«Գրքում ամփոփված են Ռուբեն Վարդանյանի՝ տարբեր ժամանակներում ասված խոսքերը՝ հանդիպումներից, ելույթներից, որոնց մեծ մասին Ռուբեն Վարդանյանի գործունեությանը հետեւող մարդիկ տեղյակ են եղել, բայց որի համար Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը ժամանակ չունեն:
Ոնց հասկանում ենք Փաշինյանը զբաղված է էրդողանի նվիրած գիրքը կարդալով: Բայց կարծում եմ, որ ինչպես իրենք, այնպես էլ շատերը դեռ առիթ կունենան ծանոթանալու այս գրքին, ծանոթանալու Ռուբեն Վարդանյանի իրական հայրենասիրությանը»,- Արցախի նախկին պետնախարար, սոցիալական ձեռներեց, բարերար Ռուբեն Վարդանյանի մասին պատմող «Ռուբենը» գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
«Անկախ Հայաստանի իշխանությունների կրավորական կեցվածքից՝ Բաքվի բանտում գտնվող մեր հայրենակիցների հանդեպ ադրբեջանցիների վերաբերմունքը խախտում է միջազգային բոլոր նորմերը, գերտերությունների, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրների կրավորական, անտարբեր դիրքորոշումը նույնպես դատապարտելի է»,-ասաց Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանի եւ ընդհանրապես ազգությամբ հայ գերիների հանդեպ ադրբեջանցիների ցուցաբերած անմարդկային վերաբերմունքին:
Կարդացեք նաև
Լրագրողի հարցին՝ հավատո՞ւմ է, որ Ռուբեն Վարդանյանը մի օր ազատ կարձակվի Բաքվի բանտից, «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը պատասխանեց, թե չի կարծում, որ ամեն ինչ այդքան հեշտ կլինի, բայց միեւնույն ժամանակ հավելեց. «Պետք է ամեն միջոց կիրառել, նույնիսկ եթե չնչին շանս կա: Նաեւ Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին՝ COP29-ին, ով կարող է որեւէ ազդեցություն ունենալ, պետք է ունենա »:
Ինչ վերաբերվում է Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ Փաշինյանի հնչեցրած արտահայտություններին ՝ Մանե Թանդիլյանն ասաց, որ վարքագծով ադրբեջանական գործակալներին չի մեկնաբանում, նաեւ խորհուրդ տվեց, որ յուրաքանչյուր ոք, ով չի ճանաչում Ռուբեն Վարդանյանին, ուղղակի բաց անի եւ ընթերցի նրա մասին գիրքը:
Բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանն էլ հույս հայտնեց, որ շուտով կսեղմի Ռուբեն Վարդանյանի ձեռքը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ