Հայաստանյան մեդիայի զարգացման ծրագրի շրջանակում, «Ինտերնյուսը» իրականացրել է հետազոտություն, որը ֆինանսավորվել է Ամերիկայի միացյալ նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից։ Հետազոտության նպատակն է՝ հասկանալ, թե Հայաստանում մարդիկ ինչպե՞ս են գտնում, տարածում, արժևորում տեղեկությունն ու վստահում դրան, ուսումնասիրել տեղեկատվական առաջարկն ու պահանջարկը, ինչպես նաև՝ վեր հանել խոսքի ազատությանն առնչվող սպառնալիքներն ու սահմանափակումները քաղաքացիների և ԶԼՄ ներկայացուցիչների տեսանկյունից։
Հետազոտության համար կիրառվել է խառը մեթոդների եղանակը․
ա) ազգային-ներկայացուցչական հարցում 18 տարեկան և ավելի բարձր տարիք ունեցող 1,106 բնակիչների շրջանում` տնային տնտեսություններ այցելությունների միջոցով․
բ) 8 ֆոկուս խմբային քննարկում (ՖԽՔ) տղամարդկանց, կանանց, երիտասարդների, քաղաքային և գյուղական բնակչության հետ։
Կարդացեք նաև
Ըստ այդմ, ամենատարածված մեդիաաղբյուրները սոցիալական ցանցերն են․ այդպես է ասել հարցվածների 58 տոկոսը՝ 2023-ին, իսկ 2024-ին արդեն 62 տոկոսը։ Հեռուստատեսությունը, համապատասխանաբար՝ 56 տոկոս եւ 45 տոկոս։ Այսինքն, հեռուստատեսությունը իր տեղը զիջել է սոցցանցերին։
Մեդիայի հանդեպ վստահությունը 2023-ին եղել է 49 տոկոս, 2024-ին աճել է՝ դառնալով 53 տոկոս։ Լրատվամիջոցներում իրենց համար կարեւոր թեմաների լուսաբանումից 2023-ին գոհ է եղել հարցվածների 56 տոկոսը, 2024-ին՝ 66 տոկոսը։ Լրագրողների էթիկական չափանիշներից եւ արհեստավարժությունից թե 2023-ին, թե 2024-ին գոհ են եղել 44 տոկոսը։ Իսկ խոսքի ազատության ընկալման ցուցանիշը մարդկանց համար 2024-ին նվազել է մեկ տոկոսով․ 2023-ին ցուցանիշը կազմել է 76 տոկոս, 2024-ին՝ 75 տոկոս։ Նույն ցուցանիշը մեդիայի համար, աճել է 2 տոկոսով՝ 2023-ի 70 տոկոսի փոխարեն դառնալով 72 տոկոս։
Հարցվածների 25 տոկոսը 2023-ին ընդհանրապես համաձայն չի եղել, որ կարող է ազատորեն մասնակցել խաղաղ բողոքի ակցիայի կամ կազմակերպված քաղաքական կամ այլ տեսակի միջոցառումների։ Իսկ 2024-ին այդ կարծիքին է եղել արդեն հարցվածների 40 տոկոսը։ Հարցվածների 84 տոկոսը 2023-ին այն կարծիքին է եղել, որ ատելության խոսքը Հայաստանում մեծ խնդիր է։ 2024-ին այդ կարծիքին է եղել հարցվածների 80 տոկոսը։
Հայաստանում լրատվամիջոցներից օգտվելու օրինաչափությունների ընդհանուր վերլուծությունը, ըստ հետազոտության հեղինակների, ցույց է տալիս կայուն, բայց նաև՝ զարգացող մեդիապատկեր․ «Լուրեր ստանալու և տարածելու համար մարդիկ ավելի ու ավելի են հիմնվում համացանցային աղբյուրների, մասնավորապես՝ սոցիալական ցանցերի վրա։ Տասը անհատից յոթը նախընտրում է նորություններ ստանալ սոցիալական ցանցերի միջոցով, այլ ոչ թե ուղղակիորեն կայքեր այցելելով:
Թեև Ֆեյսբուքը մնում է լուրերի տարածման առաջատար հարթակ, դրա օգտագործումը նվազել է։ Որպես Ֆեյսբուքին այլընտրանք՝ ավելի լայն տարածում է ստանում Ինստագրամը: Այս փոփոխություններն արտացոլում են մեդիայից օգտվելու համաշխարհային միտումներն ընդհանրապես, և ընդգծում են Հայաստանում մեդիայի օգտագործման դինամիկան»:
Հետազոտության հեղինակներն առաջարկում են լրատվամիջոցներին՝ ընդլայնել թվային ներգրավվածության ռազմավարությունները․ «Հաշվի առնելով սոցիալական ցանցերի՝ որպես նորությունների սպառման հիմնական աղբյուրի աճը, մեդիա կազմակերպությունները պետք է ավելի ակտիվ ներդրումներ կատարեն այնպիսի բովանդակություն ստեղծելու և տարածելու ուղղությամբ, որը հարմարեցված է այնպիսի հարթակների համար, ինչպիսիք են Ինստագրամը և այլ զարգացող ցանցերը: Սա ներառում է տեսանկարահանված բովանդակության, պատմությունների և ինտերակտիվ գրառումների օգտագործումը՝ ավելի լայն լսարան ներգրավելու համար»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ