Aravot.am-ի տեղեկություններով՝ դեռեւս 2021թ. հուլիսի 1-ին իրավապահները հաղորդում էին ստացել Սիսիան քաղաքում գտնվող «Սիսական» ջոկատի պահեստից գողության դեպքի մասին: Դեռեւս չպարզված հանգամանքներով, գողության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել միայն այս տարի՝ հոկտեմբերի 2-ին:
Մեր տեղեկություններով՝ դեպքի վայրի զննությամբ պահեստում հայտնաբերվել է նվիրատվություններից գոյացված գույք, որոնց ստվարաթղթե արկղերի վրա երեխաների կողմից փակցված են եղել հայրենիքի պաշտպաններին հասցեագրված գրություններ:
Ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը (լուսանկարում) հայտնել է, որ դրանք ձեռք է բերել իր անձնական միջոցներով և արտասահմանում բնակվող իր բարերար ընկերների նվիրատվություններով, որը արցախյան երկրորդ պատերազմից հետո պահեստավորել է նշված վայրում առաջնագծում «Սիսական» ջոկատի մարտական հերթապահություն իրականացնող անդամների կարիքների համար:
Պահեստապետ՝ Համլետ Գևորգյանը իրավապահներին հայտնել էր, որ օգնություն են ստացել նաև Երևան քաղաքի 161 հանրակրթական դպրոցից և Սիսիան քաղաքի մեկ դպրոցից:
Կարդացեք նաև
Քննիչի հարցմանն ի պատասխան ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբից հայտնել են, որ Աշոտ Մինասյանի կողմից հավաքագրված «Սիսական» ջոկատին 2020թ. սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 29-ն ապահովվել են բոլոր տեսակի բավարարումներով: Կատարվում է նախաքննություն:
Մեր ունեցած տեղեկությունների վերաբերյալ «Սիսական» ջոկատի հրամանատարը չցանկացավ մեկնաբանություն տալ կամ պատասխանել որեւէ հարցի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ