Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմության այն ներկայացուցիչները, ովքեր խիստ քննադատության են ենթարկում Միքայել սրբազանին՝ ակամայից կրկնում են իշխանության այն վերաբերմունքը, որը ցուցաբերվում է Բագրատ սրբազանի նկատմամբ

Հոկտեմբեր 07,2024 11:50

Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հայտարարություններն առ այն, որ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները իրենց թիմերով պետք է դուրս գան քաղաքականությունից, լուծարեն իրենց կողմից վերահսկվող քաղաքական լծակները և որևէ ազդեցություն չունենան «Սրբազան պայքար» անվանումը ստացած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վրա՝ ինչպես և սպասվում էր, ընդդիմադիր դաշտում հիմնավորված զայրույթ առաջացրեց։

Հատկապես ուզում եմ նշել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան պահանջ-զգուշացումը Միքայել սրբազանին, որտեղ նա մասնավորապես ասում է հետևյալը․ «Պահանջում եմ կամ հանել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայացնող հագուստը և կրել փողկապ ու հանդես գալ որպես քաղաքական գործիչ, վերլուծաբան կամ քաղտեխնոլոգ, կամ վերջ տալ անպատեհ հայտարարություններին։ Այլ պարագայում այլևս հաշվի չեմ առնի ձեր կարգավիճակը և կստանաք ձեր հայտարարություններին համապատասխան քաղաքական պատասխաններ։ Ընտրեք»։

Գենադի Մնացականյան

 

Միանգամից նշեմ, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հենց սկզբից շատ ավելի մեղմ տոնայնությամբ նմանատիպ հորդորներ ես նույնպես հնչեցրել եմ։ Սակայն ես այն հնչեցրել եմ ընդհանրապես բոլոր հոգևորականների առնչությամբ։ Բագրատ սրբազանի հոգևոր կարգավիճակը ինչպես ինքն է ասում «սառեցված» է, սակայն նա շարունակում է հանդես գալ որպես հոգևորական և մշտապես կրում է, ՀՀԿ ներկայացուցչի բնութագրմամբ, «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայացնող հագուստը» և այդ զգուշացումը պետք էր ուղղել նաև մյուս հոգևորականներին, ովքեր կատարում են որոշ դեպքերում՝ անպատասխանատու քաղաքական հայտարարություններ։

Կարծում եմ, Միքայել սրբազանը շարունակելու է իր արտահայտած միտքը զարգացնել, որքան էլ, որ սպառնալիքներ ու զգուշացումներ հնչեցվեն։ Միևնույն ժամանակ, չեմ կարծում, որ նա այդ համարձակ հայտարարությունը արել է իշխանություններին հաճոյանալու համար։ Բագրատ սրբազանը նույնպես անտեսում է բազմաթիվ հորդորներն ու զգուշացումները, որոնք հնչեցվում են մասնավորապես իշխանական թևի քարոզիչների կողմից և շարունակում է իր տեսակետները տարածել։

Ի տարբերություն Բագրատ սրբազանի՝ Միքայել սրբազանը գործող հոգևորական է և հանդիսանում է նաև որպես Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ։ Ընդդիմության այն ներկայացուցիչները, ովքեր արդեն սկսել են խիստ քննադատության ենթարկել Միքայել սրբազանին ու թաքնված կամ բացահայտ սպառնալիքներ են հնչեցնում՝ ակամայից կրկնում են իշխանության այն վերաբերմունքը, որը ցուցաբերվում է Բագրատ սրբազանի նկատմամբ, ով, ի դեպ, շատ ճիշտ արձագանքեց Միքայել սրբազանի վերը նշած հայտարարությանը՝ դատապարտելով իր աջակիցների կողմից խիստ ու կոպիտ քննադատությունները սրբազան հոր հասցեին, սակայն, կարծում եմ, նույնը պետք էր անել նաև Աբրահամ սրբազանի պարագայում, երբ նա շատ ավելի ծայրահեղ ձևով շարժման աջակիցների կողմից քննադատվեց Ազգային Ժողովի նախագահին թեմում դիմավորելու համար։ Այստեղ անհարկի երկակի ստանդարտ է կիրառվել։

Ինչո՞ւ է ընդդիմությունը կարծում, թե իշխանությունը անվերջ պետք է հանդուրժի որևէ հոգևորականի անհանդուրժող քննադատությունները և ամեն անգամ նրան պատասխանի հարգանքով ու պատկառանքով, ինչպես վայել է վերաբերվել հոգևորականին։ Միքայել սրբազանը դեռ մեկ անգամ է ընդդիմության համար ոչ ընդունելի հայտարարություն արել և արդեն սրբազան հորը ինչ ասես ասացին, ուրեմն էլ ինչո՞ւ եք իշխանություններին քննադատում նրա համար, որ Հայ Առաքելական եկեղեցու կողմից քաղաքականությամբ զբաղվելու համար գծված կարմիր գծերը հատած հոգևորականը, ով ամենօրյա ռեժիմով լուտանքներ է թափում իշխանությունների գլխին՝ նրանց կողմից արժանանում է պարսավանքի կամ մեղադրանքի։

Ես չեմ խոսում նրա մասին, թե Միքայել սրբազանը ճիշտ դիտարկում է կատարել կամ սխալ, կամ Բագրատ սրբազանը արդարացի է քննադատում իշխանություններին կամ անարդարացի՝ դա իրենց անձնական դիրքորոշումներն են, սակայն երկակի ստանդարտներից խուսափելու համար արդարացի կլինի, եթե ընդդիմությունը խորհուրդ տա նաև Բագրատ սրբազանին «փողկապ կապել» ու հետո քաղաքականությամբ զբաղվել։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031