«Ապառաժ». Հոկտեմբերի 6-ին Արցախի ազատամարտի մասնակից, ՀՅԴ անդամ, Ստեփանակերտի վաշտի առաջին հրամանատար, «Արցախի հերոս», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Աշոտ Ղուլյանի (Բեկոր) ծննդյան 65-րդ տարելիցն էր։ Մեծագույն արժանքիներով օժտված հերոս, լեգենդ, որի օրինակով տարիներ շարունակ դաստիարակվում են բազում սերունդներ․ բնատուր զինվորական, համարձակ, վճռական, հնարամիտ, խիզախ ու հայրենասեր մարդու կերպար․․․
Ծնվել է Բաքվում, 1959-ին։ 1975-ին Ղուլյանների ընտանիքը տեղափոխվել է Ստեփանակերտ, որտեղ և ավարտել է 8-րդ դասարանը, իսկ 1985-86 ուստարում՝ թիվ 1 միջնակարգ դպրոցը։ 1977-79 թթ․ ծառայել է Խորհրդային բանակի շարքերում։ 1985-ին ամուսնացել համագյուղացի Նելիի հետ և նրանց ընտանիքում ծնվել են 3 որդի։
Արցախյան ազգային-ազատագրական շարժման հենց սկզբից նա կանխազգաց, որ զենքով պետք է հարցը լուծվի և ընկերների աջակցությամբ սկսեց պատրաստել ինքնաշեն նռնակներ, ինքնաձիգեր, հրացաններ, նռնականետեր, որոնք փորձարկելիս մի քանի անգամ վիրավորվել է։ Հենց այդ էր պատճառը, որ նախապատերազմյան շրջանում վաստակել է իր մարտական անունը։ Աշոտը զբաղվում էր նաև Արցախ զենքեր փոխադրելու գաղտնի գործով և կանգնած էր ֆիդայական շարժման ակունքներում։
Մարտական մկրտությունն ստացել է Հայաստանի սահմանամերձ շրջանում՝ Իջևանի ուղղությունում, որտեղ թշնամին արդեն ոտնձգություններ էր անում։ Մինչ այդ նա մասնակցում էր հայդուկային պարտիզանական մի շարք գործողությունների։ Աշոտն առաջիններից մեկն էր, որ հանգել էր այն մտքին, որ անհրաժեշտ է ստեղծել կանոնավոր բանակ՝ իր կառուցվածքով ու կարգապահությամբ։
Կարդացեք նաև
1991-ին, երբ սկսվեց Արցախի կանոնավոր բանակի առաջին զորամասերի կազմավորումը, նրան առաջարկվեց գլխավորել առաջին վաշտը, որի կորիզն իր ջոկատն էր։ Աշոտը մասնակցել է Արցախում մղված մարտական գործողությունների զգալի մասին՝ Ասկերան, Հադրութ, Շահումյան, Վերին շեն, Բուզլուխ, Մանաշիդ, Խոջալու, Կրկժան, Լեսնոյ, Քարին տակ, Շուշի, Քաշաթաղ, Մարտակերտ, Կուսապատ, Մաղավուզ, Սրխավենդ, Բաշ-Գյունափայա, Դրմբոն․․․
Բեկորի հրամանատարական հմտություններն ու տաղանդը փայլել են 1992-ին՝ Շուշիի ռազմագործողության իրականացման ժամանակ։ Նրա վաշտը առաջինն է մտել հայկական բերդաքաղաքը, որի ազատագրման համար ամենադժվար հատվածը հենց իրեն է բաժին ընկել։
․․․1992-ի օգոստոսի 24-ի Դրմբոն գյուղի ազատագրման համար մղված մարտը վերջինը եղավ հերոսի կյանքում։ Աշոտ Ղուլյանն ընկավ հերոսի իմացյալ մահով և բռնեց հավերժի ճամփան․․․
Ցավոք, Բեկորի ու հարյուրավոր մեր հերոս նահատակների շիրիմները մնացել են իրենց արյամբ սրբացած Արցախում, գերեվարված ու միայնակ։ Նրանց հարազատները չգիտեն՝ որտեղ ծաղիկներ խոնարհել․․․
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: