Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգ Մանթաշյան. Հայաստանը արհեստական բանականության զարգացման աճով դիրքավորվել է որպես տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն

Հոկտեմբեր 07,2024 16:47

Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի` WCIT 2024-ի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մասնակցել է «Կիրառելով Արհեստական բանականության ստեղծագործ և հաղորդակցային ուժը» (Enabling the Creative and Communicative Power of AI) թեմայով պանելային քննարկմանը։

Քննարկմանը մասնակցել են նաև Ուգանդայի գիտության, տեխնոլոգիաների և նորարարության նախարարի տեղակալ Կոսմոս Մվիկիրեձեն և Ռուանդայի ՏՀՏ և նորարարության նախարարության մշտական ​​քարտուղար Իվես Իրադուտունդան։ Քննարկումը վարել է Րաֆֆի Քասարջյանը։ Բանախոսները ներկայացրել են իրենց փորձն այս ոլորտում՝ բերելով գործնական օրինակներ յուրաքանչյուրն իր երկրում արհեստական բանականության (ԱԲ) ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ։

Անդրադարձ է կատարվել նաև ԱԲ միջոցով տնտեսության տարբեր ճյուղերում գրանցած հաջողություններին, ինչպես նաև մարտահրավերներին, դրանց կանխարգելման ուղղությամբ իրականացվող քայլերին ու առաջնահերթություններին։

Գևորգ Մանթաշյանը նշել է, որ Հայաստանը՝ արհեստական բանականության (ԱԲ) զարգացման աճով, դիրքավորվել է որպես տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն։ Նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է Հայաստանի նորարարական ԱԲ նախագծերից մի քանիսը, որոնք խթանում են ստեղծարարությանը, արդյունաբերության տարբեր ոլորտներում հաղորդակցության բարելավմանը, խոսել այն մասին, թե ինչպես է ՀՀ կառավարությունն աջակցում այս նախաձեռնություններին։

Ուգանդայի գիտության, տեխնոլոգիաների և նորարարության նախարարի տեղակալ Կոսմոս Մվիկիրեձեն իր հերթին նշել է, որ Ուգանդան կենտրոնացած է ԱԲ-ի ինտեգրման վրա՝ հանրային ծառայությունների և կրթության ոլորտներում, և ինչպես է ԱԲ-ն օգնում խթանելու ստեղծագործ ունակությունները։ Ռուանդայի ՏՀՏ և նորարարության նախարարության մշտական ​​քարտուղար Իվես Իրադուտունդան էլ ասել է, որ Ռուանդան՝ հատկապես պետական հատվածում, հեռանկարային մոտեցումներ ունի տեխնոլոգիաների և նորարարությունների նկատմամբ։ Քննարկման ավարտին՝ մասնակիցները ներկայացրել են իրենց երկրների կառավարությունների կողմից ԱԲ ուղղությամբ նախատեսվող առաջնահերթությունները։

«Կիրառելով Արհեստական բանականության ստեղծագործ և հաղորդակցային ուժը» թեմայով քննարկումը նպատակ ուներ մեկ հարթակում համախմբելու ոլորտային բարձրաստիճան պաշտոնյաներին՝ խոսելու այն մասին, թե ինչպես ԱԲ-ն կարող է խթանել ստեղծագործականությունը, բարելավել հաղորդակցությունը հանրության մեջ՝ կենտրոնանալով ազգային ռազմավարությունների և քաղաքականության վրա։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031