Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վլադիսլավ Գասումյանովն ու ստեղծագործական ձեռնարկատիրության ու մեդիահաղորդակցության զարգացման հարցերով մասնագետ Ալինա Գասումյանովան 2024-ին հրատարակել են Արցախի նախկին պետնախարար, սոցիալական ձեռներեց եւ բարերար Ռուբեն Վարդանյանի մասին պատմող «Ռուբենը» գիրքը։ Newmag հրատարակչությունն այն թարգմանել ու հրատարակել է հայերեն։Գրքի թարգմանիչը գրող Նարինե Կռոյանն է: Այսօր կայացավ «Ռուբենը» գրքի շնորհանդեսը:
Արդեն մեկ տարի Ռուբեն Վարդանյանն ապօրինի գտնվում է Բաքվի բանտում։ Ադրբեջանը Վարդանյանին ձերբակալեց 2023 թվականի սեպտեմբերի 27-ին` Հակարիի կամուրջն անցնելիս։ Վարդանյանը ԼՂ մյուս ղեկավարների հետ Արցախի օկուպացումից հետո վերադառնում էր Հայաստան։
2022 թվականին սեպտեմբերին նա հրաժարվեց Ռուսաստանի քաղաքացիությունից գնաց Արցախ։ Նոյեմբերին նշանակվեց Արցախի պետնախարար։ Պաշտոնը Ռուբեն Վարդանյանը զբաղեցրեց 3 ամիս։ Բայց պաշտոնը թողնելուց հետո էլ մնաց Արցախում։ Սեպտեմբերի տասնինին՝ ձերբակալությունից մի քանի օր առաջ, աշխարհին ու Հայաստանին Ռուբեն Վարդանյանը ցույց տվեց՝ ինչպես է Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմական գործողություններ սկսել խաղաղ բնակչության դեմ։
Կարդացեք նաև
Շնորհանդեսի ժամանակ տեսանյութեր ցուցադրվեցին: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը դառնա երջանիկ, զարգացած եւ ուժեղ երկիր»,-դրանցից մեկում ասում է Ռուբեն Վարդանյանը:
Գրքի թարգմանիչ Նարինե Կռոյանն ասաց, որ պատիվ էր «Ռուբենը» գիրքը թարգմանելը: Ընդգծեց, որ սկզբում գրքի վրա աշխատել է այնպես, ինչպես այլ գրքերի պարագայում է, հետո տեքստն իրեն ավելի է ձգել: «Այսօր ես չեմ ուզում խոսել գրքի թարգմանության զուտ տեխնիկական կողմի մասին, ուզում եմ անդրադառնալ զգացմունքային կողմին: Նախ հպարտությամբ եմ լցվել, որ Ռուբեն Վարդանյանն իմ հայրենակիցն է…Նա աշխարհի մարդ է, մոլորակի մարդ, փոքր ժողովրդի զավակ, ում համար բոլոր մարդիկ հավասար են…Նրա մարդկայնությունը, մարդասիրությունը…Ահա թե ինչն է ցնցել ինձ…Արցախ գնալը նրա առաքելությունն էր:
Ինձ թվում է՝ երբ մարդը ծնվում է, նրան որեւէ առաքելություն է վերապահվում: Ռուբեն Վարդանյանն էլ մտածում էր, որ դա իր առաքելությունն էր՝ լինել այնտեղ, որտեղ իր ներկայությունն ավելի անհրաժեշտ էր….Աստիճանաբար ես դժվարությամբ էի թարգմանում գիրքը, որովհետեւ հուզմունքով էին լցվում»,-ասաց Նարինե Կռոյանը:
«Երբ Ռուբեն Վարդանյանը Հակոբավանքում քարերն էր հավաքում, դրա մեջ խորհուրդ կար, նա մեզ ավանդ է փոխանցել, որ կգա ժամանակը, երբ բոլորս կհավաքենք թափված քարերը ու կվերականգնենք բարու, լույսի աշխարհը, մարդասիրության աշխարհը…Այսօր այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ մեծ անարդարություն է տեղի ունենում, ինչու պետք է Ռուբեն Վարդանյանը գտնվի բանտում…Ես չգիտեմ, ով կարող է պատասխանել այս հարցին»,-ասաց Նարինե Կռոյանը:
Գրքի խմբագիր Գնել Նալբանդյանը շնորհանդեսի առիթով կազմակերպված հավաքն անվանեց համախոհների հավաք: «Գրքի հեղինակներն այն մասին են խոսում, որ մեծագույն անարդարություն է, որ այն մեծագույն հումանիստը, որի շնորհիվ բազմաթիվ մարդկանց կյանքը բարելավել է, բազմաթիվ մարդիկ հայտնվել են ինովացիոն համակարգերում եւ ավելի բարեկեցիկ միջավայրերում, քաղաքակիրթ բիզնես միջավայրում, չեն կարող հանդուրժել մեծ բարերարի, մեծ անձնավորության անարդար ազատազրկումը: Կոչը սա է: Հեղինակները դժվարությամբ են զսպել իրենց հույզերը, ինչը ես հասկանում եմ…»,-ասաց նա:
Գնել Նալբանդյանը հավելեց, թե ուզում է հավատալ, որ Ռուբեն Վարդանյանը եւ մյուս գերյալները, պատանդյալները, որ Ադրբեջանի բանտերում են, ինչ-որ կերպ կիմանան այս միջոցառման մասին, կիմանան, որ իրենց մասին չեն մոռացել, քայլեր են արվում իրենց ազատ կյանք վերադարձնելու համար:
Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը նշեց, որ Ռուբեն Վարդանյանի անցած ճանապարհը, նրա ներդրումը հանրային կյանքում առանձնակի ուշադրության են արժանի: Նա հատուկ ընդգծեց, որ շնորհանդեսը բացառապես Newmag-ի եւ Արդշինբանկի նախաձեռնությունն է, իսկ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը միջոցառմանը զուտ հյուրի կարգավիճակում է եւ կապ չունի ոչ գրքի, ոչ ցուցադրված տեսանյութերի հետ:
Արտակ Ալեքսանյանի բնորոշմամբ, Ռուբեն Վարդանյանը մարդ է՝ հսկայական սրտով ու մեծ հավատով, որը ցավոք այսօր անազատության մեջ է. «Սա փաստ է, թե որքան անհարմարություններ են ստեղծում նրա գաղափարներն ու նախաձեռնությունները բոլոր նրանց համար, որոնք վախենում են փոփոխություններից եւ ճշմարտությունից… Նրա ձայնը, միեւնույն է, հնարավոր չէ խլացնել…Ռուբեն Վարդանյանը մի առիթով ասել է, որ կյանքը պարզապես շարժում չէ, դա այն բանի գիտակցումն է, որ կարող ես քեզանից հետո ինչ-որ բան թողնել: Եվ այդ ինչ-որ բանը, պետք է հանրությանը օգուտ բերի…»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ