Լրահոս
Օրվա լրահոսը

«COP29-ին ընդառաջ հայ ռազմագերիների ազատ արձակման հավանականություն տեսնում եմ. արեւմտյան քաղաքական շրջանակներն ակտիվ գործողություններ են նախաձեռնել»

Հոկտեմբեր 07,2024 13:00

«Առավոտի» զրուցակիցն է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը։

-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցված ելույթում խոսք չկար Արցախի բռնազավթման, արցախցիների էթնիկ զտման մասին։ Համամի՞տ եք Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, որ Հայաստանի ժողովուրդն ուզում է այն, ինչ ինքը խոսել է ՄԱԿ-ի ամբիոնից։

– Փաշինյանն ասել է այն, ինչ շահեկան եւ կարեւոր է համարել անձնապես։ Իր պաշտոնեական դիրքն իրեն թույլ է տալիս ասել, որ խոսում է Հայաստանի ժողովրդի անունից եւ արտահայտում է այն մտքերն ու գաղափարները, որոնք իր հետ կիսում է ՀՀ քաղաքացիների մեծ մասը։ Այս մոտեցման ճշմարտացիությունը մերժող կամ ժխտող տեսակետներ նույնչափ ճշմարիտ են այն տարբերությամբ, որ դրանց հեղինակները ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալու հնարավորություն այս պահին չունեն։

– Սահմանադրական դատարանը (ՍԴ) որոշել է,  որ սահմանազատման կանոնակարգը համապատասխանում է Սահմանադրությանը, ի՞նչ գնահատական կտաք այս որոշմանը։

– Ես չեմ կարող իրավական գնահատական տալ այս որոշմանը, քանի որ ինքս իրավաբան չեմ եւ ճիշտ չի լինի, որ խոսեմ մի թեմայից, որին մասնագիտորեն չեմ տիրապետում։ Այլ հարց է, որ ՍԴ տվյալ որոշումը լիովին ներդաշնակ է օրվա իշխանության կողմից վարվող քաղաքականությանը եւ լուրջ հենարան կլինի ՀՀ կառավարության հետագա քայլերի իրավական հիմնավորման համար, եթե Հայաստանի իրավագետներն ընդհանուր ջանքերով ձեւակերպված ծանրակշիռ հակափաստարկներով չկարողանան այդ որոշման շուրջ համատարած մերժման մթնոլորտ ձեւավորել հասարակության մեջ ու մասնագիտական հանրույթի շրջանակներում։

-Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ խեղաթյուրանք համարեց այն հայտարարությունները, թե Հայաստանը ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի փաստաթղթում, ինչ-որ մի ժամանակ համաձայնել է, որ իր սուվերեն տարածքում պետք է երրորդ երկրները հաղորդակցության անվտանգություն ապահովեն։ Ի՞նչ երաշխիքներ եք տեսնում, որ ՀՀ իշխանությունն այս դիրքորոշումից հետ չի կանգնի եւ չի գնա զիջումների՝ իրավիճակից ելնելով։ Ընդդիմությունն այս առումով վտանգներ ու ռիսկեր է տեսնում։

– Հանգամանքների անհաղթահարելի ճնշման տակ կարող են ընդունվել շատ վիճելի կամ անընդունելի որոշումներ։ Այդուհանդերձ, պետք է նկատի ունենանք, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, պետականության պահպանման պատրվակով է վարչապետ Փաշինյանը հանձնել Արցախն Ադրբեջանին։ Ուստի, հանուն ինքնիշխանության պահպանման այդչափ ծանր գին վճարած Փաշինյանը դժվար թե նոր համոզիչ փաստարկներ գտնի երկրի տարածքի որեւէ մաս օտարների լիակատար վերահսկողությանը հանձնելու համար։ Բոլոր դեպքերում ժամանակներն ու մարդիկ այնպիսին են, որ ցանկացած տարբերակ տեսականորեն հնարավոր է։

-Այն, ինչ կատարվեց երկու օր առաջ՝ Հանրային հեռուստաընկերությունում,  ի՞նչ ուղղությամբ կարող է փոխել Սրբազան շարժման ուղղությունը։

– Դեռեւս վաղ է այս առումով կանխատեսումներ անելը։ Շարժումը խորհրդանշական հաջողության հասավ՝ շարժման առաջնորդը Հ1-ի ուղիղ եթերում հայտարարությամբ հանդես գալու հնարավորություն ստացավ, ինչը նաեւ առիթ տվեց ասելու, որ Շարժման առջեւ ոչ մի դուռ չի կարող փակ մնալ։ Մյուս կողմից էլ իշխանությունները, Բագրատ սրբազանին եթեր տրամադրելով, ակնարկեցին, որ վերջինիս խոսքը ծանրակշիռ քաղաքական գործոն չեն համարում, լուրջ չեն վերաբերվում դրան։ Մի խոսքով, փոխադարձ վերաբերմունքը եթերում պարզելու արար էր, որը գոնե իմ մոտ տհաճ զգացողություններ առաջացրեց։

-Վտանգներ տեսնո՞ւմ եք, որ COP29-ը կաշխատի Ադրբեջանի միջազգային հեղինակության բարձրացման ուղղությամբ եւ արդյոք տեսնո՞ւմ եք հնարավորություն այս համաժողովին ընդառաջ հայ ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ։

– Հայ ռազմագերիների ու Բաքվի բանտում պահվող հայազգի այլ անձանց ազատ արձակման հավանականություն տեսնում եմ, առավել եւս, որ արեւմտյան տարբեր քաղաքական շրջանակներ այս ուղղությամբ ակտիվ գործողություններ են նախաձեռնել։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի վարկի աճին, ապա ժամանակակից աշխարհում ամեն ինչի հարգը լավ հայտնի է։ Ադրբեջանի գործընկերների համար գաղտնի բան չկա, լավ գիտեն, թե ում հետ գործ ունեն եւ այդքանով հանդերձ շարունակում են Բաքվի հետ համագործակցել։ Քննադատում եւ համագործակցում են։ Մենք պետք է դիտարկենք, վերլուծենք Ադրբեջանի հետ կապված միջազգային գործընկերների շահերի ողջ համակարգը։ Այդ դեպքում է, որ առեւտրի առարկայից գուցե կարողանանք վերածվել առեւտրի մասնակցի։

-Եվրաքվեի շրջանակում 15 օրերի ընթացքում 27560 ստորագրություն է հավաքվել։ Դուք տեսնո՞ւմ եք հայ հասարակության շրջանում մեծ զանգվածների հակվածություն դեպի Եվրաինտեգրում, դեպի ՀՀ-ի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության տրամադրվածություն ու պահանջ։

– Ես տեսնում եմ, որ կան քաղաքական ուժեր, որոնք եվրաինտեգրման լոբբինգ են իրականացնում Հայաստանում եւ փորձում հարցի ակտիվ անհատ աջակիցների խմբավորում ձեւավորել։ Սա ինքնին դրական եմ գնահատում, քանի որ այլընտրանքային քաղաքական մտածողության սաղմեր գոյավորելու միջոց է։ Միաժամանակ, այս համատեքստում, մասնագիտական տեսանկյունից պատասխաններ ակնկալող մի շարք խնդիրներ եմ տեսնում։ Իրականությունը բազմաշերտ է եւ կարիք ունի ոչ այնքան կողմնորոշման՝ ըստ ուղղության, որքան խորքային յուրացման, դրա շերտերի բացահայտման։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.10.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031