Հայաստանի պետական պարտքն այս տարվա հուլիսի 31-ի դրությամբ կազմել է 12 մլրդ 335.447 մլն դոլար։ Հունիսի համեմատ հուլիսին պետական պարտքն աճել է 178.246 մլն դոլարով։ Եթե 2023 թվականի դեկտեմբերին ՀՀ պետական պարտքը կազմել էր 11 մլրդ 845.413 մլն դոլար, ապա, հետագա ամիսներին աճելով, այս տարվա հուլիսի վերջի դրությամբ կազմել է 12 մլրդ 335.447 մլն դոլար։ Դրամով ՀՀ պետական պարտքը հուլիսի վերջին կազմել է 4 տրիլիոն 790 մլրդ 840.8 մլն դրամ՝ հունիսի համեմատ աճելով 71 901.9 մլն դրամով։
Հայաստանի արտաքին պարտքն այս տարվա հուլիսի վերջի դրությամբ կազմել է 6 մլրդ 261.72 մլն դոլար՝ հունիսի համեմատ աճելով 10.733 մլն դոլարով։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց․ «Երկու կարեւոր փոխառնչվող իրողություններ կան, որոնց վրա այս իշխանությունները դեռեւս կարողանում են խաղալ լարախաղացի նման եւ մանիպուլացնել իրավիճակը։ Մեկը պետական պարտքն է, որն անշեղորեն եւ էապես աճում է։ Պատկերավոր ասած՝ տունը պարտքով են պահում։
Երկրորդը վերաբերում է արտաքին այն պատահական կարճաժամկետ գործոնին, որով պայմանավորված` 2022, 2023 թվականներին մենք ունեցանք բարձր տնտեսական աճ․ խոսքը վերաբերում է ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում ստեղծված հնարավորություններին՝ տնտեսական աճին։ Այս իշխանությունները փոխանակ կապիտալացնեին այդ գործոնը, ապաշնորհ կերպով մսխում են եղած հնարավորությունները»։
Կարդացեք նաև
Նշենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում Հայաստան ներհոսող գումարներն էապես աճել էին։ Թադեւոս Ավետիսյանի խոսքով՝ այդ գործոնն արդեն թուլանում է, եւ այս տարվա երրորդ կեսին արդեն ՀՀ տնտեսական աճը շեշտակի նվազել է։ Կառավարությունը, հասկանալով, որ այս գործոնն այլեւս ազդեցություն չի ունենալու, հաջորդ տարվա բյուջեի նախագծում երկու անգամ պակաս տնտեսական աճի ցուցանիշ է սահմանել, քան կունենանք այս տարի։
«Այսինքն՝ պատը վերջացավ, եւ տեղ հասանք։ Հաջորդ տարվանից գալու է դժվարությունների շրջանը, որովհետեւ բարձր տնտեսական աճի գործոնը չեն ունենալու։ Եվ ծախսային լրացուցիչ բեռը նորից ընկնելու է լրացուցիչ պարտք ներգրավելու վրա։ Առանց այն էլ մեր պարտքի ցուցանիշն առաջանցիկ աճում է, իսկ հաջորդ տարի մեկ միլիարդ դոլարից ավելի պարտքի ներգրավում է նախատեսվում։ Եվ սա էական ռիսկ է, որովհետեւ 5, 6, 7 տոկոս տնտեսական աճի ապահովումն էլ իրատեսական չէ։ Այսինքն՝ այն, որ հաջորդ տարվա բյուջեով տնտեսական ակտիվության կանխատեսվող ցուցանիշը ցածր է, դա դեռ չի նշանակում, որ նույնիսկ այդ ցածր ցուցանիշը կարողանալու են ապահովել»,- հավելեց մեր զրուցակիցը։
Ավետիսյանը նաեւ նշեց, որ ՀՀ կառավարությունը պարտքային ճգնաժամից կարողանում է խուսափել ոչ թե արդյունավետ կառավարման, այլ բացառապես արտաքին գործոնի շնորհիվ։ Այսինքն՝ բարձր տնտեսական աճը պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը դեռեւս պահում է կառավարելի տիրույթում։ Բայց այս իշխանությունների օրոք Հայաստանը վաղուց հայտնվել էր ռիսկային տիրույթում, քանի որ ՀՆԱ-ի 60 տոկոսից ավելի պետական պարտք ունեինք։ «Այս իշխանության այս կառավարման պարագայում հնարավոր է, որ հաջորդ տարվա վերջին մենք նորից նման իրավիճակ ունենանք։ Այսինքն՝ իրական վիճակը մենք արդեն հաջորդ տարի կտեսնենք»,- ընդգծեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ