Կամ՝ Ֆլամանդական օրագիր
Բելգիայի գեղեցկագույն քաղաքներից մեկը Անտվերպենն է՝ Ֆլանդրիայի Անտվերպեն մարզի վարչական կենտրոնը: Այն նաեւ խոշորագույն նավահանգիստ է: Այստեղ բազմաթիվ գեղեցիկ վայրեր կան՝ շինություններ, թանգարաններ, տաճարներ, որոնք գրավում են զբոսաշրջիկներին: Անտվերպենը հետաքրքիր գաստրոնոմիկ կենտրոն է: Այս քաղաքում է գտնվում աշխարհի ամենագեղեցիկ կայարաններից մեկը: Նորակառույց շենքերը շատ ճաշակով ներդաշնակված են հնի հետ:
Որոշակի օրերի քաղաքի Vrijdagmarkt հրապարակում հնաոճ ապրանքներ են վաճառվում, որոշներն ուղղակի հին իրեր են, որոնցից տերերը հոգնել են: Ափսոս, հնարավոր չեղավ այցելել Ռուբենսի տուն-թանգարան, քանի որ այն վերանորոգման մեջ էր:
Կարդացեք նաև
Տարբեր շրջաններում Անտվերպենը եղել է իսպանացիների, հոլանդացիների, ֆրանսիացիների տիրապետության ներքո, սակայն դա չի խանգարել, որ 19-րդ դարի վերջին այստեղ բացվի հենց ֆլամանդական օպերա: Իսկ ընդհանրապես առաջին օպերային ներկայացումն Անտվերպենում խաղացել են 1661թ.-ին:
Անտվերպենի օպերայի ներկայիս շենքի հիմնարկեքը կայացել է 1904թ., իսկ բացումը՝ 1907-ին: Այն նեոբարոկկյան ոճի շինություն է, որը հիշեցնում է Լյուդովիկոս 16-րդի գահակալության ժամանակները:
Օպերայի շենքը վերանորոգվել է 2007-ին՝ հիմնադրման 100-ամյակի առիթով: Վերջերս այստեղ հնարավորություն ունեցա վայելելու Պուչինիի լավագույն ստեղծագործություններից մեկը՝ «Մադամ Բաթերֆլայ» օպերան, որը ժամանակին բեմադրվել է նաեւ «Չիո-Չիո-Սան» վերնագրով: «Մադամ Բաթերֆլայի» բելգիական մեկնաբանությունն առանձնանում էր բեմական կոստյումների եւ դեկորների մինիմալիզմով, ինչից բնավ չէր տուժում բարձրակարգ ներկայացումը: Ի դեպ, ներկայացման ժամանակ անգլերեն եւ նիդեռլանդերեն լուսագրերով ներկայացվում էր ոչ միայն լիբրետոն, այլեւ ունկնդրին տեղեկացնում էին քաղաքում սպասվող գործադուլների մասին:
Անտվերպենի հետաքրքիր՝ տարբեր մշակույթներ ներկայացնող թանգարաններից է MAS-ը: Շենքի տանիքին տարբեր անկյուններից կարելի է դիտել Անտվերպենն իր ողջ հմայքով: Բելգիացիների համոզմամբ, MAS-ի շնորհիվ կարելի է ճանաչել Անտվերպենը աշխարհի համատեքստում, եւ աշխարհը՝ Անտվերպենով:
Հնարավոր չէ գալ Անտվերպեն ու չայցելել 14-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածամոր տաճարը: Այն քաղաքի մայր տաճարն է: Ի թիվս այլ անվանի նկարիչների գործերի, այստեղ են գտնվում բարոկկո ոճի գեղանկարչության ֆլամանդական դպրոցի հիմնադիր Ռուբենսի կտավները:
Տաճարի հարեւանությամբ Նելլո անունով փոքրիկ տղայի ու Պատրաշ անունով շան բարեկամությունը փաստող արձանն է, որի մոտ մշտապես զբոսաշրջիկներ են հավաքված եւ սպասում են իրենց նկարվելու հերթին: Արձանը կանգնեցվել է 2016թ.: Ըստ ավանդության՝ նկարչությամբ տարված Նելլոն երազում էր տեսնել մայր տաճարում պահվող՝ Ռուբենսի նկարները, սակայն այդպես էլ չկարողացավ իրականացնել երազանքը: Նրան եւ շանը մի օր սառած ու մահացած գտան:
Անտվերպենի խորհրդանիշներից է շատրվան-հուշարձանը՝ նվիրված Բրաբոյին, որը գտնվում է Գրոտե Մարկտ գեղեցիկ հրապարակում, քաղաքապետարանի շենքի առաջ: Ըստ լեգենդի, Բրաբոն հաղթել է չարիքի մարմնացում հսկա հրեշին, կտրել նրա ձեռքը, որպեսզի նետի գետի մեջ:
Անտվերպենի Մայր տաճարից ոչ հեռու գտնվում է «11-րդ պատվիրան» կամ ինչպես տեղացիներն են ասում՝ Elfde Gebod սրճարանը: Բելգիացիները, թերեւս, 11-րդ պատվիրանը հորինել են համեղ ուտելու եւ խմելու համար: Թեեւ այս սրճարանում հոգեւոր թեմաներով սրբապատկերներ ու արձանիկներ կան, սակայն ներսում տիրող մթնոլորտն ամենեւին կապ չունի հոգեւորի ու ժուժկալության հետ: «11-րդ պատվիրանում» համեղ ուտեստների ու խմիչքների հրավառություն է:
Ընդհանրապես, արդեն 500 տարի Անտվերպենը կրում է աշխարհի ադամանդային մայրաքաղաքի տիտղոսը: Այս քաղաքի բորսաներով է անցնում ողջ աշխարհի չմշակված ադամանդների 80 տոկոսը: Անտվերպենի Diamond Quarter կոչվող թաղամասում գործում են շուրջ 2000 ադամանդագործական ընկերությունների գրասենյակներ եւ ներկայացուցչություններ ամբողջ աշխարհից: Բայց ինչպես ասում են՝ այս ամենը ուրիշ օպերայից է, եւ մեկ այլ առիթով կանդրադառնանք:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Անտվերպեն-Երեւան
«Առավոտ» օրաթերթ
05.10.2024