնց շուրջ համաձայնություն չկա, ներառվեցին նախագծում, եթե Հայաստանն ի սկզբանե դեմ էր, ինչո՞ւ էր համաձայնում դրանք ներառել նախագծում. Տարասով. «Հրապարակ»

Հոկտեմբեր 08,2024 11:11

Պաշտոնական Երեւանի վերջին օրերի հուսահատ հավաստիացումներն ու Բաքվի հռետորաբանության կոշտացումը վկայում են, որ գործընթացը, որով Փաշինյանն ուզում է մտացածին խաղաղություն կառուցել Ալիեւի հետ, իրականում փակուղի է մտել, ու մինչեւ Բաքվում կայանալիք COP-29-ը, ըստ ամենայնի, որեւէ փաստաթուղթ չի ստորագրվի՝ ի հեճուկս Փաշինյանի առաջարկ-խնդրանքի։

«Հայտարարվել է, որ պայմանագիրը 19 կետ ունի, որից 16-ի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն, 3 կետերը համաձայնեցված չեն, հայկական կողմն առաջարկում է ստորագրել՝ առանց այդ 3 կետերի, Ադրբեջանը հրաժարվում է։ Հիմա ո՞ր կողմն է հրաժարվում ստորագրել պայմանագիրը։ Այդ ինչպե՞ս այդ 3 կետերը, որոնց շուրջ համաձայնություն չկա, ներառվեցին նախագծում, եթե Հայաստանն ի սկզբանե դեմ էր, ինչո՞ւ էր համաձայնում դրանք ներառել նախագծում։ Սա բացարձակ դեմագոգիա է եւ ինքնախաբեություն, եթե դու պայմանավորվում ես մի փաթեթի շուրջ, հետո ասում՝ հակիրճ տարբերակ ստորագրենք, դա բոլորովին այլ փաստաթուղթ է։ Այստեղ Ադրբեջանը ֆորմալ առումով ճիշտ է»,- վերլուծելով ստեղծված իրավիճակը՝ «Հրապարակ»-ին ասում է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը։

Նա շեշտում է՝ այդ փաստաթուղթը բանակցել են հայկական ու ադրբեջանական կողմերը, տեքստը նրանք են կազմել՝ Փաշինյանն ու Ալիեւը։ Ինչ վերաբերում է այս գործընթացին Արեւմուտքի եւ, մասնավորապես, ԱՄՆ-ի ներգրավվածությանը, որը շարունակաբար կողմերին հորդորում է անհապաղ ստորագրել, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը, Տարասովը հարցնում է՝ իսկ ո՞ր տարբերակին է կողմ Արեւմուտքը՝ 16, թե՞ 19 կետանոց։
«Գործընթացը փակուղի է մտել, սա տեղի է ունենում, որովհետեւ Փաշինյանն ուզում է հակիրճ տարբերակը ստորագրել, իսկ Ալիեւը դա չի ուզում։ Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը, Փաշինյանը հայտարարում է, որ դա կանի մինչեւ 2027 թվականը, էլի մի շարք տեխնիկական հարցեր, իսկ երեք կետերը չեն հրապարակվում։ Փաստաթղթի տեքստը չկա, չի հրապարակվում, ասացեք՝ դուք ի՞նչ եք պատրաստվում ստորագրել։ Նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր 9 կետերը հրապարակված էին, հիմա ի՞նչ են անում, Պուտինի հետ նարդի՞ են խաղում, ինչ է»։

Ըստ Տարասովի՝ Ալիեւը վերջին պատերազմում հաղթանակ է տարել, եւ պետք է, որ նա իրավաբանորեն ամրագրի այդ հաղթանակը, մինչդեռ հայկական կողմի համար դա լինելու է կապիտուլյացիա, եւ սա է պատճառը, ըստ մեր զրուցակցի, որ Փաշինյանը պնդում է 16 կետանոց տարբերակն ստորագրելու վրա։

«Հայկական կողմը հրաժարվում է ամբողջական փաստաթուղթը ստորագրել։ Փաշինյանն ասում է՝ 16 կետ, Ալիեւը՝ 19»,- կրկնում է Տարասովը, իսկ դիտարկմանը՝ արդյո՞ք, այսպես կոչված, միջանցքի հարցը կարող է լինել չհամաձայնեցված երեք կետերի թվում, ռուս փորձագետն արձագանքում է․ «Միջանցքի հարցը սպեկուլյացիա է, մեկ ասում են՝ կողմ ենք, մեկ՝ ոչ։ Այդպես քաղաքականություն չեն վարում, ինչպես այն վարում է Երեւանը։ Ադրբեջանը փաստաթղթից հանել է միջանցքի մասին կետը, մնացածը դեմագոգիա է»։

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031