Հոկտեմբերի 6-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ Սրբազան շարժման հանրահավաքը, որից հետո քաղաքացիները՝ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, երթով գնացին Սահմանադրական դատարան։
Հանրահավաքի մասին իր տպավորությունները մեզ ներկայացրեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը. «Ես տեսնում եմ, որ ամենակարեւորը պահպանված է, դա պայքարի հիմնական կորիզն է, որն այնքան էլ մեծաթիվ չէ, սակայն, ամեն դեպքում, կա եւ պատրաստ է այս փուլում ինչ-որ չափով դժվարություններին, որոշ չափով էլ շոգեքարշի դեր տանելուն, որպեսզի լայն շրջանակներն ավելի ակտիվանան: Երեկվա հանրահավաքից ամենակարեւոր տպավորությունս այն է, որ այդ ուժը կա: Մյուս կողմից՝ մեզ համար այդքան սպասելի ակտիվությունը չկա, բայց կա մեծ ակտիվություն գեներացնելու համար մշակված մարտավարություն: Ըստ էության, վերջին երկու հանրահավաքները հիմնականում միտված էին այդ մարտավարությունը կյանքի կոչելուն, այսինքն` ամեն հնարավոր բան անել, որպեսզի հասարակությունն ակտիվանա: Որոշակի թիրախներ են այժմ ընտրվել` Հ1-ը, Սահմանադրական դատարանը: Սրանք ինքնին փողոցը «տաքացնելու» գործընթացներ են: Լիահույս եմ, որ ամեն ինչ արդյունավետ կլինի, եւ պայքարի կորիզը կկարողանա իր ետեւից տանել ավելի շատ մարդ: Երեկ ՍԴ-ում էին, այդտեղ խնդիրը շենքը չէ, խնդիրն իրավիճակը հանրայնացնելն է: Սահմանադրական դատարանը կայացնում է հակապետական որոշումներ, եւ հենց դրա համար էլ այդ կառույցն ընտրվեց որպես թիրախ: Իմ գնահատմամբ, սա ավելի շատ տեխնոլոգիական քայլ էր՝ լայն մասսաներին գեներացնելու համար: Այս պահին ակնհայտ է, որ հանրությունը պետք է գեներացվի, բայց դրա համար հարկավոր են կոնկրետ թիրախներ: Թեկուզ փոքր ակցիաներ կարող են լինել, բայց կարեւորը, որ արդյունքներ արձանագրվեն: Հ1 մտնելը` չգիտեմ, շատերը կարող են փոքր հաղթանակ անվանել, սակայն դա պրոցես էր, որն ունեցավ արդյունք: Դա կարող է մեծ զանգվածներին փողոց հանել: Կարծիք կա, որ նախկին նախագահներն են մեղավորը, սակայն ես այդ մտքի հետ համաձայն չեմ: Բագրատ սրբազանն էլ ակնարկեց, որ Միքայել սրբազանի տեսակետը չի կիսում: Ես էլ չեմ ընդունում այդ մոտեցումն ու գնահատականները: Բարձրաստիճան հոգեւորականին հարիր չէ նախկին իշխանությունների ստվերի դեմ պայքարելը: Բագրատ սրբազանի հորդորն էր, որ չհայհոյեն Աջապահյանին, բայց չեմ կարող չքննադատել նրա ասածները: Միքայել սրբազանի մոտեցումները նիկոլականության փոքրիկ դրսեւորումներ էին: Կարծում եմ, որ լայն զանգվածների չներգրավվելն ամառային հանգիստն էր: Մարդիկ ամռանը պասիվացան, հետո գուցե սխալ մշակում եղավ: Մարդկանց մոտ ինչ-որ հանգստություն կա, բայց պետք է գիտակցել՝ կա՛մ պետք է դավաճան իշխանությունների դեմ պայքարել, կա՛մ համակերպվել այն դավաճանությունների հետ, որոնք տեղի են ունեցել:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: