Գրադարանավարի օրվա առթիվ այդ ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար մի շարք պետական և համայնքային կազմակերպությունների աշխատակիցներ պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրով և պատվոգրով: Պարգևատրվել են նաև արդեն երրորդ տարին անցկացվող «Լավագույն գրադարան» մրցույթի հաղթող գրադարանները:
Պարգևները հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Միջոցառմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ներկաներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ կարևորելով վերջիններիս գործունեությունը հանրության շրջանում ընթերցանությունը խթանելու առումով:
«Գրադարանները մեր կյանքի անբաժանելի մասն են. անկախ տեխնոլոգիական զարգացումներից՝ գիրքն այլընտրանք չունի: Կարող են փոխվել ձևաչափերը, ընթերցանության միջավայրերը, բայց ընթերցանությունը շարունակում է մնալ այն հիմնարար գործիքը, որով հնարավոր է խթանել միտքը և ստեղծարարությունը,- ասել է նախարարը և գնահատելով գրադարանավարի աշխատանքը՝ հավելել,- գրադարանավարի՝ մեկ բառով արտահայտած վերաբերմունքը և մոտեցումը գրքին ընթերցողի համար կարող են դռներ բացել դեպի գրքերի աշխարհ կամ հավերժ փակել: Երեխաների զարգացման գործում ձեր ներդրումը շատ մեծ է, և մենք էլ պետք է հնարավորություն ունենանք դա տեսնել և չափելի դարձնել»:
Կարդացեք նաև
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այս ուսումնական տարին հայտարարված է մշակութային կրթության տարի, ինչը ենթադրում է դպրոցների և գրադարանների համատեղ աշխատանք, միջոցառումների ու նախագծերի անցկացում:
Նախարարն անդրադարձել է նախընթաց շաբաթ «Գրադարանների և գրադարանային գործի մասին» օրենքում իրականացված փոփոխություններին՝ նշելով, որ ոլորտում զարգացման նոր հնարավորություններ են սպասվում։ Նոր օրենքում ներառվել է «էլեկտրոնային գրադարան» հասկացությունը, ամրագրվել են գրադարանների ձեռնարկատիրական հնարավորությունները՝ տնտեսական գործունեության ծավալման մասին, որը կարևոր է ոլորտի զարգացման տեսանկյունից: Նախարարի խոսքով՝ կիրականացվեն նաև գույքային համալրման ծրագրեր, կփորձարկվի գրադարանների կառավարման նոր մոդել, կմշակվի ատեստավորման նոր կարգ։
«Ձեր հաջողությունները մեր հաջողություններն են, որոնք ցույց են տալիս, որ ոլորտում կան զարգացումներ՝ ի նպաստ մեր ընթերցասեր հասարակության»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ գրադարանային ոլորտի մասնագետներին մաղթելով հաջողություններ։
Ներկաներին շնորհավորել է նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ ընդգծելով այսօրվա իրականությանը համահունչ քայլելու, համայնքներում գրադարանի դերը ուժեղացնելու, նոր ընթերցողների ներգրավելու կարևորությունը, ինչին, ըստ նրա, կնպաստի ձեռնարկատիրական գործառույթի ներառումը:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ