Լրահոս
Օրվա լրահոսը

Ավստրալահայերի հպարտությունն են իրենց վարչապետն ու օպերային սոպրանոն

Հոկտեմբեր 07,2024 13:38

Ավստրալահայ մամուլում վերջին շրջանում հաճախ հանդիպում ենք հետևյալ գրությանը.

«Մեր երկնաւոր Հայրը, այս վերջին տարիներուն, Սիտնիի հայութիւնը օրհնեց երկու հայ դուստրերով: Անոնք են մեր բոլորին սիրելի եւ յարգելի Օր. Կլատիս Պէրեճիքլեան (Gladys Berejiklian), Նոր Հարաւային Ուէլզի (New South Wales)ի վարչապետը, Օր. Նաթալի Արոյեան (Natalie Aroyan – Soprano), Սիտնի Օբերայի գլխաւոր Սոբրանօ երգչուհին: Անոնք իրենց իւրայատուկ ասպարէզներուն մէջ, գերազանցելով ուրիշներուն հասան համաշխարհային մակարդակով ամենաբարձր դիրքերու»:

Մշակութային հետաքրքրության բերումով՝ կենտրոնացանք Նատալի Արոյանի փայլուն գործունեության վրա. նա մեծ նվաճումներ ունի Ավստրալիայում, և ոչ միայն: Իսկ վերջերս հանդես եկավ Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Տոսկայի դերերգով, Պուչինիի համանուն օպերայում, ռեժիսոր Նաիրե Ստեփանյան, դիրիժոր Հարություն Արզումանյան:


Սիդնեյի օպերային թատրոնում շատ սիրված և սպասված երգչուհին Երևանում է օպերային հայտնի երգիչ Գևորգ Հակոբյանի հրավերով, որը ամռանը հանդես էր եկել Սիդնեյի օպերայում, ընդ որում՝ վերոհիշյալ ներկայացման մեջ Նատալի Արոյանի ընկերակցությամբ: Մինչ երգչուհու երևանյան հյուրախաղի արձագանքին անդրադառնալը՝ հակիրճ ներկայացնենք Նատալի Արոյանի գործունեությունը:

«Բեմական զուսպ կեցվածք, ձայնային հարուստ տվյալներ, կատարողական բարձր արվեստ, հմայիչ արտաքին: Այսպիսի հակիրճ բառերով կարելի է ներկայացնել ավստրալահայ համայնքի քաջածանոթ՝ Սիդնեյի օպերային թատրոնի «սոպրանո» մեներգչուհի Նատալի Արոյանին»:

Նատալին ծնվել է Սիդնեյում՝ Լուսի և Սարգիս Արոյանների ընտանիքում: Նա ստացել է կրկնակի բարձրագույն կրթություն՝ Սիդնեյի Կաթոլիկ Համալսարանում՝ բիզնեսի և տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագիտությունների գծով: 2004 -ին Նատալին ընդունվել է Սիդնեյի Կոնսերվատորիա: 2009-ին շարունակել է մասնագիտական կրթությունը Նյու Յորքի Ման Քոլեջում: Նատալին համերգներով հանդես է եկել Նյու Յորքի Քարնեգի հոլ և Վեյլ համերգասրահներում, ճանաչվել միջազգային մի քանի մրցույթների հաղթող: 2013 թվականից Սիդնեյի օպերային թատրոնի մեներգչուհին է, ունի շռնդալից հաջողություններ և հանդիսականի կողմից վայելում է անսահման սեր: Նատալին մշտապես սպասված արվեստագետ է: «Աննկարագրելի, անզուգական, հիասքանչ» երկրպագուները շատ հաճախ են օգտագործում այս բառերը Նատալիին բնորոշելու համար: Ինքը չափազանց համեստ և անկեղծ անձնավորություն է: Գնահատում և սիրում է իր ունկնդրին, մանավանդ հայ ունկնդրին, լի է Հայաստանի համար միշտ լավ բան անելու ցանկությամբ, մասնակցում է հայությանը նվիրված բազում մշակութային արարողությունների:

Ինչ վերաբերում է Ֆլորիա Տոսկայի երգչուհու դերակատարմանը երևանյան «Տոսկա»-ում, փաստենք, որ գործողության հզոր զսպանակը հարուցում են ոչ թե հերոսները, այլ հանգամանքները։ Եվ կարոտի անժամանակ վերադարձից դեպի Սանտա Անդրեա Դելլա Վալեի եկեղեցի, որտեղ Մարիո Կավարադոսին /Տիգրան Հակոբյան / նկարում է իր նշանավոր կտավը, որտեղ թաքնվում է Չեզարե Անջելոտին /Հովհաննես Ներսեսյան/, հենց այդ պահին հայտնվում է Բարոն Սկարպիան /Գևորգ Հակոբյան/` Հռոմի ոստիկանապետը, պարզ է դառնում, որ այս դրվագով է սկսում ամբողջ դրամատուրգիական կառույցը և այդ պահից սկսած՝ գործողությունն անխուսափելիորեն գլորվում է դեպի ողբերգական ավարտ: Տոսկայի հանրահայտ ու սիրված Vissi d’arte` Կարոտի արիան երկրորդ գործողության մեջ և Սկարպիայի հետագա սպանությունը (ըստ էության, դրանք նույն իրադարձության երկու կողմերն են) դառնում են շրջադարձային կետ դեպի գործողությունների եզրափակիչ ողբերգական ավարտը: Հետագա ամբողջ գործողությունը մենք տեսնում ենք կարոտի աչքերով, նրա կոտրված գիտակցության միջոցով, որում թատրոնն ու իրականությունը մեկ ամբողջություն են կազմում: Դա բնական է. ինչը կարող է ավելի մոտ լինել խելագարությանը, քան թատրոնը:

Մեր Օպերային թատրոնում Նատալի Արոյանի բարձրակարգ դերակատարման մասին արտահայտվում են ոչ միայն հանդիսականները, այլև այդ մասին հավաստում են բեմում հանդես եկող իր գործընկերները:

Լուսանկարներում՝ տեսարաններ Երևանյան «Տոսկայից»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031