Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախության հռչակագրի հարցում ՍԴ-ն ուղղակի իրավասություն չունի, քանի որ իրավասություն չունի փոխելու նաև ՀՀ Սահմանադրության տեքստը. «Փաստ»

Հոկտեմբեր 08,2024 10:23

Սահմանադրություն փոխելը և Անկախության հռչակագրին վերաբերող մասը հանելը հեշտ գործ չէ, քանի որ, ի վերջո, նոր Սահմանադրությունը պետք է ընդունվի ժողովրդի կողմից՝ հանրաքվեի միջոցով։ Իսկ ժողովրդի դիրքորոշումն այս հարցում, թերևս, պարզ է, ու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող է դառնալ նաև Փաշինյանի իշխանությանն անվստահություն հայտնելու գործընթաց։ Դրա համար էլ Փաշինյանն անընդհատ օրակարգում է պահում սահմանադրական փոփոխությունների հարցը, ժամանակի ընթացքում սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովներ է ձևավորում, սակայն դեռևս չի համարձակվում գնալ ամբողջապես նոր Սահմանադրությունը ներկայացնելու և հանրաքվեի դնելու գործին՝ գիտակցելով, որ այն կարող է ազդարարել իր վերջի սկիզբը։ Այս պայմաններում Փաշինյանը մեկ այլ տակտիկա է որդեգրել՝ առաջ տանել այն քաղաքական ուղեգիծը, թե Սահմանադրությունը և Անկախության հռչակագիրը լիովին առանձին փաստաթղթեր են։

Դրա համար էլ հռչակագրի ընդունման օրը՝ օգոստոսի 23ին, իր ուղերձում նշում էր, թե Անկախության հռչակագրի և Սահմանադրության բովանդակությունները նույնական չեն։ Բայց, եթե նա այդքան համոզված է, որ Անկախության հռչակագիրը ՀՀ Սահմանադրության մաս չի կազմում, ապա ինչո՞ւ է իր ձևավորած ու իրեն ենթակա ՍԴ-ն օրերս հատուկ որոշում ընդունում, թե Անկախության հռչակագիրը չպետք է Սահմանադրությունում ամրագրված շրջանակից դուրս մեկնաբանվի: Նկատենք, որ ՍԴ դատավորներն իրենց այդպիսի որոշումը պատճառաբանել են, թե հռչակագրին անդրադառնում են, քանի որ Սահմանադրական դատարանը մինչև հիմա «դոկտրինալ դիրքորոշում» չի ունեցել այն մասին, թե ինչպես է այն ազդում Սահմանադրության բովանդակության վրա։ Բայց խնդիրն այլ է՝ Սահմանադրության 168-րդ հոդվածում թվարկված են ՍԴ-ի լիազորություններն ու այն իրավական ակտերը, որոնց սահմանադրականությունը որոշելու համար ՍԴ-ն կարող է քննել։

Եվ Անկախության հռչակագրի հարցում ՍԴ-ն ուղղակի իրավասություն չունի, քանի որ իրավասություն չունի փոխելու նաև ՀՀ Սահմանադրության տեքստը։ Թերևս դրանով է պայմանավորված, որ բազմաթիվ իրավաբաններ այս որոշումն ուղղակի գնահատում են որպես հակասահմանադրական։ Բայց հարցն այն է, թե ինչու են ՍԴ դատավորները որոշել իրենց վրա վերցնել այսպիսի որոշման պատասխանատվությունը, որը խնդրահարույց է։ Պարզ է, որ դրանով նաև Ադրբեջանի պահանջն է իրագործվում։ Ու գլխավոր շահառուն Նիկոլ Փաշինյանն է, որը կարող է ներկայացնել այս որոշումը՝ փորձելով ցույց տալ, որ սահմանադրական փոփոխությունների կարիք չի լինի, երբ պայմանագիր կնքվի, որում Հայաստանն Արցախը կճանաչի Ադրբեջանի մաս։ Հենց սրա մասին էին շատերն ահազանգում այն ժամանակ, երբ իշխանությունների կողմից ՍԴ-ի վրա ճնշումներ էին գործակվում, որպեսզի ժամանակին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ու մյուս դատավորներին հեռացնեն ու դատարանում նոր կազմ ձևավորեն։

Եվ 2020 թվականին հակասահմանադրական ճանապարհով՝ ԱԺ-ի միջոցով սահմանադրական փոփոխությունների միջոցով իշխանությունները փաստացի վերացրին դատական համակարգի հակակշիռները, իսկ երբ այդ հակակշիռները մնային, նրանք այսքան հանգիստ չէին զիջումներ անի ու հետո լեգիտիմացնի։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031