«Ոչ միայն Արցախի ռազմաքաղաքական էլիտան, այլ ցանկացած գերի, որ գտնվում է Բաքվի բանտում, դա ոչ միայն Ալիեւի նախաձեռնությունն է, այլեւ Նիկոլ Փաշինյանի եւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցանկությունն է: Այժմ բանտում գտնվող մարդիկ թե իրենց խելքով, թե կապերով, թե ֆինանսական ռեսուրսներով, թե հանրային վստահությամբ այստեղ մարդկանց համախմբելու հնարավորություն ունեն՝ սպառնացող վտանգների դեմն առնելու համար»,-«Հայելի» ակումբում ասաց վավերագրող ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը:
Նրա խոսքով՝ «Իսկ հայ ժողովրդին սպառնացող վտանգների դեմն առնելը նշանակում է, որ պետք է թուլանա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այդ վտանգների վրա յուղ լցնողն է: Իրենք այս 6 տարիների ընթացքում դրանով են զբաղված: Այս պարագայում, ինչպես եւ շատ հարցերում Ալիեւի եւ Փաշինյանի շահերը համընկնում են: Այն ժամանակ Արցախի հանձնման հարցում էին շահերը համընկնում, հիմա ՝ Արցախի ռազմաքաղաքական էլիտային Բաքվի բանտում պահելու հարցում»:
Հովհաննես իշխանյանը հավելում է. «Կարծում եմ՝ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, ընդհանրապես ցանկացած մարդ իրեն հարց պիտի տա, թե ինչպես պետք է ազատագրել ապօրինաբար գերության մեջ գտնվող եւ Բաքվի բանտում խոշտանգվող հայերին: Տարօրինակ չէ, որ Ալիեւը վերջերս հայտարարեց, թե խաղաղություն չի լինելու, քանի դեռ չեն դատվել Հայաստանի հերոսները, Արցախի ազատագրմանը մասնակցողները: Այս արտահայտությունը Ալիեւը երբեք չէր անի, եթե Նիկոլ Փաշինյանը արդեն նրանց չդատեր: Ի վերջո, մենք այս վիճակին հասել ենք նաեւ այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը դատել եւ շինծու գործեր է բացել Արցախի համար կռվածների դեմ՝ Յուրի Խաչատուրով, Սեյրան Օհանյան, Միքայել Հարությունյան եւ ուրիշներ…»
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ