«Ազատություն». ԱՄՆ-ը և Արևմուտքը փորձում են «սողոսկել» Հարավային Կովկաս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացի միջոցով, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Միացյալ Նահանգները և մի շարք այլ արևմտյան երկրներ փորձում են [Ադրբեջանի և Հայաստանի միջև] խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներին կցվել։ Մենք կարծում ենք, որ ողջ սևագիր աշխատանքները կատարվել են Մոսկվայում, և այժմ արևմուտքցիները պարզապես ցանկանում են սողոսկել բանակցային գործընթաց և այդկերպ սողոսկել տարածաշրջանային հարցերի մեջ ու բուն տարածաշրջան», – ասել է ՌԴ նախագահի օգնականը։
Ուշակովը պնդել է՝ բանակցող կողմերից ոչ բոլորն են ողջունում Արևմուտքի դերը:
«Մեղմ ասած, նույնիսկ երկկողմ բանակցությունների [Հայաստանի և Ադրբեջանի միջև] ոչ բոլոր մասնակիցներն են ողջունում Արևմուտքի այս դերը և բանակցային գործընթացին խառնվելու այս փորձերը», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ առանց հստակեցնելու՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն է դեմ Արևմուտքի դերակատարությանը:
Կարդացեք նաև
Ուշակովը հայտարարել է նաև, թե Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելության գործունեությունը «ողջունելի չէ»։