Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ի թիվս այլնի, անդրադարձավ համացանցում տարածված այն տեղեկատվությանը, ըստ որի` Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հողազավթում է կատարել Նոր Նորքում։
«Տեղեկատվություն էր տարածվել, որ հողի ինչ-որ հատված զավթե՞լ են, հարթեցնո՞ւմ են, շինարարություն են իրականացնո՞ւմ…»,-ասաց նա՝ խնդրելով պարզաբանել, թե իրականում ինչի մասին է խոսքը:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը զեկուցեց, որ զավթված հող ներկայացվող տարածքի դիմացի տունը պատկանում է Վիտալի Բալասանյանի ազգականին։ «Նա ունի սեփականության վկայական, եւ տան դիմաց եղել է տարիների ընթացքում կուտակված աղբ։ Որեւէ ծառ կտրված չի եղել այդ հատվածում, միգուցե ճյուղեր կտրված են եղել աշխատանքների ժամանակ։ Այդ հողատարածքի մեջտեղում կա հաստաբուն ծառ, եւ եթե հողը զավթելու համար ծառեր հատված լինեին, այդ ծառը եւս կտրված կլիներ»,-ասաց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը։
Կարդացեք նաև
Նաեւ հավելեց, թե Բալասանյանին զգուշացվել է, որ կառուցապատման աշխատանքներ չկատարվեն, ավելին՝ այդ հատվածում շուրջ 30 ծառ է տնկվելու։
Ի պատասխան` Տիգրան Ավինյանն այսպես արձագանքեց. «Փաստորեն, ոնց հասկանում եմ՝ կառուցապատում ենթադրվում էր»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ