«Առավոտի» զրուցակիցն է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Բալայանը։
-Պարոն Բալայան, Ալիեւը նոր պահանջներ է առաջ քաշում․ նկատի ունենալով արցախյան առաջին պատերազմի հերոսներին՝ հայտարարել է, թե «Հայաստանը պետք է պատժի բոլոր ռազմական հանցագործներին»։ Այսինքն՝ սա հերթական անգամ փաստում է, որ Բաքվի պահանջները վերջ չունե՞ն։
-Ադրբեջանն այդ ճանապարհն է ընտրել՝ անընդհատ փորձել մեղադրել հայկական կողմին ոչ կառուցողական մոտեցման մեջ։ Եվ սա հերթական մոտեցումներից մեկն է։ Ցավոք սրտի, հայկական իշխանությունների մոտեցումն է, որ եթե անընդհատ խոսեն խաղաղության կամ «խաղաղության խաչմերուկի» մասին, դրանով կզսպեն Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները կամ Թուրքիայի օժանդակությունը Ադրբեջանին։ Մինչդեռ, նրանք դեռ միջնադարից սկսած՝ Հայաստանի ու Հայաստանի մաս հանդիսացող Արցախի հետ կապված իրենց ծրագրերն ունեն։ Իրենք հստակ այդ ծրագիրն իրագործում են՝ անկախ նրանից՝ դու նրանց ժպտում ես, բարի ես վերաբերվում, թե քաղցր խոսքեր ես ասում։ Նրանց նպատակը հետեւյալն է՝ վերացնել հայկական պետականությունը։ Եվ օրեցօր նոր պահանջներ են ներկայացնում, դու մի պահանջ կատարում ես, վաղը նոր պահանջ են առաջադրում։ Հիմա արդեն Սահմանադրության փոփոխության պահանջից անցել են այլ պահանջի։ Ասում են՝ Հայաստանը պետք է ներողություն խնդրի իր գործողությունների համար, պետք է պատերազմի մասնակիցներին պատժի։ Դա նաեւ հասցեագրված է արտաքին աշխարհին՝ ցույց տալու համար, որ ոչ թե իրենք են ցեղասպան, այլ Հայաստանն է ագրեսոր եղել։ Կարծում եմ՝ մենք բոլոր հնարավոր միջոցներով պետք է աշխարհին ցույց տալ Ադրբեջանի իսկական դեմքը։
–Ադրբեջանը իրականացրել է ռազմական հանցագործություններ ու ցեղասպանական գործողություններ, Արցախում կիրառել է չթույլատրված զինատեսակներ, բայց Հայաստանի իշխանությունները, վավերացնելով Հռոմի ստատուտը, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հայց չներկայացրեցին միջազգային քրեական դատարան։ Եվ ստացվում է, որ այս իրավիճակում Ալիեւն է հայերին «ռազմական հանցագործ» որակում։ Ո՞ւր կտանի ՀՀ իշխանության այս քաղաքականությունը։
Կարդացեք նաև
-Այո, Հայաստանի իշխանությունները որդեգրել են մի քաղաքականություն, մտածում են՝ եթե հնարավորինս մեղմ վերաբերմունք են ցույց տալիս Ադրբեջանին, Ադրբեջանն ավելի կբարիանա։ Մինչդեռ, իրականում այդպես չէ։ Հայաստանի իշխանությունները կարծում են, որ անընդհատ խոսելով խաղաղության մասին, զիջումներ անելով, խաղաղությունն ավելի են մոտեցնում։ Մինչդեռ, ես վստահաբար ասում եմ, որ այսպիսով պատերազմն ավելի են մոտեցնում։ Ադրբեջանի ախորժակն ավելի է բացվում։ Մյուս կողմից, նրանց մոտ տպավորություն է ձեւավորված, որ մենք շատ խեղճ վիճակում ենք, եւ ինչ պայման դնեն, պիտի կատարենք։ Ես վստահ եմ, որ երկիրը կազմակերպելու պարագայում մենք հնարավորություն ունենք ոչ միայն դիմադրելու, այլեւ մեր կորցրած տարածքները հետ բերելու։ Այս զիջողական քաղաքականությունը, ցավոք, լավ տեղ չի տանում։
-Ի՞նչ են ցույց տալիս այս զարգացումները, Ադրբեջանը մտադի՞ր չէ խաղաղության մասին որեւէ փաստաթուղթ ստորագրել Հայաստանի հետ։
-Դա ակնհայտ փաստ է, որ նրանք մտադիր չեն խաղաղություն հաստատել։ Ես հետեւում եմ իրենց տեղեկատվական դաշտին, Ալիեւն անընդհատ սպառնալիքներ է հնչեցնում։ Իսկ եթե Հայաստանի իշխանություններն այսպես խեղճ վիճակում են իրենց պահում, բնականաբար նրանք ավելի ագրեսիվ են դառնում ու նոր պահանջներ են առաջ քաշում։ Այս որդեգրած քաղաքականությունը ճիշտ չէ, ուժը պետք է հասկանա, որ իր դիմաց ուժ է կանգնած։
Դեռ 2020 թվականին, երբ լրագրողները հարցեր էին տալիս խաղաղության պայմանագրի մասին, ես միշտ ասել եմ, որ դա չի լինելու, որովհետեւ Ադրբեջանը դեռ խնդիրներ ունի լուծելու։ Ադրբեջանը ստեղծված իրավիճակից օգտվում է, որ Հայաստանի դաշնակիցների շրջանակը նեղ է, դրսից օժանդակությունը քիչ է, պատերազմում պարտված կողմ է։ Այսինքն՝ այս հանգամանքները հաշվի առնելով նրանք անընդհատ փորձում են հնարավորինս շատ զիջումներ կորզել Հայաստանից։ Նույնիսկ վերջին շրջանում նրանց պատգամավորներից մեկը հայտարարեց, որ Հայաստանը պարտավոր է 200 մլրդ գումար վճարել Ադրբեջանին, եթե չի վճարում, պետք է փոխհատուցի տարածքով։ Այսինքն՝ նրանք պարզ ասում են՝ մենք աչք ունենք ձեր տարածքների վրա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ