Երբ մինչեւ 2018 թվականը Գարեգին Նժդեհի անունը պաշտոնական շրջանառության մեջ էր, դա շատերի մոտ բացասական արձագանք էր առաջացնում: Մենք հեգնում էինք «նժդեհականությունը» ոչ թե այն պատճառով, որ չէինք հասկանում մեր հերոսի մեծությունը, այլ՝ որովհետեւ հաճախ նրա դրոշն էին ծածանում մարդիկ, որոնք ոչ միայն մի տող չէին կարդացել նրա աշխատություններից, այլեւ ամեն գաղափար, ամեն սկզբունք զոհաբերել էին հանուն նյութապաշտության: Այսինքն՝ անում էին այն, ինչի դեմ պայքարում էր Նժդեհը:
Հիմա, որքան էլ տարօրինակ թվա, եկել է այդ գործչին ավելի խորը գնահատելու ժամանակը, որովհետեւ հայրենասիրության կեղծավոր քարոզչությանը փոխարինել է հակահայրենասիրության, նյութապաշտության, մորթապաշտության եւ անտարբերության միանգամայն անկեղծ քարոզչությունը: Եվ դժվար է ասել, թե որն է ավելի վատը: Համենայնդեպս, երկրորդն ավելի աղետալի հետեւանքների է բերել:
Նժդեհը ոչ միայն հերոս էր, այլեւ բավականին խորաթափանց անձնավորություն, որը հրաշալիորեն զգում էր, թե որտեղից է մեզ վտանգ սպառնում: Եթե կարճ, ապա այդ վտանգի աղբյուրը հենց մենք ենք: «Կա օտարահակ կողմնորոշումների գերագնահատումը եւ սրանց խելագար հակամարտությունը՝ ծնունդ թույլերի հոգեբանության, – արդարացիորեն նկատում էր նա: – Կա անվճռականություն – ասել է թուլություն, որը ցույց տվող ազգը մեծապես արագացնում է եւ ուժեղացնում թշնամու հարվածը: Կա այն ամենը, ինչ որ անհույս եւ վտանգված է դարձնում մեր ժողովրդի ապագան: Մեղմ ասած՝ ստեղծվել է մի դրություն, որ մահվամբ է սպառնում մեր ժողովրդին»:
Մեր իրավիճակի նկարագրությունը բավականին ճիշտ է տրված՝ չնայած անցել է մեկ դարից ավելի: Նկարագրությունն, անշուշտ, հոռետեսական է: Բայց Նժդեհը ցավով խոսում էր մեր ազգի թերությունների եւ թուլությունների մասին, այնուամենայնիվ, հույս ունենալով, որ մենք դրանք կգիտակցենք եւ մեջքներս կուղղենք:
Կարդացեք նաև
Այսօրվա իշխանությունն այդ թերությունները ներկայացնում է որպես առավելություն, խրախուսում, խորացնում է դրանք եւ անխնա շահագործում է: Բնականաբար, աթոռը պահելու համար:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լուսանկարում՝ Խուստուփի ստորոտում են ամփոփված Գարեգին Նժդեհի մասունքները:
Լրիւ լաւն էր, այս մէկը… մերսի…
Նժդեհը, տասնամեակներով, մարտական գործիչ եղած է: Գործի, արարքի մարդ: Սակայն խորքին մէջ, ինք աւելի՝ փիլիսոփայ է, քան թէ կռուող: Հոգեւորականի խառնուածք ալ ունէր: Նաեւ, բանաստեղծ էր:
Մ. Հայդուկ Շամլեան
Շատ արդիական վերլուծություն է և ճիշտ շեշտադրումներ։ Մնում է, որ մարդիկ արթնանան թմբիրից։